Լրահոս
Օրվա լրահոսը

Կներկայացվի աշխարհի ամենաերկար տոլման՝ 150 մետր երկարությամբ

Հունիս 14,2022 13:39

Հունիսի 19-ին «Զվարթնոց» պատմամշակութային արգելոց-թանգարանի տարածքում կանցկացվի Տոլմայի 11-րդ համահայկական փառատոնը։

President of the Development and Preservation of Armenian Culinary Traditions NGO Sedrak Mamulyan, president of the Armenian Tourism Federation Mekhak Apresyan and Ani Nazaryan gave a press conference at the Sputnik Armenia press center

Sputnik Արմենիայի մամուլի կենտրոնում փառատոնի առիթով հրավիրված ասուլիսում Հայաստանի զբոսաշրջության ֆեդերացիայի նախագահ Մեխակ Ապրեսյանը նշեց, որ փառատոնը ավանդական է դարձել, եւ ի թիվս այլնի՝ այն նպաստում է մեր զբոսաշրջային արդյունքի բազմազանեցմանը, փառատոնը հյուրընկալող եւ շրջակա համայնքների տնտեսական ակտիվության բարձրացմանը, հայկական պատմամշակութային ժառանգության պատշաճ ներկայացմանն ու հանրահռչակմանը:

«Այս տարի եւս մեր հյուրընկալ դռները կբացենք՝ թե մեր սիրելի հայրենակիցների, թե միջազգային զբոսաշրջիկների առաջ՝ ներկայացնելու մեր հրաշալի խոհանոցը եւ մշակույթը »,-ասաց Հայաստանի զբոսաշրջության ֆեդերացիայի նախագահը:

Նրա խոսքով, Զվարթնոցի տաճարն իր շուրջը կհավաքի ինչպես տեղական, այնպես էլ միջազգային զբոսաշրջիկների, բիզնեսի ներկայացուցիչների, լրագրողների. «Այս կարգի միջոցառումները շատ կարեւորվում են հետկորոնավիրուսային եւ հետպատերազմյան իրավիճակում՝ այս պայմաններում, երբ տարածաշրջանում անկայուն վիճակ է, նկատի ունեմ՝ ուկրաինական ճգնաժամը: Մենք շատ նրբորեն ներկայացնում ենք համաշխարհային հանրությանը եւ զբոսաշրջային շուկային, որ չնայած այս ամենին՝ Հայաստանում անվտանգ է, մեր երկիրը գրավիչ է զբոսաշրջիկների համար:

Ընդ որում, ոչ թե խոսքով ու հայտարարություններով, այլ իրականության մեջ մարդիկ կտեսնեն, թե ինչպիսին է Հայաստանը, թե ինչպես են տեղացի եւ արտասահմանցի զբոսաշրջիկները երջանիկ եւ խաղաղ շրջում Երեւանում եւ Հայաստանի տարբեր մարզերում՝ վայելելով իրենց՝ Հայաստանում գտնվելը»:

President of the Development and Preservation of Armenian Culinary Traditions NGO Sedrak Mamulyan, president of the Armenian Tourism Federation Mekhak Apresyan and Ani Nazaryan gave a press conference at the Sputnik Armenia press center

Հայ խոհարարական ավանդույթների զարգացման և պահպանման հասարակական կազմակերպության նախագահ Սեդրակ Մամուլյանի ձեւակերպմամբ, փառատոնը հերթական տոնն է. «Այն մեկտեղում է մարդկանց, որոնք հետամուտ են մեր ազգային ինքնության, մշակույթի զարգացմանն ու պահպանմանը: Խոհարարական միջոցառումները որպես զբոսաշրջային արդյունք՝ աշխարհում մեծ թափ են հավաքում: Ուրախալի է, որ մենք ոչ միայն հետ չենք մնում, այլեւ նորանոր ձեւեր, միջոցներ եւ թեմաներ ենք գտնում՝ ներկայանալու համար: Նման հնարավորություն մեր բազմազան եւ բազմահամ խոհանոցը տալիս է: Այսպիսի տոները ուրախության աղբյուր են, եւ այդ ուրախությունը մենք ուզում ենք սփռել, բաժանել մեր բոլոր հայրենակիցներին, նաեւ մեր երկիր այցելած զբոսաշրջիկներին: Միջոցառումն իրականացվում է 11-րդ անգամ, եւ ինչպես նախորդ 11 անգամներն է ունեցել յուրահատկություն, նորարարություններ են եղել, տոլմաների նոր տեսակներ են ավելացել, այս տարին էլ բացառություն չի լինի այդ առումով»:

Տոլմայի փառատոնի համակարգող Անի Նազարյանն ասաց, որ այս տարի փառատոնը որոշել են մի քիչ ավելի բազմազան դարձնել, ավելացրել են տարբեր վարպետաց դասեր, զբոսաշրջիկները հնարավորություն կունենան սովորել կավագործություն, պար, լավաշ թխել ու փախլավա պատրաստել: Նախատեսված է նաեւ երաժշտական գեղեցիկ ծրագիր՝ հայտնի խմբերի մասնակցությամբ։ Անի Նազարյանը տեղեկացրեց, որ այս տարի ներկայացվելու է աշխարհի ամենաերկար տոլման՝ 150 մետր երկարությամբ, շուրջ 30 տաղավարներում կլինեն տոլմայի տարբեր տեսակներ՝ նաեւ կարտոֆիլով, կանեփով, սագի ու ձկան:

60 եւ ավելի տեսակի տոլմաների ցուցադրություն է սպասվում, որոնք հյուրերը կարող են համտեսել: Միջոցառումը ունի նաեւ մրցութային մաս՝ 30 տաղավար կմրցեն՝ լավագույն համ, լավագույն տեսք եւ լավագույն մտահղացում, ինչպես նաեւ բացարձակ հաղթող անվանակարգերի համար:

 Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

Լուսանկարները՝ Տոլմայի համահայկական փառատոնի ֆեյսբուքյան էջից:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930