Սերժ Սարգսյանը, կիրակի օրը Կոմիտասի անվան պանթեոնում լրագրողների հետ ոտքի վրա կարճ զրույցում խոսելով ընդդիմության գործողությունների մասին, հայտարարեց, թե «վաղը չէ մյուս օրը կլսեք, թե ընդդիմության առաջնորդ Իշխան Սաղաթելյանն ինչ կասի այդ մասին»։ Շատերի մոտ երրորդ նախագահի այս խոսքը տարակուսանք առաջացրեց, թե ինչու է ՀՀԿ առաջնորդն «ընդդիմության առաջնորդ» անվանում Իշխան Սաղաթելյանին, եւ արդյոք նրա խոսքի տակ որեւէ ենթատեքստ կա՞ր։ Տարբեր վերլուծություններ ու եզրահանգումներ արվեցին այդ արտահայտությունից՝ դրական եւ բացասական։
Երեկ մենք հետաքրքրվեցինք «Հայաստան» դաշինքի պատգամավորներից, թե ինչ նկատի ուներ Սերժ Սարգսյանը, ինչ է հայտարարելու «ընդդիմության առաջնորդ» Իշխան Սաղաթելյանը։
Զրուցեցինք նաեւ նույն դաշինքի պատգամավոր, ՀՅԴ անդամ Գեղամ Մանուկյանի հետ։ Նա եւս անորոշ պատասխաններ տվեց այն հարցին, թե ինչ պետք է հայտարարի Իշխան Սաղաթելյանն այսօր՝ ժամը 19։30-ին կայանալիք հանրահավաքի ժամանակ։ «Եկեք իրադարձություններից առաջ չընկնենք, հատկապես որ ամեն հանրահավաքին էլ Իշխան Սաղաթելյանի ելույթները կարեւորվում են, ծրագրային են, խոսվում են անելիքների, մարտահրավերների մասին»,- ասաց Մանուկյանը։
– Ձեր գործընկեր Հռիփսիմե Ստամբուլյանն ասում է, որ Սերժ Սարգսյանը գուցե նկատի է ունեցել շարժման առաջնորդ լինելը, ոչ թե՝ ընդդիմության։
Կարդացեք նաև
– Կարծում եմ՝ դիմադրության շարժումից բացի, Հայաստանում էլ ընդդիմություն չկա։ Մնացած բոլորը կա՛մ իշխանությանն են սպասարկում՝ ընդդիմության պիտակների տակ, կա՛մ ուղղակի գոյություն չունեն։
– Այսինքն՝ ստացվում է, որ ընդդիմության առաջնորդն Իշխան Սաղաթելյանն է։
– Նորից եմ կրկնում՝ ընդդիմության եւ դիմադրության շարժման միջեւ էդ հակադրության իմաստը չկա, քանի որ, ի վերջո, գործող կառույցն է, գործող ուղղությունն է, որը տվյալ պարագայում դիմադրության շարժումն է։ Եթե կարող եք ուրիշ ընդդիմություն ցույց տալ, ուրախ կլինեմ։
– Կարո՞ղ ենք փաստել, որ ընդդիմությունն ունի առաջնորդ, եւ դա Իշխան Սաղաթելյանն է։
– Դուք հիմա ենթադրությունն արեցիք, դա Ձեր իրավունքն է՝ էդպիսի արձանագրում անելը։ Դա ենթադրություն է, սուբյեկտիվ մոտեցում է։
Վահե ՄԱԿԱՐՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ՝ «Հրապարակ» օրաթերթի այսօրվա համարում: