Լրահոս
Օրվա լրահոսը

Մնացեք լույսով, շուտով կհանդիպենք. 12-ամյա Ալեքս Գևորգյանը «Լուս Ա» դեբյուտային ալբոմով ու համերգով ներկայացավ հանդիսատեսին

Հունիս 13,2022 18:40

Հունիսի 10-ին Երևանի Կոմիտասի անվան Կամերային երաժշտության տանը տեղի ունեցավ 12-ամյա դաշնակահար, կոմպոզիտոր Ալեքս Գևորգյանի համերգը, որի ընթացքում ներկայացվեցին Կոմիտասի ստեղծագործությունների՝ նրա մշակումները։

Այն շնորհանդես-համերգ էր, որի ընթացքում ներկայացվեց նաև Ալեքս Գևորգյանի դեբյուտային՝ «Լուս Ա» ալբոմը, որը նա նվիրել է իր տատիկին՝ Զինա Բաղդասարյանին:

Ձայնասկավառակը պատանի երաժշտի շուրջ քառամյա աշխատանքի արդյունքն է։ Նախագծի մտահղացումն ամբողջությամբ Ալեքսինն է՝ սկսած Կոմիտասի ստեղծագործությունների ընտրությունից, մինչև այն արտիստների ընտրությունը, որոնց հետ ձայնագրվել են նրա մշակումները, և որոնց մի մասը ներկայացվեց համերգի ընթացքում։


«Այս պրոյեկտը ստեղծելու գաղափարն առաջացավ այնպիսի ժամանակաշրջանում, երբ ես գրում էի մեղեդիներ, ամենուր, անընդհատ: Սակայն ես զգացի, որ այն ամբողջանալու ու լիարժեք դառնալու կարիք ունի: Այդ տարիներին ես նաև աշխատում էի Կոմիտասի մի շարք կոմպոզիցիաների վրա: Ու ինձ մոտ միտք առաջացավ՝ համադրելու իմ մեղեդիները Կոմիտասի ստեղծագործությունների հետ, ու դրա արդյունքում ստեղծվեց այս երաժշտությունը: Այն դուրս է մշակման գրեթե բոլոր ստանդարտներից: Ես շատ եմ կարևորում դասական կոմպոզիտորական արվեստը և դասական կատարողական արվեստը, որն ինձ շատ է օգնում իմ այս աշխատանքում»,- նախագծի մասին պատմել է Ալեքսը:


«Լուս Ա»-ն նոր ոճի երաժշտություն է, որով, միախառնելով ամենատարբեր երաժշտական ոճերը՝ 12-ամյա Ալեքսը ներկայացրել է Կոմիտասի իր ընկալումը։ «Լուս Ա» ալբոմի յոթ ստեղծագործություններից յուրաքանչյուրն ինքնատիպ է։ Դրանցում կա էլեկտրոնային երաժշտություն, ինչպես՝ «Մոկաց Միրզայում» և «Սարեն կուգայի»-ում, բայց կան նաև ջազ, էթնո երաժշտության տարրեր, իսկ որոշ դեպքերում՝ բոլորի զուգակցում։


«Լուս Ա» ալբոմում Ալեքս Գևորգյանն իր մշակումները ձայնագրել է անվանի հայ երաժիշտների հետ։ «Սոնա յար»-ը Ալեքսի ու Արտո Թունջբոյաջյանի համատեղ կատարումն է, «Քելե Քելե»-ում Ալեքսը նվագում է Արտյոմ Մանուկյանի հետ, «Ես սիրեցի»-ում հնչում է Միքայել Ոսկանյանի թառը, «Երկինքն ամպել ա»-ում Ալեքսը հանդես է գալիս «Տիեզերք» բենդի հետ, իսկ «Գարուն ա» ստեղծագործության մեջ երգում է ամերիկահայ երգիչ Սամ Բաբայանը (The Dirty Diamond խմբից):


Ալբոմում տեղ են գտել Ալեքսի երկու սոլո կատարումները՝ «Մոկաց Միրզան», որն ամբողջությամբ էլեկտրոնային երաժշտություն է, իսկ «Ես սարեն կուգայի»-ն էլեկտրոնային և դասական երաժշտության զուգակցում է։

Ձայնասկավառակում հանդես են եկել նաև հայտնի երաժիշտներ Նիկողայոս Վարդանյանը (կոնտրաբաս), Արման Մնացականյանը (թմբուկ) և Վարդան Առաքելյանը (բաս կիթառ)։

Հունիսի 10-ին կայացած համերգի ընթացքում ներկայացվեցին «Լուս Ա»-ի բոլոր յոթ ստեղծագործությունները։

Համերգի ընթացքում, սակայն, ալբոմում ձայնագրված ոչ բոլոր երաժիշտներն էին հանդես գալիս։ Ինչպես համերգի ընթացքում նշեց Ալեքս Գևորգյանը, հանկարծակի առողջական լուրջ խնդիրների՝ բարդ վիրահատության պատճառով համերգին չէր մասնակցում Արտո Թունջբոյաջյանը։ Արտոյի ներկայությունը համերգին, այդուհանդերձ, ապահովված էր. «Սոնա յար» ստեղծագործության կատարման ժամանակ Ալեքսի դաշնամուրին զուգահեռ՝ դահլիճի էկրանին ցուցադրվում էին ալբոմի ձայնագրության ժամանակ կատարված կադրերը․ հանդիսատեսը հնարավորություն ունեցավ տեսնելու Արտո Թունջբոյաջյանին բուն աշխատանքային, ստեղծագործական գործընթացում։

Համերգից առաջ եկած հանգամանքների պատճառով համերգին չէր մասնակցում նաև Միքայել Ոսկանյանը, ում կատարումը նույնպես ներկայացվեց տեսագրության միջոցով։

Իսկ «Գարուն ա» ստեղծագործությունը Սեմ Բաբայանի փոխարեն՝ Ալեքսի հետ կատարում էր տաղանդավոր երգչուհի Մանե Մինասյանը։

«Լուս Ա»-ն ինքնատիպ նախագիծ է ոչ միայն մտահղացմամբ, ստեղծագործական յուրահատկությամբ, այլ նաև բեմում գտնվող երիտասարդ երաժիշտների թիմով՝ Արտյոմ Մանուկյան (թավջութակ), Սերգեյ Բալաշով և Արմեն Շահվերդյան (հարվածային գործիքներ), Արսեն Ժամագործյան (բաս կիթառ, կոնտրաբաս), Հեկտոր Լտակիրոտ (Hector Cardoso Ltacirot, էլեկտրիկ կիթառ), «Տիեզերք» բենդ:
Համերգը Ալեքսի յուրատեսակ երկխոսությունն էր հանդիսատեսի հետ, որի միջոցով, ինչպես ինքն արտահայտվեց, փոխանցում էր իր չորս տարիների հոգեվիճակը։


««Լուս Ա»-ն ստեղծելիս ես չեմ մտածել, որ ինքը կլինի: Նա ինձ համար մի անհայտ կերպար է, հոգեվիճակ է, որը բավականին բարդ է: Կամ միգուցե մեկն է, ում նույնիսկ ես դեռ չեմ ճանաչում: Նա ինչ-որ մեկն է, ով պտտվում է իմ գլխի շուրջը: Իմ հոգում է անընդհատ: Ու իմ մտքում է անվերջ: Նա մի յուրահատուկ ու չկրկնվող կերպար է»,- իր ալբոմի մասին ասում էր Ալեքսը՝ հանդիսատեսին մաղթելով՝ «Բոլորիդ մեջ այս «Լուս Ա»-ից եմ ուզում մի քիչ: Ու կարծում եմ՝ նա այսօր տարածվեց այստեղ: Ու արդեն այն ձեր մեջ է: Ունեցեք ձեր անձնական լույսը․․․ Մնացեք լույսով»:

Ալեքս Գևորգյանն ուսանում է Պ․Ի․ Չայկովսկու անվան երաժշտական դպրոցի դաշնամուրի բաժնում:
«Բավականին բարդ ու շատ պատասխանատու աշխատանք էր ինձ համար. նախ՝ մեկտեղել մեկ պրոյեկտում այս հրաշալի երաժիշտներին, ու նրանց հետ միասին Կոմիտաս ներկայացնել: Անշուշտ, մինչև մշակումները, ես բավականին երկար ուսումնասիրեցի Կոմիտասին: Ալբոմում ներկայացված մի քանի ստեղծագործություններ Կոմիտասի այն մեղեդիներն են, որոնք նա հավաքագրել է իր բանահավաքչական տարիներին, ու մեզ են հասել հենց կոմիտասյան տարբերակները: Բայց ալբոմում կան նաև հենց իր՝ Կոմիտասի գրած ստեղծագործությունները: Այս ընթացքում ես ծանոթացա Կոմիտասի պատարագին, որը հաճախ եմ լսում: Միտք կա պատարագը կատարել երգչախմբի հետ, որովհետև որոշակի կտորներ ունեմ` ինքս մշակած, որոնք դաշնամուրի ու երգչախմբի համար են: Հպարտ ու շնորհակալ եմ, որ ուսանում եմ իմ դաշնամուրի ուսուցչի՝ Հասմիկ Անչարակյանի, կոմպոզիտոր Վաչե Շարաֆյանի, դաշնակահար Արմեն Բաբախանյանի մոտ: Դասական երաժշտությունը ես բացահայտում եմ հենց նրանց մեծագույն օգնությամբ։ Իսկ ջազը ինձ հետաքրքրեց դեռ մի քանի տարի առաջ, ու ջազի տարբեր ենթամասեր՝ հատկապես bebop-ը ուսումնասիրելուց հետո, ինձ առավել քան հետաքրքրեց ազգային երաժշտությունը: Պետք է անընդհատ, ամենուր խոսել հայկական ազգային երաժշտության մասին, պետք է կատարել այն, ու տարածել այն, ու պրոպագանդել այն»,- լրագրողների հետ զրույցում ասել էր 12-ամյա Ալեքս Գևորգյանը, որը համերգի ընթացքում ոչ միայն դաշնամուրային կատարմամբ, այլև վոկալով էր ներկայանում:

Լուսանկարները՝ Թինա Գևորգյանի և Հայկո Ոսկանյանի

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930