Լրահոս
Օրվա լրահոսը

Լարիսա Ալավերդյան․ «Հայաստանը ունի դրածո, որը իրականացնում է դրսերից հրամայած բոլոր այն քայլերը, որոնք տանում են Հայաստանը եւ հայ ժողովրդին դեպի կործանում»

Հունիս 13,2022 16:06

ՀՀ մարդու իրավունքների առաջին պաշտպան Լարիսա Ալավերդյանը «Հայելի» ակումբում այսօր խոսելով Հայաստանի առջեւ ծառացած ներքին եւ արտաքին վտանգների մասին՝ ասաց. «Նախ եւ առաջ անդրադառնամ նրան, թե սրանք ինչպես են եկել իշխանության: Էլի կրկնեմ՝ ժողովուրդը այդտեղ չի խաղացել գլխավոր դերը: Նա ուղղակի դիզայնն է եղել: Ժողովրդին պարզապես խաբել են: Եվ այս առումով դրսի այն բոլոր կենտրոնները, որոնք մտածել եւ իրականացրել են այս սցենարը Հայաստանում՝ նրանք այսօր հենց այն հենարանն են, որի վրա հիմնվում է քաղաքացի Փաշինյանը: Պետք է հստակեցնենք.նա ոչ եկել էր ժողովրդի ձայնով, ոչ էլ նա պատրաստ է գնալ: Ինչու: Որովհետեւ ինքը ունի այլ պարտավորություններ՝ այլ կենտրոնների առջեւ: Նրա արտահայտությունը. «Կամ ես կլինեմ Հայաստանի վարչապետ, կամ Հայաստանը վարչապետ չի ունենա»: Իրականում Հայաստանը վարչապետ չունի: Այսինքն, ինքն է, բայց Հայաստանը վարչապետ չունի: Հայաստանը ունի դրածո, որը իրականացնում է դրսերից հրամայած բոլոր այն քայլերը, որոնք տանում են Հայաստանը եւ հայ ժողովրդին դեպի կործանում:

«Դիմադրության» շարժման մասին: Նրանք, ովքեր այսօր դուրս են գալիս փողոց, դա հայերի արժանապատվության համար պայքար է: Պատկերացրեք, որ այս բողոքը չլինի: Այսինքն, բոլորը համաձա՞յն են ազգային այս ստորացմանը:

Երկու բան: Ես բացարձակապես չեմ խոսելու համեմատականներով, չեմ ասելու ոչ մի նախագահի անուն, որոնք որ իրենց ժամանակ առնվազն պահել են նյութական ստատուս քվոն: Այսինքն, պահել են սահմանները, Արցախի Հանրապետությունը: Ամեն մի իշխանություն՝ խաբելո՞վ է եկել, ի՞նչ է արել, կապ չունի: Ամեն մի իշխանություն անձամբ իր թիմով պատասխանատու է այն ամենի համար, ինչը տեղի է ունենում իր ժամանակ: Եվ վերջ:

Եկել եք, ասել եք. անելու եք սա, սա, սա եւ արել եք հակառա՞կը, վերջ: Այս իշխանությունը կրում է պատասխանատվություն եւ ունի մեղքի հստակ մեծ բաժին: Խոսում ենք, թե ինչ գործընթացներ են հիմա: Հիշեցնեմ, որ 2018 թվականին այստեղ ես ասել եմ, որ այդ անորոշությունը եւ կիսատ-պռատ արտահայտությունները ավելի վտանգավոր են, քան ժամանակին առաջին նախագահի ասածը, որ Լեռնային Ղարաբաղը պիտի լինի Ադրբեջանի կազմում: Դա ավելի հստակ էր եւ դա էր առաջացրել ժողովրդի պոռթկումը: Եվ դա էր բերել նրան, որ ամենանվիրյալներից մեկը՝ լուսահոգի Վազգեն Սարգսյանը, ասաց. այս ճանապարհը մեր ճանապարհը չէ: Վազգեն Սարգսյանը եղել է ամենանվիրյալ անձը Լեւոն Տեր-Պետրոսյանի համար: Եվ պատահական չէ, որ Վազգեն Սարգսյանը սպանվեց:

Երկրորդ նախագահի ժամանակ բոլոր սխալների մասին հնչեցվել է: Եվ եթե այս իշխանությունները չորս տարի շարունակ չեն կարողանում ապացուցել որեւէ մեկ մեղադրանքը, դա նշանակում է. կամ այդ բոլոր մեղադրանքները սուտ են, կեղծ են, կամ, ուղղակի այս իշխանությունները բացարձակապես ապաշնորհ են: Այս իշխանությունը չորս տարի շարունակ մեղադրում է երկրորդ նախագահին ամենատարբեր մեղքերի համար: Որեւէ մեկը մինչ այսօր չի ապացուցվել: Առնվազն, կամ երկրորդ նախագահի հանդեպ իրականացվում է քաղաքական հետապնդում եւ զրպարտանք, կամ էլ այս իշխանությունները բոլորովին այլ բան են անում այդ աղմուկի ներքո, այդ աղմուկը բոլորովին այլ բանի համար է պետք»:

Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930