Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորած կառավարական պատվիրակությունը երկօրյա պաշտոնական այցով մեկնել է Կատարի Պետություն (ԿՊ): Պատվիրակության կազմում է նաև առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը:
ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը և ԿՊ առողջապահության նախարար Հանան բինթ Մուհամմադ ալ-Քուվարին ստորագրել են առողջապահության բնագավառում երկու երկրների համագործակցության պայմանագիր: Վերջին շրջանում առողջապահության բնագավառում զգալիորեն ակտիվացել են հարաբերությունները Հայաստանի Հանրապետության և Կատարի Պետության միջև:
«Հայաստանի Հանրապետության կառավարության և Կատարի Պետության կառավարության միջև առողջապահության բնագավառում համագործակցության մասին» համաձայնագրի ստորագրումը դրական ազդեցություն կունենա երկու պետությունների միջև ոլորտի փոխգործակցության բարելավման, առողջապահական և բժշկագիտության ասպարեզում հայ-կատարական սերտ համագործակցության վրա։ Միջգերատեսչական համագործակցության շնորհիվ` կողմերի միջև առավել արդյունավետ կկազմակերպվեն մասնագետների փորձի, գիտելիքի ուսումնասիրման և փոխանակման հարցերը: Իսկ առողջապահական ու բժշկագիտական հաստատությունների միջև ուղղակի կապեր ստեղծելու, առողջապահության համակարգի բարեփոխումների, բժշկական սպասարկման բարելավման, բժշկական տուրիզմի զարգացման ու փոխշահավետ ներդրումների ներգրավման, հանրային առողջության պահպանման և զարգացման, բժշկագիտական հետազոտությունների, դեղագիտության և երկկողմ հետաքրքրություն ներկայացնող այլ ոլորտներին առնչվող գործակցությունը նոր թափ կստանա: Պաշտոնական այցի բարձրաստիճան հանդիպումների շարքում նախատեսված է նաև երկու պետությունների առողջապահական գերատեսչությունների ղեկավարների հանդիպում` երկկողմ ձևաչափով:
ՀՀ առողջապահության նախարարություն