Մեկ տարվա ընթացքում Եվրախորհրդարանը 4-րդ անգամ անդրադարձավ Լեռնային Ղարաբաղի թեմային, կրկին մերժեց պաշտոնական Բաքվի ջանքերը եւ ԼՂ-ն ամրագրեց որպես՝ «վիճելի տարածք»
Հունիսի 8-ին Եվրախորհրդարանն ընդունել է բանաձեւ, որում մեկ անգամ եւս ամրագրել է, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը կարգավորված չէ: Թե ինչպես է միջազգային հեղինակավոր այս կառույցում հաջողվել հերթական անգամ բավական նշանակալի հաջողություններ գրանցել, մանրամասները պարզելու համար դիմեցինք Դավիթ Շահնազարյանին եւ նա մեզ որոշ մանրամասներ հայտնեց: «Եվրախորհրդարանի հունիսի 8-ին ընդունած՝ «Անվտանգությունն Արեւելյան գործընկերության տարածաշրջանում եւ անվտանգության ու պաշտպանության ընդհանուր քաղաքականության դերը» բանաձեւում Եվրախորհրդարանը հստակ արձանագրում է, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը կարգավորված չէ: Բացի այս ձեւակերպումից՝ բանաձեւում տեղ են գտել նաեւ այլ կարեւոր արձանագրումներ: Նախեւառաջ, ընդգծվել է, որ 44-օրյա պատերազմը Ադրբեջանն է նախաձեռնել, որը Հարավային Կովկասում հանգեցրել է քաղաքական, ռազմավարական եւ օպերատիվ իրավիճակի ստատուս քվոյի արմատական փոփոխության՝ հազարավոր զոհերի, տասնյակ հազարավոր տեղահանվածների առկայությամբ: Բանաձեւում, ինչպես արդեն նշվեց, արձանագրվում է նաեւ, որ բախումները Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ շարունակվում են, իսկ Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը՝ կարգավորված չէ»:
Դավիթ Շահնազարյանը նկատեց, որ, փաստացի, Եվրախորհրդարանը հղում է կատարում այս տարվա փետրվարի 17-ին ընդունած մեկ այլ բանաձեւին, որը կոչվում էր՝ «Եվրախորհրդարանի բանաձեւը ընդհանուր արտաքին եւ անվտանգության քաղաքականության իրականացման մասին»: Մեր զրուցակիցը հիշեցրեց. «Այդ բանաձեւում հստակ նշվել էր, որ ԵԱՀԿ Մինսկի խումբը շարունակում է մնալ միակ միջազգայնորեն ճանաչված ձեւաչափը՝ Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հարցում եւ որ կարգավորումը պետք է իրականացվի երեք հիմնարար սկզբունքների հիման վրա, եւ որոնք ընդգծվել էին՝ տարածքային ամբողջականության, ինքնորոշման իրավունքի, ուժի չկիրառման, խաղաղ կարգավորման սկզբունքները»:
Դավիթ Շահնազարյանը կարեւորեց հունիսի 8-ին ընդունված բանաձեւում արձանագրումը, որ Եվրախորհրդարանն ընդգծում է ազատազրկված անձանց, ռազմագերիների ամբողջական փոխանակման, ազատման անհրաժեշտությունը, ինչպես նաեւ քաղաքացիական անձանց անվտանգ ու ազատ տեղաշարժի ապահովումը Լեռնային Ղարաբաղում: Այս կետով Եվրախորհրդարանը վերահաստատում է իր 2021թ. մայիսի 19-ին ընդունած բանաձեւը «Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ վերջին հակամարտության հետեւանքով ռազմագերիների» հարցով, որով պահանջել էր բոլոր պահվող ռազմագերիներին եւ ազատազրկված անձանց վերադարձը:
Կարդացեք նաև
Հունիսի 8-ի նշյալ բանաձեւում նաեւ անդրադարձ է կատարվել այս տարվա մարտի 8-ին Լեռնային Ղարաբաղի գազամատակարարման խողովակաշարի վնասման փաստին եւ խիստ կարեւոր է ընդգծել, որ Եվրախորհրդարանը Լեռնային Ղարաբաղն անվանել է՝ «վիճելի տարածք» (disputed territory), մեջբերում բանաձեւից. «… Լեռնային Ղարաբաղ գազ մատակարարելու հիմնական խողովակաշարը վնասվել է եւ վիճելի տարածքը մնացել է առանց էներգակիրների հասանելիության… »։
Դավիթ Շահնազարյանին խնդրեցինք նաեւ մանրամասնել, թե այս անգամ ինչպե՞ս է պաշտոնական Բաքուն փորձել հակազդել Հայաստանի համար նպաստավոր այս ձեւակերպումներին: Նրա փոխանցմամբ՝ Ադրբեջանի քաղաքական ղեկավարությունը, արտաքին քաղաքական գերատեսչության պատասխանատուները այս անգամ էլ մեծ ջանքեր են գործադրել, որպեսզի խափանեն հայկական կողմերի համար բարենպաստ ձեւակերպումները: Հայտնի է, որ Եվրախորհրդարանի այս նստաշրջանի նիստերն ընթանում էին Ստրասբուրգում, եւ Դավիթ Շահնազարյանի խոսքով՝ պաշտոնական Բաքուն Ստրասբուրգ էր գործուղել ադրբեջանական մեծաթիվ դեսանտ-պատվիրակություն, ինչպես նաեւ, Բրյուսելից Ստրասբուրգ էր ժամանել ԵՄ-ում Ադրբեջանի ներկայացուցչության ղեկավար, դեսպան Վագիֆ Սադիկովը:
«Ադրբեջանի հիմնական նպատակն էր՝ բանաձեւից հանել արձանագրումները, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը կարգավորված չէ եւ որ Ադրբեջանն է 2020թ. 44-օրյա պատերազմը նախաձեռնողը, բայց այս անգամ էլ Ադրբեջանի ջանքերն ամբողջությամբ տապալվել են: Այս բանաձեւի ընդունումից անմիջապես հետո Եվրախորհրդարանն ընդունել է մեկ այլ բանաձեւ՝ կապված Ուկրաինայում տիրող իրավիճակի հետ: Այս բանաձեւի նախագծում ադրբեջանական լոբբիի ջանքերով պաշտոնապես մի լրացում էր առաջարկվել, որով Ռուսաստանը շրջանցող՝ Եվրոպա էներգակիրների մատակարարման հարցում Ադրբեջանի դերի գերկարեւորումն էր, որով Ադրբեջանը հավասարեցվում էր Միացյալ Նահանգներին եւ Նորվեգիային: Ադրբեջանական ջանքերն այս առաջարկի ընդունման առումով նույնպես առողջությամբ ձախողվել են, քվեարկությամբ չնչին ձայներ է հավաքել Բաքվի այս առաջարկը եւ այն ջախջախիչ մեծամասնությամբ մերժվել է եվրապատգամավորների կողմից», նշեց Դավիթ Շահնազարյանը:
Այս առաջարկն արվել է ադրբեջանական հայտնի լոբբիստ, Եվրախորհրդարանի պատգամավոր Աննա Ֆոտիգայի կողմից (տես առաջարկի պատճենը):
Ամփոփելով՝ Դավիթ Շահնազարյանը նշեց. «Վերջին մեկ տարվա ընթացքում արդեն չորրորդ անգամ Եվրախորհրդարանն անդրադառնում է Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրին, որից երկու անգամներն՝ առանձին բանաձեւերի ընդունմամբ, արդեն վերոնշածս՝ 2021թ. մայիսի 19-ի ռազմագերիների վերաբերյալ բանաձեւը եւ «Լեռնային Ղարաբաղում պատմամշակութային ժառանգության ոչնչացման» մասին բանաձեւը, որն ընդունվեց այս տարվա մարտի 10-ին: Հիշեցնեմ, որ այս բանաձեւում ամրագրվել էր, որ հայատյացությանը, պատմական ռեւիզիոնիզմը եւ հայերի նկատմամբ ատելությանը համակարգային, Ադրբեջանի պետական մակարդակով քաղաքականությունն է։ Միջազգային հեղինակավոր այս ատյանը մեկ տարվա ընթացքում չորս անգամ անդրադարձել է Լեռնային Ղարաբաղի հակամարտության թեմային, ինչը վկայում է այն մասին, որ Եվրախորհրդարանը հետեւողականորեն, հստակ ցույց է տալիս իր դիրքորոշումը: Միեւնույն ժամանակ այս քայլերով ակնհայտ են դառնում պաշտոնական Բաքվի ջանքերի շարունակական տապալումներն այդ հեղինակավոր միջազգային կառույցում:
Եվրախորհրդարանի այս չորս բանաձեւերը լուրջ, կարեւոր, արդյունավետ եւ ամուր համակարգային հիմք են Արցախի Հանրապետության կենսական շահերը պաշտպանող պետական, քաղաքական, հասարակական գործիչների եւ փորձագետների համար, որպեսզի ամենատարբեր միջազգային ատյաններում ու հանդիպումներում հայկական շահերն ամրապնդելու ուղղությամբ ծավալուն, նպատակասլաց եւ արդյունավետ գործունեություն իրականացվի»:
ԷՄՄԱ ԳԱԲՐԻԵԼՅԱՆ
«Առավոտ» օրաթերթ, 14.06.2022