Լրահոս
Օրվա լրահոսը

Արցախի ժողովրդի ճակատագրի հարցի լուծման գործընթացներին չպետք է խանգարեն աշխարհաքաղաքական հակադրությունները. «Հայաստանի Հանրապետություն»

Հունիս 14,2022 11:01

Այսօր եւ՛ Արեւմուտքը, եւ՛ Ռուսաստանը մեծ ակտիվությամբ ու շտապողականությամբ Հայաստանին եւ Ադրբեջանին մղում են խաղաղության պայմանագրի կնքման: Միանշանակ է, որ դա հնարավոր է միայն հայ-ադրբեջանական հարաբերությունների վատացման պատճառի՝ Արցախի Հանրապետության ժողովրդի ինքնորոշման իրավունքի հարցի լուծման դեպքում միայն: Եթե միջնորդ երկրները փորձում են Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ հարաբերությունները դիտակել Արցախի հիմնահարցի կարգավորումից առանձին, ինչը տրամաբանական է ու հիմնավորված, ապա պետք է զուգահեռաբար բանակցություններ սկսվեն Արցախի կարգավիճակի վերաբերյալ, եւ այն պետք է արվի Մինսկի խմբի հովանու ներքո:

Վերոնշյալ կարգավորումներին հասնելու համար պետք է ապահովել բանակցային բնականոն գործընթաց, իսկ վերջինս էլ հնարավոր կլինի այն դեպքում, երբ հայ-ադրբեջանական հարաբերությունները եւ Արցախի կարգավիճակի հստակեցման գործընթացները դուրս լինեն ՌԴ-Արեւմուտք հակասությունների դաշտից: Կարգավորման գործընթացներն այդ հակադրության մանրադրամի վերածելն անթույլատրելի է եւ ուղիղ հարված է տարածաշրջանում խաղաղության ու կայունության հաստատման գործընթացին:

Աներկբա է, որ Արցախի ժողովրդի անվտանգությունն այսօր ռուս խաղաղապահներն են երաշխավորում, եւ կարգավորումների տարածաշրջանային գործընթացում վերջինիս անտեսումը միանշանակ հանգեցնելու է փակուղու՝ իր բոլոր վտանգավոր հետեւանքներով: Տարածաշրջանի խնդիրները հարթելու համար պետք է համադրվեն բոլոր միջնորդների շահերը, այլ կերպ ասած՝ պետք է լիարժեք գործարկվի Մինսկի խմբի ձեւաչափը: Գործընթացների ներկայիս տրամաբանությունը հուշում է, որ այն հնարավոր կլինի միայն ուկրաինական պատերազմի դադարեցումից հետո, իսկ մինչ այդ թիվ մեկ խնդիրն արցախյան բարդագույն հիմնահարցը Ռուսաստան-Արեւմուտք այսօրվա հակադրությունից առավելագույնս հեռու պահելն է: Դա հնարավոր է այն իրողության համատեքստում, որը ստեղծվեց ուկրաինական ճգնաժամի սկզբնական փուլում, երբ Մինսկի խմբի անդամ պետություններն առանձին-առանձին, բայց մեկ նպատակով եւ օրակարգով իրականացնում էին իրենց միջնորդական գործողությունները՝ չանտեսելով մյուս միջնորդների գործադրած ջանքերը:

Հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման եւ Արցախի ժողովրդի ճակատագրի հարցի լուծման գործընթացներին չպետք է խանգարեն աշխարհաքաղաքական հակադրությունները, առավել եւս, որ բոլոր միջնորդներն էլ խոսում են նույն լեզվով՝ հիմնահարցի հիմնարար ու վերջնական կարգավորման անհրաժեշտության կարգախոսով:

Արմեն ՎԱՐԴԱՆՅԱՆ 
Հոդվածն ամբողջությամբ՝ «Հայաստանի Հանրապետություն» օրաթերթի այսօրվա համարում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930