Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորած կառավարական պատվիրակության՝ Կատարի Պետություն այցի շրջանակում ՀՀ ԿԳՄՍ նախարարության աջակցությամբ հունիսի 14-ին Կատարի ազգային գրադարանում բացվելու է «Արաբերեն հաղորդագրություններ Հայաստանից. ժառանգություն՝ մշակութային երկխոսության համար» խորագրով ժամանակավոր ցուցադրությունը:
Ցուցադրվելու են նաև Հայաստանի պատմության թանգարանի դրամագիտական և հնագիտական հավաքածուներից 9 կրկնօրինակ նմուշներ, որոնք ներկայացնում են «Դվին», «Արմինիա», «Հարունաբադ» և «Հալեպ» դրամահատարաններում թողարկված արծաթե ու պղնձե դիրհեմների, 752 թ. թողարկված ոսկե դինարի, «Բարդա» դրամահատարանում թողարկված պղնձե ֆելսի, ինչպես նաև 18-րդ դարով թվագրվող բրոնզե երկգլխանի կացնի նմուշներ՝ բուսական զարդանախշերով և կենդանակերպ պատկերներով։
Ցուցադրական պաստառներում կներկայացվեն հայ-արաբական երկարատև հարաբերություններին վերաբերող մշակութային արժեքներ և պատմական փաստեր։
Ցուցահանդեսը Կատարի ազգային գրադարանում գործելու է մեկ շաբաթ։
Կարդացեք նաև
Հիշեցնենք, որ ՀՀ ԿԳՄՍ նախարար Վահրամ Դումանյանը կառավարության պաշտոնական պատվիրակության կազմում երկօրյա այցով գտնվում է Կատարում:
Նախօրեին Հայաստանի և Կատարի վարչապետների ներկայությամբ երկու երկրների միջև ստորագրվել են մի շարք փաստաթղթեր: Մասնավորապես, ՀՀ ԿԳՄՍ նախարար Վահրամ Դումանյանը և Կատարի կրթության, բարձրագույն կրթության և դաստիարակության հարցերի նախարար Բուսեյնա բինթ Ալի Ալ-Նուայմինը ստորագրել են Հայաստանի և Կատարի միջև կրթության, բարձրագույն կրթության և գիտական հետազոտությունների բնագավառում համագործակցության համաձայնագիր:
ԵՊՀ ռեկտոր Հովհաննես Հովհաննիսյանը և Կատարի համալսարանի ռեկտոր Հասան բն Ռաշիդ Ալ-Դարհամը ստորագրել են երկու համալսարանների միջև համագործակցության համաձայնագիր։
ՀՀ ԿԳՄՍ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՀԱՍԱՐԱԿԱՅՆՈՒԹՅԱՆ ՀԵՏ ԿԱՊԵՐԻ ԵՎ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ