ՔՊ պատգամավոր Նարեկ Գրիգորյանը խորհրդարանում հայտարարել էր. «Այն մարդիկ, ովքեր այս պահին դրսում պայքարում են, չեն պայքարում Արցախի, ՀՀ-ի եւ հայ ժողովրդի համար, այլ պայքարում են իրենց ունեցվածքը պահելու համար։ Ինչ-որ «մալյոկ» հայտարարում է, թե իբրեւ ՔՊ-ն չունի իշխանություն: Մենք ամեն օր շրջում ենք մարզերում, եկեք տեսեք, որ այդ «մալյոկին» չեն հասցրել, որ ինքը լիդեր չի կարող լինել, որովհետեւ իրեն ժողովուրդը ուղղակի չի ընդունում… Հայտարարում է, թե պատերազմի ժամանակ արել է այնքան, որ չեն արել ՔՊ-ի բոլոր անդամները, ուրեմն հայտարարեմ, որ 44-օրյա պատերազմի ժամանակ հոկտեմբերի 20-ին Սաղաթելյան ազգանունով մեկին բերեցին իմ ջոկատ, նրա անունը Վաչիկ Սաղաթելյան էր՝ Իշխան Սաղաթելյանի հայրը, ով խնդրում էր, թողնեմ տուն գնա, որովհետեւ հիվանդ է՝ ասելով, թե իր տղաները կգան ու կմասնակցեն, գնաց ու տղաներից ոչ ոք չեկավ ու չեմ կարծում, որ մեկ օր գնացել են»:
Արձագանքելով ՔՊ-ականին՝ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Ագնեսա Խամոյանն ասել էր, որ Նարեկ Գրիգորյանը ինքնավնասում է արել, կտրել է դաստակի երակները ու բանակից ազատվածն ինչպե՞ս կարող է ջոկատ ղեկավարել։
Այսօր ԱԺ-ում լրագրողները Նարեկ Գրիգորյանին հարցրեցին՝ ճի՞շտ է, որ երակները կտրել է՝ նա պատասխանեց. «Մի երկու անգամ դա հերքել եմ, անբարո սուտ է»:
Կարդացեք նաև
Հարցին՝ դուք ծառայե՞լ եք բանակում, ի՞նչ հիմքով եք ազատվել բանակից՝ նա պատասխանեց. «Մի քանի անգամ ասել եմ»:
Պատգամավորը վստահեցրեց, որ 44-օրյա պատերազմի ժամանակ էլ «Գեղարքունիք» ջոկատն է ղեկավարել, առաջին վաշտի հրամանատարն է եղել: Թե ի՞նչ մարտական խնդիր է կատարել, ո՞ր հատվածում է եղել՝ Գրիգորյանն ասաց. «Քարվաճառում»:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ