«Միանշանակ ես պնդում եմ, նաև գումարած պնդում եմ, որ Նիկոլ Փաշինյանը դրանից վատ չի զգում, և դա իր համար ծանր վիրավորանք չէ»,-Aravot.am-ի հետ զրույցում ասաց «Դիրքապահ» Քառօրյա պատերազմի մասնակիցների միավորման ղեկավար Մանուել Մանուկյանը՝ անդրադառնալով իր դեմ հարուցված գործին։
Հիշեցնենք՝ նրան մեղադրանք է առաջադրվել «զիբիլի վեդրոյի վրայի կատու» և «Քաջ Նազար» բառերի համար, որոնք օգտագործել է իր գրառման մեջ՝ ուղղված Նիկոլ Փաշինյանին։
Հունիսի 13-ին կայացած դատական նիստի ընթացքում Մանուել Մանուկյանը խնդրեց հետաձգել նիստը իր համար փաստաբան ընտրելու հիմնավորմամբ։
Մեզ հետ զրույցում այս առիթով նշեց․ «Հուլիսի 1-ից վիրավորանքը քրեականացնող հոդվածը հանվում է, ուստի դրա համար ես ասացի, քանի որ այս հոդվածը լուրջ չեմ համարել, դրա համար փաստաբան չեմ ունեցել, բայց երբ այս հոդվածը վիճարկվել է, չեմ էլ մտածել, որ այս հոդվածով որևէ բան տեղի կունենա, բայց որ իրենք դատական գործընթաց են տանում, խնդրեցի՝ ինձ ժամանակ տան, որ ես ինձ համար փաստաբան ընտրեմ»։
Կարդացեք նաև
Ըստ Մանուել Մանուկյանի՝ սա վկայում է այն մասին, որ ՀՀ-ում ազատ խոսքը պաշտպանված չէ։ Այս առիթով նա հիշեց Նիկոլ Փաշինյանի հայտարարությունները․ «Նիկոլ Փաշինյանը դատավորներին անվանել էր վնգստացող, բայց Նիկոլ Փաշինյանի դեմ իր այդ բառապաշարի համար որևէ քրեական գործ չի հարուցվել։ Օրինակ՝ իմ դեպքում ու իմ նման մարդկանց դեպքում հարուցվում է։ Այստեղից հետևություն, որ ՀՀ-ում օրենքը հավասար չի գործում։ Այսինքն՝ եթե մարդ վարչապետ է, իրեն կարելի է ամեն ինչ, բայց եթե շարքային քաղաքացի է, որին Փաշինյանը բարձրագույն իշխանության ներկայացուցիչ էր համարում, այդ շարքային քաղաքացուն չի կարելի նույն բանն ասել, ինչ վարչապետին»։
Մանուել Մանուկյանի գործով հաջորդ դատական նիստը տեղի կունենա հուլիսի 26-ին՝ ժամը 16։00-ին։
Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ