Հունիսի 13-ին Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցին տոնախմբեց Սուրբ Հռիփսիմյանց կույսերի հիշատակը: Տոնական այդ օրը նաև Սուրբ Հռիփսիմե վանքի ուխտի օրն է:
Առավոտյան Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնից եկեղեցականների թափորը հավատացյալների ուղեկցությամբ, Էջմիածնի Հայորդյաց տան սաների թմբուկների զարկերի ներքո, շարժվեց դեպի Սուրբ Հռիփսիմե վանք` տանելով սուրբ Հռիփսիմեի մասունքները: Սուրբ Գրիգոր Լուսավորչի կամարի առջև Ամենայն Հայոց Հայրապետը, սրբազան Աջով օրհնելով հոգևոր դասին և ներկա բարեպաշտ ժողովրդին, այն փոխանցեց Մայր Աթոռի լուսարարապետ Գերաշնորհ Տ. Մուշեղ եպիսկոպոս Բաբայանին:
Սուրբ Հռիփսիմե վանքի առջև թափորը դիմավորեցին վանքի հոգևոր սպասավորները և տարբեր վայրերից ժամանած բազում ուխտավորներ` Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Վանորեից տեսուչ Գերաշնորհ Տ. Արտակ եպիսկոպոս Տիգրանյանի գլխավորությամբ:
Տոնի առիթով վանքում մատուցվեց Սուրբ և Անմահ Պատարագ: Պատարագիչն էր Սուրբ Հռիփսիմե վանքի վանահայր Հոգեշնորհ Տ․ Անդրանիկ վարդապետ Գևորգյանը։
Կարդացեք նաև
Հայր Սուրբը, անդրադառնալով օրվա խորհրրդին, հորդորեց հավատավոր ժողովրդին Սուրբ կույս Հռիփսիմեի բարեխոսությամբ աղոթքով հայցել Ամենաբարձրյալ Աստծուն հայրենի երկրի խաղաղության համար։ «Թող սուրբ կույսի օրհնությունը մեզ ամենքիս վրա լինի, որպեսզի նույն ոգով, նույն անդրդվելիությամբ կարողանանք դիմակայել ու հաղթահարել մեր հայրենի երկրին պատահած փորձությունները, և մեր Տիրոջ պարգևած ամեն մի գալիք օրն ապրենք քրիստոնեավայել կենցաղավարությամբ ու հայրենիքը շենացնենք նախանաձախնդիր ոգով», -եզրափակեց Հայր Անդրանիկը:
Պատարագի ավարտին, հանդիսապետությամբ Վանորեից տեսուչ Գերաշնորհ Տ. Արտակ եպիսկոպոս Տիգրանյանի, սրբուհու մասունքակիր Աջով կատարվեց հավատացյալների օրհնություն և Անդաստանի կարգ:
Մայր Աթոռ Ս. Էջմիածին