Համաձայն ԱԳՆ կայքի, ՀՀ-ն դեսպան չունի յոթ երկրում (չնայած, մեր տվյալներով եւ ՀՀ նախագահի հրամանագրերի համաձայն, դրանցից երկուսում` Իսրայելում եւ Ղազախստանում, դեսպաններ արդեն իսկ նշանակվել են)։ Դեսպան չունենք Բրազիլիայում, Արաբական Միացյալ Էմիրություններում, Իրաքում, Ինդոնեզիայում եւ Եթովպիայում: Թե ինչու` անհասկանալի է:
Ըստ ԱԳՆ կայքի, Հայաստանն ունի գործող 5 գլխավոր հյուպատոս՝ Լոս Անջելեսում, Դուբայում, Մարսելում, Օդեսայում եւ Էրբիլում, չնայած, մեր տվյալներով, առաջին երկու քաղաքներում գլխավոր հյուպատոսներն ազատված են պաշտոններից: Առավել հետաքրքրական է, որ ՀՀ-ն չունի նշանակված գլխավոր հյուպատոսներ Լիոնում, Հալեպում, Բաթումիում, Սանկտ Պետերբուրգում եւ Դոնի Ռոստովում: Նույնպես անհասկանալի է, թե ինչու: Այս բոլոր երկրներում եւ քաղաքներում Հայաստանը ներկայացնում են սահմանվածից ավելի ցածրաստիճան դիվանագետները, ու եթե ՀՀ իշխանությունների համար դա ընդունելի է, ապա դժվար է պատկերացնել, որ նույնն է նաեւ ընդունող երկրի համար, այսինքն՝ քիչ հավանական է, որ ընդունող կողմը բավարարված լինի, որ հայկական կողմից ներկայացուցչի մակարդակն իջեցված է:
Ենթադրում ենք, քանի որ գործող իշխանությունները չունեն նույնիսկ մինիմալ կադրային հնարավորություններ՝ դրանք համալրելու, իսկ ԱԳՆ-ի ունեցած կադրերին էլ չեն նշանակում՝ անվստահության պատճառով, ապա նրանք գերադասում են բավարարվել եղածով` անգամ ցածրակարգ ներկայացուցչությամբ՝ չհասկանալով, որ դիվանագիտության մեջ կոնկրետ պաշտոնյան կարող է հանդիպել միայն համապատասխան մակարդակի աշխատակցի հետ: Այսինքն, եթե Իրաքում ՀՀ ամենաբարձր պաշտոնյան երրորդ քարտուղարն է, նա, լավագույն դեպքում, կարող է հանդիպել ընդունող երկրի ԱԳՆ երկրորդ քարտուղարին, ինչով ամեն ինչ ասված է…
Դիվանագիտական աշխարհում կարծում են, որ ՀՀ գործող ղեկավարությունը պետք է թափուր պաշտոններում շուտափույթ դեսպաններ ու գլխավոր հյուպատոսներ նշանակի, գոնե քաղաքական նշանակումներ անի, որպեսզի այդ երկրների հետ հարաբերությունների մակարդակը հնարավոր լինի բարձր պահել։ Եվ, ըստ այդմ, հնարավոր լինի ՀՀ շահերն ապահովել ու փոխադարձություն պահանջել դիմացինից:
Կարդացեք նաև
Սերոբ ՄԱՐՈՒԹՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ՝ «Հրապարակ» օրաթերթի այսօրվա համարում: