Լրահոս
Օրվա լրահոսը

«Լավրովն իր երեխաներին ուղարկում է Ամերիկա, մեզ ասում է՝ ռուսերեն սովորե՛ք». Լեւոն Հայրյանը ՀՀ իշխանություններին՝ Արցախը պետք է հայկական կարգավիճակ ունենա

Հունիս 13,2022 20:35

«30 տարի է մենք աշխարհում գրանցված չենք, չկանք, համաշխարհային մարդկության ռեեստրի մեջ չկանք, այդ 140 հազարը գոյություն չունի: Սովետական միությունը քանդվելուց հետո այդպես էլ դարձել ենք ոչ մի երկրի քաղաքացի»,-Aravot.am-ի հետ զրույցում ասում է մեկ ու կես տարուց ավելի Արցախում հայրենի հողն ու տունը կորցրած, Հադրութից բռնի տեղահանված Լեւոն Հայրյանը:

Նա «Հանուն Հադրութի» ՀԿ ղեկավարն է: Պատերազմից հետո է այն հիմնադրել, որպեսզի համայնքը ցիրուցան չլինի: Ասում է՝ 30 տարի է իրար հաջորդող իշխանությունները պարծենում են՝ թե ով է ավելի լավ պահել Արցախն ու Հայաստանը, ով՝ վատ: Լեւոն Հայրյանը բոլորին էլ հարց ունի՝ ո՞ւր է ձեր պահած Արցախն ու Հայաստանը, երեսուն տարի է՝ ես քաղաքացիություն չունեմ:

«Արցախի իշխանությունները մեզ կոչ են անում՝ վերադարձե՛ք Արցախ: Ասում եմ՝ ցույց տվեք աշխարհի քաղաքական քարտեզի վրա, որը կոչվում է Արցախ, գնանք: Ձեր սիրած Վլադիմիր Պուտինն ասում է Արցախն Ադրբեջան է, դուք ինձ տանում եք Արցա՞խ, կամ այնտեղ մնացածներին պահում եք մատաղացո՞ւ, պարզ չի՞ որ Ադրբեջանը, վաղ թե ուշ քշելու է այնտեղից, որովհետեւ ինքը դրա վրա է աշխատում»:

Ասում են՝ փախստական չեք, բռնի տեղահանված եք

«Մեկուկես տարուց ավել այստեղ ենք, անընդհատ դիմում ենք, որ մեզ փախստականի կարգավիճակ տան՝ մերժում են: Մերժումը ոչ մի բանով չեն հիմնավորում, մեկ-մեկ էլ ասում են՝ դուք փախստական չեք, բռնի տեղահանված եք»,-ասում է Լեւոն Հայրյանը: Նրա խոսքով՝ բայց այդ երկու կատեգորիաների միջեւ տարբերությունը չեն բացատրում. «Մենք էլ ասում ենք՝ եթե բռնի տեղահանված ենք, թող այդ կարգավիճակը տան»:

Ասում է՝  Նոյեմբերի 9-ի հայտնի փաստաթղթում նշված է, որ փախստականներն ու բռնի տեղահանվածները վերադառնում են իրենց բնակության վայրերը, բայց իրենց բռնի տեղահանվածի կարգավիճակն էլ չեն տալիս, հավանաբար, այն պատճառով, որ հետագայում վերադառնալ էլ չկարողանան. «Ո՞վ է անում, ուրեմն ռուսների քաղաքականությունն է, ռուսների քաղաքականությունը վարողն էլ մեր իշխանություններն են, որոնք ավելի շատ աշխատում են ռուսական ծիրում մնան, քան՝ մեր ազգային հարցերը լուծեն: Այսքանից հետո Սերգեյ Լավրովը գալիս է Հայաստան, հայտարարում է, որ ռուսական դպրոցները պետք է շատանան, հանուն ինչի,՞ ում համար պետք է շատանան: Լավրովն իր երեխաներին ուղարկում է Ամերիկա, մեզ ասում է՝ ռուսերեն սովորե՛ք: Ռուսական աշխարհն այդքան լավն է, դուք ձեր երեխաներին ձեր աշխարհում պահեք: Զավեշտը գիտե՞ք որն է, որ ռուսներն իրենք իրենց աշխարհից հոգնել են, բայց հայերը ձգտում են մտնել ռուսական աշխարհ»:

Լեւոն Հայրյանի խոսքով, փախստականների կարգավիճակը պետք է,  որպեսզի Արցախի կարգավիճակը ճանաչելու համար համաշխարհային հանրությանը պահանջներ ներկայացնելու հիմք լինի. «Բազմիցս ասել ենք, հիմա էլ կրկնում ենք՝ եթե Արցախը քաղաքական հայկական կարգավիճակ չունեցավ, Արցախում հայ չի մնալու, Արցախում հայ չմնաց, Երեւանում չի մնալու»:

Ասում է՝ միայն հադրութցիների անունից ու մասին չի խոսում, խոսում է նաեւ Արցախում հենց հիմա ապրող մնացած տեղահանվածների ու ընդհանրապես Արցախի 140 հազար բնակչության մասին:

Ֆրանսիայի դեսպանատան հետ կապն ակտիվ չեն պահում, ասում են՝ բոլորիս սիրտն Արցախում է

Ամիսներ առաջ հադրութցիները դիմել էին Ֆրանսիայի նախագահին՝ խնդրելով քաղաքական ապաստան: Նամակն ուղարկել էին ՀՀ-ում  Ֆրանսիայի դեսպանատան միջոցով: Ի պատասխան հադրութցիներին հայտնել են՝ դեսպանատան հետ կապը պահեք, եթե չափորոշիչները համապատասխան՝ կտանք: Լեւոն Հայրյանի խոսքով, սակայն, ռուս-ուկրաինական պատերազմը սկսվեց եւ հարցի քննարկումը հետաձգվեց: Ասում է՝ այդ մասով ակտիվ չեն աշխատում. «Մեր բոլորի սիրտը Արցախում է»:

Հունվար-փետրվարի համար նախատեսված 20 եւ 40 հազարական դրամները մարտի վերջին են տվել, այն էլ՝ բռնի տեղահանվածների 20-22% դեռ չեն ստացել:

Պատճառաբանել են՝ բանկերի հետ կապված տեխնիկական խնդիրներ կան: Լեւոն Հայրյանի գնահատմամբ՝ պատճառը մեկն է՝ անբարեխիղճ  են, դիմացիններին չեն հարգում, մարդկանց կարիքների մասին չեն մտածում. «Ժողովուրդը շատ անելանելի վիճակում է, մարդիկ տուն չունեն, աշխատանք չունեն, որեւէ մեկը մտածո՞ւմ է՝ ոնց են ապրում այդքան ամիս՝ այն էլ այս թանկացումների պայմաններում: Գիտեք՝ վարձով տների գները ինչ են դարձել»:

Նրա խոսքով, իրենց պահանջներից մեկը Հայաստանում բնակարաններով ապահովելու հարցն է. «Մենք ասում ենք՝ Արցախին կարգավիճակ տալուց հետո միայն մեզ հետ կխոսեք՝ Արցախում տեղավորելու մասին: Երբ Արցախը հայկական կարգավիճակ ունեցավ մենք Կամչատկայից էլ ենք մարդկանց բերելու: Իրենք ուզում են մեզ վրա ճնշում գործադրեն, որ վերադառնանաք Արցախ, քանի որ այնտեղ են բնակարան տալու, բայց իրենք լավ հասկանում են, որ, եթե այս ժողովուրդը չգնա այնտեղ, գնալու է Ռուսաստան»:

Ասում է՝ հարցը միայն բնակարանը չէ՝ այլ թիկունքին պետություն ունենալու վստահությունը. «Երկու տարի առաջ մենք բոլորս այնտեղ բնակարան ունեինք, բայց պետություն չունեիք, որ այդ բնակարանը պահեր, այսինքն՝ բնակարանով հարց չես լուծի: Արցախի շուրջը եւ Արցախի մեջ բազմաթիվ գյուղեր կան, որտեղ նախորդ տարիներին սարքել էին բնակարաններ ամեն գյուղում 30-40, բայց ոչ մեկ չի գնացել այնտեղ ապրի, քանի որ աշխատատեղ չկար: Դպրոցներում էլ գործարարները անասուններ էին պահում»:
Ըստ Լեւոն Հայրյանի ի սկզբանե էլ վերաբնակեցման ծրագրերը սխալ են արել. «Փոխանակ աշխատատեղեր ստեղծենին, որ մարդիկ գնային»:

Կառավարության առաջարկած սոցիալական ծրագրերը ո՛չ թիրախային են, ո՛չ էլ՝ նպատակային

Հադրութից բռնի տեղահանված Արթուր Ստեփանյանն ասում է՝ 2022 թվականին ընդամենը մեկ սոցիալական աջակցություն է եղել՝ 20 եւ 40 հազարական դրամներ. «40 հազար դրամ տալիս էին մինչեւ 18 տարեկան անձանց եւ հաշմանդամության կարգ ունեցողներին, 20-ը՝  չափահաս եւ կարգ չունեցողներին: Այդ որոշումն էլ հունվար-փետրվար ամիսների համար ՀՀ կառավարությունը կայացրել է մեր ջանքերի շնորհիվ, բայց արդեն ընթացքից գործառույթը փոխանցել են Արցախի հանրապետության կառավարությանը: Հետո արդեն այդ գումարների մի մասը փոխանցեցին Կարմիր Խաչի միջոցով՝ մոտ 8600 անձի»:

Արթուրն էլ է հավաստում՝ շատ մեծ դժվարություններ են կրում՝ շատերը  անելանելի իրավիճակում են գտնվում, իսկ կառավարության  առաջարկած սոցիալական ծրագրերը ո՛չ թիրախային են, ո՛չ էլ՝ նպատակային. «Որոշ մարդիկ իրենք իրենցով աշխատանք են գտել ընդ որում մեծ մասը ցածր են վարձատրվում, որով ո՛չ կարող են կոմունալներ վճարել ո՛չ էլ՝ տան վարձ»:

Ասում են, ով էլ սահմանն անցնում է՝ սոցաջակցությունը կտրում են, նույնիսկ նրանցը, որոնք ժամանակավոր են գնում ու հետ վերադառնում:
ՀԿ ղեկավարի տվյալներով, Հադրութի 13 հազար 500 բնակչությունից 6 հազարը Հայաստանում է, 5,5 հազարն՝ Արցախում, մնացածն արտագաղթել են, մոտ 2500 մարդ: Սակայն պաշտոնապես ասում են, որ 800-ն են գնացել:
Ասում են՝ բազմաթիվ բողոքներից հետո ՀՀ կառավարությունը խոստացել է ՀՀ-ում բնակվող յուրաքանչյուր անձի հուլիս 1-ից 40 հազարական դրամ հատկացնել, որով գոնե բնակվարձերը կվճարեն:

Փաշինյանն ասում է՝ Արցախին 144 միլիարդ ենք տվել, բա, եթե արցախցուն ուտելուց զրկել ես, ուզում ես այդ ուտելուց զրկելու փո՞ղն էլ չտաս 

Արթուր Ստեփանյանի խոսքով, առիթ-անառիթ ՀՀ վարչապետը շահարկում է՝ Արցախին այսքան փող ենք տվել, մի քանի ամիս առաջ էլ ասաց, 144 միլիարդ, գումար են տրամադրել. «Ասում է Արցախի ժողովրդի կոմունալ ծախսերը ՀՀ քաղաքացիների վճարած հարկերի հաշվին վճարել եւ այլն: Ես՝ որպես արցախցի, հայտարարում եմ՝ իմ կոմունալ վճարումները Հայաստանի բյուջեի հաշվի չի արվել ոչ այն ժամանակ, ոչ էլ՝ հիմա: Նման բան չկա: Ասում է՝ թոշակառուների թոշակները ավելացել ենք, որպես թոշակառու իմը չի ավելացել, աշխատավարձեր են տալիս եւ այլն: Դրանք վարչապետի խոսքեր չեն, որ նա ասում է: Այդ գումարները միշտ էլ փոխանցվել են, Արցախն ինքը դրամ չի արտադրում, պետք է Հայաստանից փոխանցվեն չէ՞, եւ ինչո՞ւ են տարբերություն դնում, Արցախ կամ Հայաստան»:

Լեւոն Հայրյանն էլ հավելում է՝ «Էլ չի ասում՝ Արցախին այսքան փող եմ տվել, որովհետեւ արցախցուն հաց ուտելու հնարավորությունից զրկել եմ: Եթե արցախցուն ուտելուց զրկել ես, ուզում ես այդ ուտելուց զրկելու փողն էլ չտա՞ս: ՀՀ իշխանությունների ապիկար քաղաքականության հետեւանքով այդքան տարածք, ունեցվածք, տեխնիկա ենք կորցրել, հիմա ասում ես՝ հաց ենք տալիս, կեսը, անգամ մեկ տոկոսն էլ չես տալի»: Միայն մեր գյուղում տասնյակ մարդկանց բիզնեսն արդեն միլիոն դոլարից անցնում էր: Այդ ամբողջը թողել ես այնտեղ, ասում ես՝ արցախցուն փող եմ տվել»:

Հադրութցիները պահանջում են Արցախի կարգավիճակի հարցի լուծում

Հադրութցիները պահանջում են Արցախի կարգավիճակի հարցը լուծել եւ բոլոր տեղահանվածներին վերադարձնել իրենց բնակության վայրերը. «Որովհետեւ մենք միայն այդպես ենք պատկերացնում մեր կյանքը: Որպեսզի նորից դռնեդուռ չընկնենք ու հինգ հազար տարվա հայոց պատմությունը չկրկնվի, հայոց իշխանությունները պետք է միայն այս ուղղվածությունն ունենան»,-ասում է Լեւոն Հայրյանը: Նա երկու պետությունների մարդու իրավունքների պաշտպաններին կոչ է անում՝ զբաղվել Արցախի փաստացի փախստական համայնքի հարցերով: Ասում է՝ այսօր մարդու իրավունքների բնագավառում ամենաաղաղակող հարցերը իրենց հայրենիքից տեղահանված բնակչության խնդիրներն են. «Մարդու իրավունքների պաշտպանները մեզ չեն մոտենում՝ չեն հետաքրքրվում՝ ի՞նչ ենք անում, ինչո՞վ ենք զբաղվում: Չկա աշխարհում մի հասարակական սոցիալական միավոր, որի մարդկային իրավունքները մերի չափ արհամարհվեն, մենք նույնիսկ քաղաքացիություն չունենք, կարգավիճակ չունենք»:

Ճիշտ է ՀՀ նոր պաշտպանին չեն դիմել, բայց կարծում են, որ առանց դիմելու էլ պաշտպանը պետք է իրենցով հետաքրքրվի. «Մե՞նք պիտի ասենք՝ փախստական ենք, տուն չունենք, տեղ չունենք, ապրուստ չունենք, իրենք չգիտե՞ն, նրանք ամեն օր մեր համայնքից պետք է դուրս չգան, որովհետեւ ավելի խոցելի տարր չկա այս պահին թե՛ տնտեսական-սոցիալական, թե՛ քաղաքական ու մարդկային իրավունքների տեսանկյունից մեզ որեւէ մեկը բանի տեղ չի դնում: Ոչ մի երկրի քաղաքացի չենք, այսինքն՝ գոյություն չունենք երեւի»:

Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Ասֆալտին պառկեցված says:

    Բոլոր ասածներն էլ շատ ճիշտ են, իսկ
    նոր ՄԻՊ-ի հետ հույսեր մի կապեք, որ ինքն իր նախաձեռնությամբարցախցիների խնդիրներով կզբաղվի, նա այս իշխանության դրած ճուտիկն է և մինչև հիմա նրա ինքնուրույն քայլերը չենք տեսել։

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930