Որպես տիեզերական տեխնիկայի ճարտարագետ-մասնագետներ, մենք կատարյալ ապատեղեկատվություն ենք գնահատում այսպես կոչված «հայկական արբանյակի» հետ կապված հրճվանքը, դրա ներկայացումը, որպես ազգային նվաճում:
Նախ «հայկական» արբանյակ հորջոջման մասին: Արբանյակը միջազգային տվյալներով նշվում է, որպես իսպանական: Այս ստեղծվել է իսպանական Satlantis Microsats ընկերության կողմից, հետևաբար, որևէ ներդրում Հայաստանը՝ մեր որևէ մասնագետ այդ արբանյակի նախագծմանը, ստեղծմանը չունի:
Այդ արբանյակը արձակվել է ԱՄՆ-ից Falcon-9FT կրող հրթիռով, Block-5 (F9-156) 59 ( հիսունինը!) միկրո-արբանյակների հետ փաթեթում: Փաթեթում նշված են, օրինակ, 4 արգենտինական՝ КА NuSat (№№ 28-31), 5 ֆիննական ICEYE-X (№№ 17-21), կանադական CHGSat («Luca», «Penny» и «Diako»), ավստրալիական Centauri-5, բուլղարական Piatform-1, … նաև երկու իսպանական Urdaneta-Armsat-1… Այսինքն, Հայաստանը, որպես երկիր չի հիշատակված:
Սակայն, եթե անգամ Հայաստանը հիշատակվեր այդ փաթեթում, այսինքն մենք որոշ ներդրում ունենայինք, դա առանձնապես ձեռքբերում չպետք է դիտվեր, քանի որ CubeSat դասի միկրո-արբանյակները սիրողական, կրթական ծրագրեր են, և դրանց տվյալները, որպես կանոն, պիտանի չեն լուրջ նպատակների համար, որոնք իրականացվում են իրական արբանյակային ծրագրերով:
Կարդացեք նաև
Նաև, թաքցնելը հասարակությունից՝ իբր գաղտնիության նպատակով, այս «ազգային նվաճման» թե՛ մանրամասները, թե՛ հարկատուից դրա վրա ծախսված գումարը, թվում է դարձյալ անհասկանալի:
Այս թեթևսոլիկ հրճվանքը ուղղակի վիրավորական է մեր հանրապետության համար, որտեղ դեռևս 1969–ին ստեղծվել, ապա արձակվել է ուղեծիր առաջին իրապես հայկական արբանյակը՝ քանզի ամբողջությամբ ստեղծվել էր Հայաստանում` ակադեմիկոս Գրիգոր Գուրզադյանի նախագծով և ղեկավարությամբ, ապա ստեղծվել են աշխարհում առավել կատարյալ տիեզերական աստղադիտակները՝ ՕՐԻՈՆ-1 և 2, Հայաստանում իրենց նախաթռիչքային պատրաստումն են անցել տասնյակ խորհրդային տիեզերագնաց, այդ թվում Ալեքսեյ Լեոնովը: Այսօր ևս, եվրոպական տիեզերական լուրջ ծրագրերում մեր մասնագետները ունեն ծանրակշիռ մասնակցություն: Այդ ամենի մասին կարելի է ծանոթանալ ներկայումս Տիեզերքի թանգարանում, Երևանում:
Աշոտ ԶԱԽԱՐՅԱՆ,
Հայաստանի պետական մրցանակի դափնեկիր, ՕՐԻՈՆ և այլ տիեզերական ծրագրերի առաջատար ճարտարագետ
Ալեքսանդր ԿԱՇԻՆ,
Հայաստանի պետական մրցանակի դափնեկիր, ՕՐԻՈՆ և այլ տիեզերական ծրագրերի առաջատար ճարտարագետ