Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանում՝ դատավոր Աննա Դանիբեկյանի նախագահությամբ ընթացող ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի և Արմեն Գևորգյանի գործով դատական նիստի ընթացքում Արմեն Գևորգյանի պաշտպան Լուսինե Սահակյանը միջնորդություն ներկայացրեց Արմեն Գևորգյանի՝ ՀՀ-ի ժամանակավորապես բացակայելու վերաբերյալ: Աննա Դանիբեկյանն ասաց, որ այն կքննարկվի այս դատական նիստի ընթացքում, սակայն ապացույցների հետազոտման փուլից հետո:
Լուսինե Սահակյանը հայտարարեց. «Չգիտեմ՝ ինչով է պայմանավորված, որ մեր միջնորդությունները հետաձգվում են օրվա վերջի քննարկման: Մենք ունենք ևս երկու միջնորդություն, որն անհապաղ քննարկման ենթակա է. Արմեն Գևորգյանի նկատմամբ քրեական հետապնդման դադարեցման վերաբերյալ` պայմանավորված այն հանգամանքով, որ միջնորդությունը, որի մասին խոսեցինք, պետք է քննարկվի անպայման այս դատական նիստին, քանի որ հաջորդին չի կարող քննարկվել. Արմեն Գևորգյանը հունիսի 19-ից է նախատեսում ճամփորդությունը, մենք այս միջնորդությունը մինչ դա չէինք ներկայացրել, քանի որ դատարանն այս միջնորդությունը քննարկելիս պետք է հեռանար խորհրդակցական սենյակ, և չգիտեինք՝ երբ կվերադառնար, այդ դեպքում կվտանգվի ճամփորդությունը: Ուստի միջնորդում եմ, որ Արմեն Գևորգյանի՝ երկրից ժամանակավոր բացակայության միջնորդությունը քննարկի, որից հետո մենք պատրաստվում ենք ներկայացնել միջնորդությունը, որի մասին ասաց»:
Աննա Դանիբեկյանն ի պատասխան ասաց, որ միջնորդությունը կքննարկվի ավելի ուշ՝ ապացույցների հետազոտումից հետո:
Լուսինե Սահակյանը վրդովվեց, թե չկա ընթացակարգ, որ դատարանը պետք է որոշի, թե միջնորդությունը երբ պետք է քննարկի: Ըստ նրա՝ որևէ տրամաբանություն չկա, որ հիմա պետք է դատարանը քննարկի ապացույցը, հետո միջնորդությունը ու ասաց. «Կարող է՞ մենք հիմա այստեղ պատանդի կարգավիճակ ունենք Ձեզ մոտ»:
Կարդացեք նաև
Աննա Դանիբեկյանը վստահեցրեց՝ միջնորդությունների քննարկմանը բավարար ժամանակ կտրամադրի:
ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի պաշտպան Հայկ Ալումյանն ասաց՝ միջնորդության քննարկման հետաձգումը ցույց է տալիս, որ դատարանը որոշել է միջնորդությունը մերժել:
Լուսինե Սահակյանը միջնորդեց նիստն անցկացնել դռնփակ:
Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ