Լրահոս
Օրվա լրահոսը

Վաշինգտոնում բացվել է Կոմունիզմի զոհերի թանգարան

Հունիս 14,2022 10:19

«Ամերիկայի ձայն». ԱՄՆ մայրաքաղաքում բացվել է Կոմունիզմի զոհերի թանգարանը, որը հիմնել է նույնանուն հիմնադրամը: Ամերիկայի ձայնը թանգարանի առաջին այցելուների շարքում էր, ինչպես նաև զրուցել է հիմնադրամի պատվավոր նախագահ Լի Էդվարդցի հետ:

Մենք ցանկանում ենք հարգանքի տուրք մատուցել բոլոր նրանց, ովքեր զոհաբերել են ամենը կոմունիզմի դեմ պայքարում, «Ամերիկայի ձայն»-ի հետ զրույցում ասել է Կոմունիզմի զոհերի հուշահամալիր հիմնադրամի պատվավոր նախագահ, պատմաբան Լի Էդվարդցը: Հիմնադրամի նախաձեռնությամբ ԱՄՆ մայրաքաղաք Վաշինգտոնում հունիսի 13-ին այցելուների առջև իր դռներն էր բացել Կոմունիզմի զոհերի թանգարանը: Երեք ցուցասրահներից բաղկացած այս թանգարանում հավաքվել են բազմաթիվ նմուշներ և պատմավավերագրական նյութեր կոմունիզմի պատմության, ողբերգական ժառանգության և կոմունիստական վարչակարգերի բռնաճնշումների ներքո նահատակված զոհերի մասին:

«Ցանկանում ենք շարունակաբար հիշեցնել այն մարդկանց մասին, ովքեր այսօր պատժվում են կամ ենթարկվում բռնաճնշումների կոմունիստական ռեժիմների ներքո»,- նշում է Էդվարդցը:

Նրա խոսքով՝ կոմունիզմի զոհերի թիվը գերազանցում է ավելի քան հարյուր միլիոնը, իսկ շուրջ մեկ ու կես միլիարդ մարդ այսօր շարունակում է բռնի գտնվել կոմունիստական վարչակարգերի ներքո: Նրա պնդմամբ՝ հիմնադրամի ու թանգարանի հիմնական առաքելությունն է կոմունիզմի մասին ճշմարտության բացահայտումն ու այն տարածումը:

«Եթե նայենք կոմունիզմի ժառանգությանը, ապա կտեսնենք, որ ժամանակին այն խոստացել էր հող, փոխարենը իրականացրել կոլեկտիվացում, խոստացել խաղաղություն, սակայն ստեղծել պատերազմներ: Կոմունիզմի հիմքում են ընկած բազմաթիվ կեղծիքներ»,- ասում է Էդվարդցը։

Անդրադառնալով այսօրվա Ռուսաստանի ու նրա ղեկավար Պուտինի վարքագծին՝ Էդվարդցը վստահ է՝ Պուտինը տարբեր գաղափարախոսությունների խառնորդ է, որը ձգտում է վերականգնել ոչ թե ԽՍՀՄ-ը, այլ Ռուսաստանի կայսրությունը: Նա իրեն համեմատում է Պետրոս առաջինի հետ, ընդգծում է Էդվարդցը:

«Պարոն Պուտինը ցանկանում է նմանվել Պետրոս Առաջինին, բայց նա նաև խոնարհվում է Լենինի, նույնիսկ Ստալինի առջև: Իրականում, նա ձգտում է իրականացնել այն, ինչ պատկերացնում է հստակ, և ես կարծում եմ, որ դա նոր ռուսական կայսրություն է»,- նշում է նա:

Իր հերթին Կոմունիստների զոհերի հուշահամալիր հիմնադրամի նախագահ Էնդրյու Բրեմբերգը շեշտել է՝ տարիներ շարունակ Ռուսաստանի առաջնորդ Պուտինի բռնաճնշումների մասին բարձրաձայնում էին Նավալնին ու այլ այլախոհներ:
«Այսօր աշխարհն ականատես է այն դաժանությանն ու բռնությանը, որը տարածվում է Ռուսաստանի սահմաններից դուրս: Պուտինի բռնաճնշումները Ռուսաստանի ներսում և նրա Ուկրաինայի դեմ սանձազերծած անհիմն պատերազմը վկայում են այն ամենի մասին, ինչի մասին, ցավոք, տարիներ շարունակ խոսել են Ալեքսեյ Նավալնին ու նրա նման այլախոհներ ու հերոսներ. նրանք խոսել են Պուտինի և նրա ռեժիմի դաժանության մասին»,- ասել է Բրեմբերգը։

Լի Էդվարդցն էլ կարևորում է կրթության ու գիտական մտքի զարգացումը կոմունիզմի դեմ պայքարում: Պուտինն ու իր ՊԱԿ-ը ի վիճակի չեն ամբողջապես մեկուսացնել Ռուսաստանն աշխարհից, գտնում է նա՝ շեշտելով՝ Կոմունիզմի զոհերի հիմնադրամն անում է հնարավորինս՝ ճշմարտությունը Ռուսաստանի և Չինաստանի քաղաքացիներին հասցնելու համար, սակայն արևմտյան կառավարությունները, ԵՄ-ը պետք է ստանձնեն ավելի շատ պարտավորություններ՝ կոմունիզմի և նրա ձախողումների մասին ճշմարտությունը տարածելու համար:

Արամ ԱՎԵՏԻՍՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930