Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Ինչո՞ւ է դանդաղում իշխանափոխության գործընթացը. Գագիկ Մինասյանի պարզաբանումները

Հունիս 13,2022 17:01

«725 միլիոն դրամ կրճատում են հոսպիտալների՝ նոր սարքավորումների ձեռք բերման բյուջեով նախատեսված գումարներից, փոխարենը ոստիկանությանը եւ ԱԱԾ-ին են մեծ գումարներ տալիս, այն պարագայում, երբ Ադրբեջանը եւ Թուրքիան ամեն ամիս նոր զորավարժություններ են իրականացնում, սպառազինություններ են գնում. սա է գործող իշխանության վերաբերմունքը այն խնդիրներին, որոնք Հայաստանում ստեղծվել են իրենց իսկ մեղքով: Ձեր իսկ կողմից հրահրված պատերազմի արդյունքում 10 հազարից ավելի վիրավորներ ունենք. ինչպե՞ս եք այդ սարքավորումների գնման թիվը նվազեցնում, դա ի՞նչ բարոյականություն է»,- այսօր «Հայելի» մամուլի ակումբում կայացած ասուլիսում հայտարարեց ՀՀԿ գործադիր մարմնի անդամ Գագիկ Մինասյանը՝ հավելելով, որ քանի դեռ Հայաստանում կա այս իշխանությունը՝ մենք խնդիրներ ենք ունենալու, որովհետեւ իրենք անընդհատ ուղերձներ են ուղարկում դես ու դեն՝ «եթե Հայաստանից պոկելու բան ունեք՝ համեցեք՝ էժան կտանք»:

Ըստ բանախոսի, կյանքը ցույց է տալիս, որ գործող իշխանությունը սպասարկում է Թուրքիայի եւ Ադրբեջանի պետական շահերը, ուստի պետական համակարգի աշխատողները պետք է կողմնորոշվեն՝ իրենք կամ գործող իշխանության հետ են եւ սպասարկում են դավաճան իշխանության շահը՝ սպասարկելով Թուրքիայի եւ Ադրբեջանի շահը, կամ՝ դեմ են դրան: Նրա կարծիքով, այս ամենը հստակ վերաբերմունքի պետք է արժանանա: Արդարացումները, թե «ընտանիք են պահում», Գագիկ Մինասյանը չի ընդունում. «Նույն բանը մենք չտեսա՞նք 1915 թվականին, այդ մարդիկ էլ էին իրենց երեխայի հացը… հետո այդ նույն երեխան ու ծնողը յաթաղանի տակ գնացին: Այդ նույն բանը մենք չտեսա՞նք Արցախում, Սյունիքում: Հետեւաբար, երեխայի հացով պաշտպանվելը սուտ է: Իրենց հոգում հաց չկա, իրենք իրենց հոգում չունեն Աստված, դրա համար էլ, իրենց նենգությունը փորձում են սքողել այդպիսի համընդհանուր հասկանալի տերմիններով: Ոչ: Դուք սպասարկում եք դավաճան իշխանությանը, դուք ստեղծում եք պայմաններ, որպեսզի վաղը ձեր գլխին ու ձեր երեխայի գլխին տեղի ունենա այն, ինչը որ տեղի է ունեցել 100 տարի առաջ, ինչը որ տեղի է ունեցել չորս տարի առաջ: Դուք դավաճանին սպասարկող եք»:

Ընդդիմության՝ փողոցում շուրջ երկամսյա պայքարի արդյունքներով, Գագիկ Մինասյանի վերլուծությունները երկու բան են արձանագրել՝ ունենք քաղաքացիական գիտակցության ցածր մակարդակ, պետական գիտակցության ցածր մակարդակ եւ վախ: «Բայց այդ վախը երկար կյանք չի կարող ունենալ. այն ավարտվում է կամ ձեր, կամ ձեր զավակների կամ՝ ձեր եւ ձեր զավակների մահով»,- ասում է ՀՀԿ-ական գործիչը: Իր դիտարկումները հիմնված են վերջերս իրականացված սոցիոլոգիական հարցումների վրա, ըստ որոնց, հանրության մեծամասնությունը չի կիսում գործող իշխանության վարած քաղաքականությունը, չի վստահում նրանց անվտանգային հարցերում, բայց եւ փողոց՝ պայքարելու դուրս չեն գալիս:

Ամեն դեպքում, իր արձանագրմամբ, 2018-ից հետո մեր հասարակությունում շատ բան է փոխվել եւ այսօր մենք էապես տարբերվող հասարակություն ունենք. «Առողջացման գործընթացն ակնառու է, մենք դա պետք է տեսնենք եւ խրախուսենք: Այս տեսակետից, քաղաքական ուժերի, հասարակական կառույցների եւ լրատվամիջոցների կատարած աշխատանքը դրական արդյունքներ է տալիս եւ ամեն ինչ գնում է ճիշտ ճանապարհով, ցավոք, մի քիչ դանդաղ: Եվ այս ապիկարներին հեռացնելը սարերի ետեւում չէ: Ուղղակի, որքան ուշ, այնքան աշխատանքը, որը պետք է ներդնենք, որպեսզի վերականգնենք կորսվածը, ավելի շատ կլինի»:

Գագիկ Մինասյանն ասաց, որ ընդդիմությունը պայքարը կշարունակի նոր գործիքակազմով, որը կներկայացվի վաղը՝ Ֆրանսիայի հրապարակում կայանալիք հանրահավաքում:

Նշված հարցման այն արդյունքը, որ հանրության 80 տոկոսը Արցախը Հայաստանից դուրս չի տեսնում, Գագիկ Մինասյանին ուրախացրել է, հատկապես այն պարագայում, երբ «ազգակործան պատուհասը» հայտարարում է, թե անգամ դրա տեսական հնարավորությունը չկա:

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930