Լրահոս
Օրվա լրահոսը

Ավրորա Մարտիկանյանի հետ իրականացրած հարցազրույցի հիման վրա նկարահանվել է ֆիլմ, որն այժմ մասնակցում է Էննեսի միջազգային կինոփառատոնին

Հունիս 14,2022 13:58

«Արշալույսի լուսաբացը» պատմական անիմացիոն վավերագրական ֆիլմ է Ավրորա Մարդիգանյանի (Արշալույս Մարտիկանյանի) կյանքի մասին։ 1915 թվականին ընդամենը 14 տարեկանում Ավրորան առերեսվել է Հայոց ցեղասպանության սարսափներին։ Մեկ տարվա ընթացքում, ականատես լինելով իր ընտանիքի բոլոր անդամների մահվանը՝ Ավրորան կորցրել էր ամեն ինչ եւ վաճառվել թուրքական հարեմ։ Սակայն իր բացառիկ խիզախությամբ եւ հաջողությամբ նա կարողացավ փախչել Ամերիկա, որտեղ իր պատմությունը դարձավ սենսացիա:

Այս ֆիլմով Զորյան ինստիտուտի նպատակն է ներկայացնել ինստիտուտի՝ Հայոց ցեղասպանության բանավոր պատմության հավաքածուի վկայությունները մեծ էկրանին՝ անիմացիոն վավերագրական ֆիլմերի միջոցով, փոխանցել Ցեղասպանությունից վերապրածների պատմությունները երիտասարդ սերունդներին՝ հատկապես աղջիկներին, հզորացնել նրանց, եւ ներկայացնել իրենց նախնիներին՝ մեծ դժբախտությունների եւ բռնությունների պայմաններում:

2015 թվականին՝ Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին, Զորյան ինստիտուտը համագործակցության պայմանագիր կնքեց Հայաստանում գործող «Բարս Մեդիա» մշակութային հիմնադրամի հետ՝ Ա. Մարդիգանյանի վկայության հիման վրա անիմացիոն վավերագրական ֆիլմ ստեղծելու նպատակով։ «Արշալույսի լուսաբացը» ֆիլմը կյանքի կոչվեց «Հայաստանի Զորյան ինստիտուտ» հետազոտությունների եւ զարգացման միջազգային հիմնադրամի (հետայսու՝ ՀԶԻ) պատասխանատուների գիտական աջակցությամբ եւ հիմնված է ՀԶԻ-ի՝ Հայոց ցեղասպանության բանավոր պատմության արխիվում պահվող հարցազրույցի վրա (Զորյան ինստիտուտը հարցազրույցն իրականացրել է 1984 թվականի հունվարի 29-ին)։

Ֆիլմի ռեժիսորն է Իննա Սահակյանը։ Ֆիլմը նկարահանվել է Վարդան Հովհաննիսյանի կողմից ղեկավարվող Բարս Մեդիայի, Gebrueder Beetz Filmproduktion & Artbox Laisvalaikio Klubas-ի կողմից, Eurimages-ի, Հայաստանի Զորյան ինստիտուտի եւ Հայաստանի ազգային կինոկենտրոնի ֆինանսական համագործակցությամբ, եւ Lithuanian Film Center, ZDF/ARTE, Հայաստանի հանրային հեռուստաընկերության եւ LRT աջակցությամբ։

Զորյան ինստիտուտը խանդավառված է, որ Հայոց ցեղասպանության բանավոր պատմության նախագծի մեկնարկից 40 տարի անց, որի շրջանակներում հավաքագրվել է 1915 թվականի Հայոց ցեղասպանությունը վերապրածների վկայություններ 4 մայրցամաքներում, այսօր Ցեղասպանությունը վերապրածների ծոռները կարող են ծանոթանալ իրենց նախնիների կյանքին ցեղասպանությունից առաջ, ընթացքում եւ ցեղասպանությունից հետո մի ֆիլմի միջոցով, որը ներդաշնակորեն միահյուսում է Զորյան ինստիտուտի «Ավրորա»-ի հետ իրականացրած բացառիկ հարցազրույցի կադրերը եւ «Բարս Մեդիա»-ի եւ վերջինիս գերմանացի եւ լիտվացի համաարտադրողների ստեղծած փայլուն անիմացիան, ինչպես նաև տեսարաններ 1919 թվականի «Հոգիների աճուրդը» համր ֆիլմից (ֆիլմ՝ Ավրորա Մարդիգանյանի մասնակցությամբ, որը պատրաստել էր Մերձավոր Արեւելքում ամերիկյան օգնության կոմիտեն (Near East Relief)):

Մեծ հարգանքի են արժանի Զորյան ինստիտուտի հիմնադիրները եւ անձնակազմը, ովքեր դեռեւս 1980-ական թվականների սկզբին մշակեցին եւ իրականացրեցին Հայոց ցեղասպանության բանավոր պատմության նախագիծը։ Ծրագրին մասնակցեց 70-ից 90 տարեկան ավելի քան 780 մասնակցից վերապրող, հավաքագրվեց մոտ 3000 ժամ բանավոր պատմության վկայություններ։ Նախագիծը նաեւ հսկայական ֆինանսական ներդրումներ պահանջեց՝ միայն տեսանկարահանող սարքավորումների արժեքն այսօրվա գումարով կկազմեր շուրջ կես միլիոն ամերիկյան դոլար։ Եվրոպայում, Մերձավոր Արեւելքում եւ Հյուսիսային Ամերիկայում հարցազրույցների անցկացման համար ներգրավված էր նաեւ մեծ աշխատանքային խումբ։ Կիրառվել է շուրջ 100 հարցից բաղկացած միատեսակ հարցաթերթ, որը մշակել էր Զորյան ինստիտուտի՝ գիտության տարբեր բնագավառները ներկայացնող մասնագիտական թիմը։ Այս հարցաթերթով ինստիտուտը կարողացավ Ցեղասպանությունից առաջ, ընթացքում եւ հետո սոցիալական, տնտեսական, քաղաքական, մշակութային կյանքին եւ դրանց վերաբերյալ ընդհանրություններն ու օրինաչափությունները բացահայտող տեղեկություններ հավաքագրել։ Հայոց ցեղասպանության բանավոր պատմության նախագիծը սկսելուց ի վեր՝ ինստիտուտը շարունակաբար եւ համակարգված աշխատանք է կատարել՝ պաշտպանելու, թվայնացնելու եւ ինդեքսավորելու իր՝ ավելի քան 780 բանավոր պատմության վկայություններով արխիվային հավաքածուն՝ ապահովելով նկարահանումների որակը՝ պահպանելու եւ դրանք օգտագործելի դարձնելու համար այնպիսի ֆիլմերում՝ ինչպիսին է «Արշալույսի լուսաբացը»։

«Արշալույսի լուսաբացը» ֆիլմի համաշխարհային պրեմիերան տեղի է ունենում այս շաբաթ Ֆրանսիայում՝ Էննեսիի միջազգային հեղինակավոր անիմացիոն ֆիլմերի փառատոնում: Էննեսին մեկ շաբաթ տեւողությամբ համաշխարհային փառատոն է, որը համախմբում է անիմացիայի ամենամեծ անունները՝ ներկայացնելով անիմացիայի ստեղծագործական եւ բազմազան ոճերն ու տեխնիկան։
Այժմ՝ շուրջ 40 տարի անց, ինստիտուտի երազանքը՝ օգտագործելու կինոյի հսկայական ուժը՝ ապագա սերունդներին իրենց համամարդկային պատմության հետ կապելու եւ ցեղասպանություն երևույթի մասին իրազեկությունը բարձրացնելու համար, իրականություն է դարձել։ Այս երազանքն իրականություն է դարձել Զորյան ինստիտուտի ընկերների բարեգութ աջակցությամբ։ Բացի Հայոց ցեղասպանության բանավոր պատմության նախագծի սկզբնական արժեքից, «Արշալույսի լուսաբացը» ֆիլմն ուներ ավելի քան 1,000,000 ԱՄՆ դոլար բյուջե, և սա միայն Հայոց ցեղասպանությունը վերապրածների այս անգնահատելի պատմությունների վերհանման սկիզբն է:

Հայաստանի ամերիկյան համալսարանի հետ համագործակցությամբ ներկայումս իրականացվող տառադարձման եւ թարգմանության շարունակական ծրագրի շնորհիվ՝ այս պատմություններն ավելի հասանելի կդառնան գիտնականներին, կինոգործիչներին, հեղինակներին, հաստատությունների եւ դպրոցների ներկայացուցիչներին ողջ աշխարհով մեկ, ովքեր ցանկանում են օգտագործել այս պատմությունները՝ որպես կրթադաստիարակչական նյութեր՝ հանդուրժողականությունն ու փոխըմբռնումը, որն անհրաժեշտ է այսօրվա աշխարհում, առավել քան երբևէ ընկալելի դարձնելու համար։

«Հայաստանի Զորյան ինստիտուտ» հետազոտությունների եւ զարգացման միջազգային հիմնադրամ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930