Լրահոս
Օրվա լրահոսը

«Նայեք սոցցանցերը»․ ինչպե՞ս է Վարդանյանը պարզել, որ ատելության խոսքի մակարդակը նվազել է

Հունիս 13,2022 15:33

«Եթե կհիշեք քննարկումները, ապա մենք հիմնվում էինք ատելության խոսքի բարձր մակարդակի վրա եւ ասում, որ դա որպես ժամանակավոր միջոց ենք կիրառելու, որ քիչ թե շատ իրավիճակը շտկվի։ Այն, որ որոշակի կանխարգելում իրականացվեց, եւ ատելության խոսքը չբարձրացավ բարձր մակարդակի, քաղաքական ուժերի խոհեմությունը հաշվի առնելով եւ նաեւ այն, որ հայհոյանքը մշտապես հասարակությունում եղել է տաբու․․․փորձեցինք ամենածայրահեղ փուլում քրեականացնել այդ երեւույթը»,-խորհրդարանում լրագրողների հետ ճեպազրույցում այսօր ասաց ԱԺ պետաիրավական հարցերի հանձնաժողովի նախագահ, ՔՊ խմբակցության պատգամավոր Վլադիմիր Վարդանյանը։

Հիշեցնենք՝ օրերս ՀՀ արդարադատության նախարար Կարեն Անդրեասյանը հայտարարել է, որ կառավարությունը որոշել է հրաժարվել ծանր վիրավորանքի համար քրեական պատասխանատվությունից․ հուլիսի 1-ից ուժի մեջ մտնող քրեական նոր օրենսգրքում չի գործի դեռեւս մեկ տարի առաջ ընդունված այդ դրույթը, եւ փոխարենն անձին ծանր վիրավորանք հասցնելու համար կկիրառվի մինչ օրս էլ գործող՝ մինչև 3 միլիոն դրամի տուգանքի դրույթը։

Վլադիմիր Վարդանյանը նշեց․ «Ժամանակի ընթացքը հաշվի առնելով՝ նոր օրենսգրքում չենք նախատեսել դա։ Եթե արարքը ապաքրեականացվում է, ապա քրեական գործը ենթակա է կարճման»։

Հարցին՝ «այդ դեպքում ո՞րն էր իմաստն այս օրենքի», պատգամավորը պատասխանեց․ «Կար բավականին բարձր մակարդակ։ Հայհոյանքն արդեն դարձել էր քաղաքական խոսույթի մաս, անհրաժեշտ էր միջոցներ ձեռնարկել։ Ընդ որում, ոչ ՄԻԵԴ-ը, եւ ոչ էլ այլ միջազգային չափանիշ հայհոյանքի դեմ պայքարը չի կարող ընդունել որպես խոսքի ազատության անթույլատրելի սահմանափակում։ Ոչ, միջազգային հանրության ճնշմամբ որեւէ բան չի եղել»։

Ըստ Վլադիմիր Վարդանյանի՝ որեւէ դրույթի քրեականացումը կամ ապաքրեականացումը քաղաքական կամքի դրսեւորում է․ «Քաղաքական իրավիճակը կարող է փոխվել, եւ արարքը դառնում է հանրորեն վտանգավոր կամ քիչ վտանգավոր։ Կովիդի սահմանափակումները եւս ապաքրեականացվել են, որովհետեւ մեծ քանակի պատվաստանյութեր ունենք արդեն»։

Հարցին՝ ինչպե՞ս եք պարզել, որ ատելության խոսքի մակարդակը նվազել է, թվեր կա՞ն, Վլադիմիր Վարդանյանը պատասխանեց․ «Շատ հեշտ է՝ փորձեք սոցցանցերն ուսումնասիրել, խոսույթը, հայտարարություններն ուսումնասիրել։ Ամեն օր ընդդիմությունը հայտարարություն․․․»։ Այստեղ Վլադիմիր Վարդանյանի խոսքը կիսատ մնաց։ Նա ասաց՝ դադարեցնում է հայտարարությունը, քանի որ լրագրողներն ընդհատեցին իրար։

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Հայկ համբարձումեան says:

    Հա հա հա
    Ես ալ քեզ կ’ատեմ

    Կը ներէք, միայն կը փորձեմ ատելութեան մակարդակը քիչ մը նորէն բարձրացնել.

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930