Լրահոս
Օրվա լրահոսը

Մանդատներից «զանգվածային զրկում» չի լինի

Հունիս 14,2022 10:00

ՔՊ-ական պատգամավորները ժամանակ առ ժամանակ խոսում են այն մասին, որ իրենց ընդդիմադիր գործընկերներին զրկելու են պատգամավորական մանդատներից: Ենթադրում եմ, սակայն, որ դա տեղի չի ունենա: Հնարավոր է, իհարկե, որ որպես «ուժի ցուցադրություն» մի 2-3 հոգու այդպես պատժեն: Բայց՝ որ երկու ընդդիմադիր խմբակցություններն էլ խորհրդարանից վերանան, եւ մոտակա 4 տարիների ընթացքում ՔՊ-ականները մնան «իրենք իրենցով» ու «ջան ասեն-ջան լսեն»՝ ես դա անհավանական եմ համարում: Նման սցենարն, անշուշտ, կուրախացնի իշխանության բազմահազարանոց երկրպագուներին՝ «հա, էս թալանչիներին՝ բոլորին պետք է հավաքել, ծակը կոխել»: Բայց դա, երեւի, դուր չգա Արեւմուտքին, որը հիանում է հայաստանյան ժողովրդավարությամբ, ու ազատության ջատագովները գուցե զրկվեն հիացմունքի մի կարեւոր առիթից:

Սակայն ավելի էական է, որ խորհրդարանական ընդդիմության բացակայությունը կզրկի ՔՊ-ականներին իրենց գլխավոր հենարանից (մի զարմացեք): Կարծում եմ, այս իշխանության հիմնական հենարանն է այս ընդդիմությունը, եւ ՔՊ-ի հիմնական քարոզչական թեզն է՝ «եթե մենք գնանք, նախկինները կգան» սպառնալիքը: Դա իսկապես վախեցնում է, շատ դեպքերում ահաբեկում է մեր հազարավոր քաղաքացիներին եւ, ենթադրում եմ, շատերը հենց այդ սարսափից ելնելով են քվեարկել մեկ տարի առաջ կայացած ԱԺ ընտրություններում:

Խորհրդարանական ընդդիմության հիմնական թեզը նույնպես հիմնված է վախ առաջացնելու վրա՝ «եթե այս իշխանությունը մնա, թուրքերը կգան», բայց դրանից մարդիկ ավելի քիչ են վախենում, քան «նախկինների» վերադարձից: Պետք չի նեղվել, հարգելի ընդդիմադիրներ. սա փաստի արձանագրում է՝ իրականություն է, որն, այո, ինչ-որ չափով ստեղծվել է մեկ տասնամյակից ավելի տեւող հմուտ քարոզչությամբ (post-truth), բայց հիմնականում՝ այն քաղաքականությամբ, որն այդ «նախկինները» վարում էին: Այնպես որ՝ մանդատներից «զանգվածային զրկում» տեղի չի ունենա՝ անպտուղ բանավեճն ու, այսպես ասած, «հակասությունների սիմբիոզը» շարունակվելու է:

Բայց ես նկատում եմ նոր ծիլեր, որոնք աճում են այդ քաղաքական՝ «ոչ բերրի» տարածքներից հեռու: Դա կարելի էր կոչել «քաղաքացիական հասարակություն», եթե այդ բառակապակցությունը չվարկաբեկվեր եւ չնույնականացվեր որոշ հ/կ-ների հետ: Հազարավոր հայեր Հայաստանում եւ Սփյուռքում ինքնաբուխ, առանց որեւէ քաղաքական ակնկալիքների միավորվում են, ինքնակազմակերպվում են՝ Հայաստանում եւ Արցախում կրթությունն ու գիտությունը զարգացնելու, սոցիալական խնդիրներ լուծելու, ստարթափներն առաջ մղելու եւ այլ նպատակներով: Չեմ բացառում, որ մոտակա տարիներին այդ՝ հիմնականում երիտասարդ մարդիկ ձեւավորեն նոր քաղաքական օրակարգ, որը դուրս կլինի արդեն փոքր-ինչ ձանձրալի դարձած՝ վերը նկարագրված «հրմշտոցից»:

Արամ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (3)

Պատասխանել

  1. Լավատես says:

    Լորդերի պալատ ենք ուզում, զզվեցինք էս գեղցիական ժողովներիից, ո՞ւր է մեր Դսեղի Թումանյանը:

  2. Հայկ համբարձումեան says:

    Այո, միայն դժբախտաբար այդ ծիլերուն տակի հողը մօտ օրէն պիտի այրի.

    Դուք անցեալ տարի կարծես գոյաբանական վտանգներուն շատ աւելի զգայուն էիք, իսկ վերջին ամիսներուն “չգիտենք ինչու” հանկարծ ապագայի յոյսերով աւելի տարուած էք.

    Եթէ անպայման կ’ուզէք էական խնդիրներուն աչք գոցել եւ միայն ներքաղաքականալ, ես ձեզի յստակ եւ գործնական առաջարկ մը ունիմ.

    Արդեօք կրնա՞ք (դուք կամ առավոտը) ցանկ մը պատրաստել՝ անխտիր բոլոր նախկիններու անուններով, որ մենք օսմանահայերս ալ այլեւս իմանանք ինչի մասին է խօսքը։

  3. Ruben says:

    ՀՀ-ում մնացել է մի զանգված, որի բերանը ինչ էլ դնես – առանց ծամելու կուլ կտա:
    Օրինակ՝ «նոր քաղաքական օրակարգ հերթական երիտասարդության համար»:

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930