Այսօր վաղ առավոտյան՝ ժամը 8․00-ի սահմաններում, հրդեհ է բռնկվել Արթիկի քաղաքային զբոսայգու մեջ գտնվող վետերանների շենքում։ Շենքը համայնքապատկան է, սենյակներից մեկը հատկացված է վետերաններին, կողքի երկու սենյակները՝ Արթիկի երիտասարդական խորհրդին։ Մենք եղանք դեպքի վայրում՝ ներս մտնելով վետերանների սենյակ։ Ոտք դնել գրեթե անհնար էր, սենյակը խարխափում էր մթան մեջ, հատակին ջուր էր։
Այդուհանդերձ մեր ֆոտոխցիկը ֆիքսեց, որ այրվել էին աթոռներ, հատակին լուսանկարներ ու գրություններ էին հայտնվել։ Թե ինչի՞ց է բռնկվել հրդեհը, փորձաքննություն է նշանակված։ Տեղում մեծ թվով մարդիկ էին հավաքված։
Վետերանների միության նախագահը, ցավոք, վերջերս էր մահացել, իսկ անդամները խուսափում էին խոսել տեսախցիկի առջև, իրականում նրանք չգիտեին՝ ինչից կարող է բռնկվել հրդեհը։
Կարդացեք նաև
Զրուցեցինք հավաքվածների հետ, մեզ համար առեղծվածային մնաց հրդեհի բռնկման պատճառը, քանի որ երիտասարդական խորհրդի անդամները պնդում էին, որ շենքում երկու ամիս լույս չի եղել և դժվար թե հոսանքի միացումից հրդեհ բռնկվեր։
Մեր ֆոտոխցիկը ֆիքսեց հանված կամ գողացված էլեկտրաէներգայի հաշվիչը։
Հետաքրքիր էր այն, որ Արթիկի երիտասարդական խորհրդին տրամադրված սենյակներից մեկի դուռն էին կոտրել (տես լուսանկարները) ու պատին գրել էին՝ ով մեզ դատի տա, նա անբարոյականի վաստակ է, իհարկե սա գրել էին հայհոյանքով։ Ի դեպ, այդ սենյակից ոչինչ չէին գողացել։
Արթիկի երիտասարդական խորհրդի անդամները մեզ հետ զրույցում ասացին, որ երեկ վատ եղանակային պայմաններ են եղել, բայց դուռը չէր կարող կոտրվել քամուց ու անձրևից։
«Եթե անգամ կողմ լինենք այդ վարկածին, քամին չէր կարող ներսում տարօրինակ գրառում կատարել, հայհոյանք գրել պատին, սա դիտավորություն է։ Դուռը ապակեպատ չէր, պանելներ կան, որոնք ոտքով խփել ու գցել են հատակին»,-պատմեց երիտասարդներից մեկը՝ իհարկե ցույց տալով կատարվածը։
Նա ասաց, որ խուլիգանությունը կատարվել է հենց հրդեհի օրը և հայտնեց իր վարկածը, որ այն ծրագրավորված հարձակում է եղել շենքի վրա։
«Խոսակցություններ էր շրջանառվում, որ կայծ է թռել, բայց դա աբսուրդ է, որովհետև երկու ամիս հոսանք չունեցող շենքը դժվար թե կարողանար կայծով հրդեհվեր, ինքնահրդեհվեր»,- ասաց մեր զրուցակից երիտասարդը՝ նշելով, որ իրենք են հարցին հնչեղություն տվել։
«Եթե անտեսվեն, կոծկվեն նման դեպքերը, անընդհատ կրկնվելու են, սա պիտի բացահայտվի, նույնիսկ եթե կողքի թողնենք երիտասարդների խորհրդի սենյակի վրա հարձակումը, հրդեհվել է վետերանների միության շենքը, այրվել է, պիտի պարզեն։
Չեմ կարող վստահաբար ասել, որ ինչ-որ մարդկանց խումբ է մտել շենք, բայց այն վարկածը, որ կարճ միացում է այստեղ եղել, անհնար է, նորից եմ կրկնում այս շենքը 1-2 ամիս լույս չի ունեցել»,-ասաց մեր երիտասարդ զրուցակիցը։
Արթիկ խոշորացված համայնքի ղեկավարի տեղակալ Վարդան Մակեյանն էլ մեզ հետ զրույցում ասաց, որ երեկ սարսափելի եղանակային պայմաններ են եղել՝ ուժեղ քամի, անձրև և դրանից հետո՝ առավոտյան 8․30-9․00-ի սահմաններում վետերանների միության շենքում հրդեհ բռնկվելու մասին ահազանգն են ստացել։
Վարդան Մակեյանը հերքում է, որ վետերանների միության շենքում եղել են 44 օրյա պատերազմի մասնակիցների ու զոհերի լուսանկարներն ու դրանք դիտավորությամբ այրել են։ Նշենք, որ համացանցում տեղեկատվություն էր տարածվել այս մասին, մասնավորապես ընդդիմադիր իրավապաշտպան Կարապետ Պողոսյանը ահազանգել էր հրդեհի մասին՝ լուսանկարներ տեղադրելով ու նշելով, որ ինչ-որ մարդիկ մտել են վետերաններ շենք, վնասել գույքը, այրել, այրել են նաև 44 օրյա պատերազմի հերոսների լուսանկարները։ Նա այս ամենը սրբապղծություն էր որակել։
Վարդան Մակեյանը, սակայն, ասաց․ «Սա ուղղակի հավաքատեղի է եղել մեր ծերերի համար, հավաքվել են, նարդի, շաշկի են խաղացել, զբաղմունք է եղել; Բնականաբար մասնագետները պատասխան կտան, թե ինչից է եղել հրդեհը»։
Մեր հարցին, թե տարօրինակ չէ՞, որ շենքում երկու ամիս է՝ հոսանք չկա, սակայն հրդեհ է բռնկվում, Վարդան Մակեյանն ասաց, որ տեսչական մարմինները ստուգումներ են անցկացրել, արտաքին միջամտություն չկա, պատասխանը երկու օրից կլինի։
Մեր դիտարկմանը, թե խոսակցություններ են շրջանառվում, որ շենքի վրա աչք ունեցողներ կան և այս միջոցով փորձում են տեղանքից հանել վետերաններին, Վարդան Մակեյանն ասաց․ «Ինչի՞ն աչք ունենա, ի՞նչ կա էդտեղ, որ աչք ունենա, ծերերի համար սենյակ է եղել, սա ուղղակի խոսակցություններ են, որոնք ժողովրդի կողմից տարածվել են։
Սա սովորական բնական աղետ է, ինչո՞ւ են դարձրել համայն հանրապետության խոսակցության թեմա, ես չգիտեմ։ Սովորական սենյակ է, հրդեհ է ընկել եղանակային պայմաններից, թող մասնագետները իրենց եզրակացությունը տան»։
Մեր հարցին ի պատասխան, թե զարմանալի չէ՞, որ նույն օրը կոտրել են երիտասարդների խորհրդի սենյակներից մեկի դուռը, Վարդան Մակեյանը կարծիք հայտնեց, թե դեպքերը երևի թե առանձին-առանձին են կատարվել, համապատասխան մարմինները ճշտումներ կանեն։
Դեպքի վայրում ժամեր շարունակ աշխատում էր Արթիկի ոստիկանապետ Հարություն Ադամյանը, այնտեղ էր նաև Արթիկի քննչականի պետը։ Նրանք օպերատիվ-քննչական աշխատանքներ էին իրականացնում, նաև տեղում հարցաքննում էին հավաքվածներին։
Ոստիկանության հասարակայնության հետ կապի և լրատվության վարչության պետի տեղակալ Էդգար Ջանոյանը մեզ հետ զրույցում ասաց, որ իրենք ընդամենը ահազանգ ունեն, որ հրդեհ է բռնկվել։
Ի դեպ, Արթիկի քաղաքային զբոսայգին աղբի մեջ թաղված էր, այն թերևս ծառերով ամենահարուստ տեղանքներից մեկն է, հրաշալի հանգստավայր, որտեղ, սակայն, ամենուր աղբակույտեր են՝ թե՛ հատակին, թե՛ աղբամանների շուրջբոլորը։
Այս թեմային կանդրադառնանք առանձին։
Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ