Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Սեւանա լճի շատ խնդիրներ կարող են լուծվել լճի մակարդակի բարձրացմամբ. սահմանված նշաձողը բավարար չէ էկոհամակարգի կայունացման համար. «Հայաստանի Հանրապետություն»

Հունիս 14,2022 11:27
sevan

Փորձը ցույց է տվել, որ երբ Սեւանի մակարդակը բարձրանում է, լիճը համեմատաբար ինքնամաքրվում է՝ կեղտաջրերով հանդերձ նույնիսկ: Ապացույցը կա. 2000-ականներին մի քանի տարի անընդմեջ լճի մակարդակի բարձրացումը դա ակնառու ցույց տվեց։

Զուր չէ, որ մասնագետները նույնպես պնդում են Սեւանի մակարդակի բարձրացման հույժ կարեւորությունը։ Ընդամենը մեկ շաբաթ առաջ «Սեւանա լճի շրջակա միջավայրի պաշտպանություն» (EU4Sevan) ծրագրի շրջանակներում Երեւանում տեղի ունեցավ «Սեւանա լճի ավազանում առաջնահերթ նյութերի եւ որոշ այլ աղտոտիչների պարբերական մոնիթորինգի բարելավման կարիքների գնահատում» աշխատաժողովը: ԳԱԱ Նալբանդյանի անվան քիմիական ֆիզիկայի ինստիտուտի տնօրեն Սեյրան Մինասյանը, ներկայացնելով Սեւանա լճի էկոհամակարգի պահպանման համար անհրաժեշտ անելիքները, շեշտել է, որ սահմանված նշաձողը՝ Սեւանա լճի մակարդակը բարձրացնել մինչեւ 1903,5 մ նիշը, բավարար չէ լճի էկոհամակարգի կայունացման համար: Լճի մակարդակը պետք բարձրացվի մինչեւ 1909 մ նիշը, որպեսզի լճի էկոհամակարգը կայունանա: Ընդ որում, Ս. Մինասյանն ասել է այն, ինչ հունիսի սկզբի հրապարակումում «ՀՀ»-ն էր պնդում. այն է՝ խնդիրներին պետք է ամբողջական ու համալիր լուծում տրվի։

Էկոհամակարգի մասին խոսելիս մի խնդրի մասին էլ չմոռանանք։ Բանն այն է, որ 2016-2018 թթ. հիշյալ ինստիտուտը լճի ավազանում ուսումնասիրությունների ընթացքում ինչպես լճում, այնպես էլ գետերի նստվածքներում հայտնաբերել է Հայաստանում կիրառության համար արգելված պեստիցիդներ կամ դրանց մնացորդներ: Թերեւս միակ հանգստացնող փաստն այն է, որ բացահայտված պեստիցիդներից դեռեւս ոչ մեկը չի գերազանցել սահմանային թույլատրելի կոնցենտրացիայի արժեքը։ Նաեւ այն, որ ուսումնասիրությունները ձկների օրգանիզմում պեստիցիդներ չեն հայտնաբերել:

Սեւանի մակարդակի բարձրացման անհրաժեշտության մասին խոսելիս «ծաղկման» խնդիրն էլ չմոռանանք։

Այսինքն՝ ինչ է ստացվում, Սեւանա լճի շատ խնդիրներ (թեկուզ հենց «ծաղկումը», կանաչումը կանխելը, էկոհամակարգը վերականգնելը) կարող են լուծվել լճի մակարդակի բարձրացմամբ։ Տարիներ շարունակ գերշահագործվելով՝ Սեւանը մեզնից մի բան է ուզում… Մինչդեռ պետք է հասկանանք հստակ մի բան.  Սեւանը միշտ իր ֆիզիկական, քիմիական, կենսաբանական ցուցանիշներով համարվել է խմելու համար բարձրորակ բնական ջրամբար: Չպետք է թույլ տանք, որ դա փոխվի: Եվ ի վերջո՝ լիճը մեր ազգային անվտանգության եւ ռազմավարական գերակա նշանակություն ունեցող բնական պաշար է:

Արմենուհի ՄԵԼՔՈՆՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ՝ «Հայաստանի Հանրապետություն» օրաթերթի այսօրվա համարում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930