Լրահոս
Օրվա լրահոսը

Մարտին Գալստյան․ «Եթե ԿԲ-ն արհեստական արժեզրկի դրամը, ապա գնաճն ավելի բարձր կլինի»

Հունիս 13,2022 15:15

Հայաստանում մայիս ամսին գնաճը կազմել է 9%, ինչը չափազանց բարձր թիվ է Հայաստանի տնտեսության համար։ Այս մասին այսօր ԱԺ ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նիստում պատասխանելով պատգամավորի հարցին՝ ասաց ԿԲ նախագահ Մարտին Գալստյանը։

«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Արուսյակ Մանավազյանը հետաքրքրվեց՝ տարադրամի արժեզրկման պատճառով շատ տնտեսվարողների մոտ՝ արտահանողներ, վերամշակողներ, զբոսաշրջային ընկերություններ, ՏՏ ոլորտի տնտեսվարողներ, եւ այլն, դրսում պայմանագրեր ունեն կնքված, հիմա լուրջ խուճապ է նրանց մոտ, ի՞նչ սպասեն, եւ եթե դրամն այդքան արժեւորվել է, ինչո՞ւ գնաճը չի մեղմվում, այլ հակառակն է տեղի ունենում։

Մարտին Գալստյանն ի պատասխան ասաց՝ 9% գնաճը չափազանց բարձր թիվ է Հայաստանի տնտեսության եւ ընդհանուր մեր պատմական զարգացումները դիտարկելու առումով․ «Իհարկե, մեզ շրջապատող կամ գործընկեր երկրներում գնաճի ցուցանիշը շատ ավելի բարձր է, քան Հայաստանում, սակայն պետք է հասկանանք, որ սպառողական գների ինդեքսի 9% աճը ենթադրում է, որ առաջին անհրաժեշտության ապրանքների գնաճը շատ ավելի բարձր է։Փոխարժեքը ձեւավորվում է շուկայում առաջարկի-պահանջարկի հիման վրա, այսինքն՝ ԿԲ-ն որեւէ ազդեցություն փոխարժեքի ձեւավորման վրա չունի, որովհետեւ ԿԲ-ն ազդեցություն է ունենում այն դեպքում, երբ ԿԲ-ն արտարժույթ վաճառեր։ Մենք արել ենք հակառակը՝ տարվա ընթացքում մոտ 100 միլիոն դոլարին համարժեք արտարժույթ ենք ձեռք բերել շուկայից, ու դա արել ենք մեր մանդատի ներքո։ Մենք ինտերվենցիաներ արել ենք միայն այն դեպքում, երբ շուկայում նկատել ենք շուկայական մեխանիզմների որոշակի խեղաթյուրումներ»։

Գալստյանը նշեց՝ փոխարժեքը ձեւավորվում է շուկայում ազատ առաջարկի եւ պահանջարկի հիման վրա, ԿԲ-ին հորդորում են արհեստական մտնի շուկա, միջամտի եւ արժեզրկի ազգային արժույթը, որը միգուցե կօգնի տնտեսվարողների որոշակի խմբին, մասնավորապես՝ արտահանողներին․ «Բայց պետք է հասկանալ, թե դրա համար ով է վճարելու։ Դրա համար վճարելու է լայն հասարակությունը, որովհետեւ փոխարժեքն այսօր պայմանական լինի այսօրվա փոխարժեքից որոշակի բարձր, կունենանք գնաճի շատ ավելի բարձր մակարդակ։ Սա անխուսափելիորեն հանգեցնելու է մեր հայրենակիցների կենսամակարդակի ավելի նվազման, մասնավորապես այն հայրենակիցների, ովքեր տնտեսապես շատ զգայուն են»։

Նա մանրամասն ներկայացրեց խնդիրը եւ հնարավոր լուծումներն՝ իրենց հնարավոր ազդեցությամբ, եւ ասաց, որ խնդրի լուծումներից մեկը, որ հաճախ լսում է, եւ հասարակության մոտ էլ կարծիք կա, թե ճիշտ կլինի ԿԲ-ն փոխարժեքը ֆիքսի․ «Եթե մենք հիշում ենք նաեւ ավելի երկար տեւած այն շրջանը, երբ ազգային արժույթը արժեզրկվում էր, մեզ էլի հորդորում էին ազգային արժույթ արժևորենք, որովհետեւ հակառակ ազդեցությունն էր տեղի ունենում։ Այսինքն՝ ԿԲ գործիքակազմն ազդում է ամբողջական պահանջարկի վրա եւ չունի նյուանս մոտեցումներ՝ ազդելու այս կամ այն խմբի շահերը սպասարկելու տեսանկյունից։ Եթե մենք արհեստական արժեզրկենք դրամը ու մեր մանդատին դեմ գնանք, մտնենք շուկա, ձեռք բերենք արտարժույթ, մենք կբախվենք գնաճի եւս մեկ ալիքի հետ, որը կհարվածի բոլորին»։

ԿԲ նախագահն ասաց, որ միջազգային լավագույն փորձը հուշում է՝ նման իրավիճակներում շատ կարեւոր է սեկտորային քաղաքականությունների իրականացումը, այսինքն՝ կան սեկտորներ, որոնք ստեղծված իրավիճակում տուժում են կամ որոշակիորեն ունեն մրցունակության անկում, այդ սեկտորներին պետք է տրվի որոշակի օժանդակություն եւ դա կարող է լինել կառավարության կողմից որոշակի քաղաքականության ներքո՝ հավելյալ սուբսիդիաներ, որոշակի հարկերի նվազման կամ այլ օժանդակության հնարավորություն։

«Պետք է հասկանանք՝ գնաճն իր հետ բերում է հավելյալ հարկային եկամուտներ, եւ հավելյալ եկամուտների վերաբաշխման միջոցով, միգուցե պետք է նաեւ արձագանքենք ստեղծված խնդրին»,-ասաց Գալստյանը:

Անդրադառնալով հարցին՝ թե ինչո՞ւ ստեղծված փոխարժեքի պարագայում գները չեն ճշգրտվում այնքանով, որքանով փոխարժեքն արժեւորվել է՝ ԿԲ նախագահը պատասխանեց․ «Այստեղ երկու գործոն կա, ու չնայած խնդիրը մեր դաշտում չէ, բայց կփորձեմ անդրադառնալ: Այս փուլում, երբ փոխարժեքը արժեւորվել է, ապրանքների միջազգային գները կտրուկ բարձրացել են՝ պայմանավորված ռուս-ուկրաինական պատերազմով, ցորենը գտնվում է պատմական մաքսիմումի վրա։ Նույնը՝ արեւածաղկի ձեթը։ Առաջին անհրաժեշտության ապրանքների համար կա միջազգային գների շատ մեծ աճ: Երկրորդը՝ արտահանողների հետ մեր շփումներում մենք հաճախ լսում ենք տրանսպորտային խնդիրների մասին։ Իրենց համար փոխարժեքը չէ առաջնային խնդիրը, այլ Լարսի տարողունակության կամ տրանսպորտային ծախսերի ընդհանուր ավելացման խնդիրն է։ Ունենք արտահանողներ, որոնք ժամանակին արտահանում էին ՌԴ՝ Լարսով ու արտահանված ապրանքի փոխարեն նույն բեռնափոխադրող մեքենայով ներմուծում էին իրականացնում։ Հիմա այդ նույն արտահանողը Լարսով արտահանելով կորցնում է ապրանքի մի մասը, որովհետեւ այն ճանապարհին փչանում է, վերադարձի ժամանակ ներմուծվող ապրանք իր հետ չի բերում, քանի որ եթե բերի՝ տեւում է 15 օր, եթե ապրանք չկա՝ դատարկ է վերադառնում, դա տեւում է 3 օր, այսինքն՝ ընկերությունների ծախսային կոմպոնենտներն էապես աճել են։ Մենք կամ պատկան մարմինները պետք է համադրենք, թե ծախսերի աճն ինչքան է եղել ու փոխարժեքի ազդեցությունն ինչքան է եղել, նոր որոշակի դատողություններ անենք՝ գները ճշգրտվե՞լ են, թե՞ չեն ճշգրտվել»։ Նա կրկնեց՝ եթե ԿԲ-ն արհեսատական միջամտի, ապա գնաճն ավելի բարձր կլինի։

ԿԲ նախագահը օրինակ բերեց՝ ԱՄՆ-ն, որը նավթի արդյունահանող եւ արտահանող երկիր է, բենզինը կրկնակի է թանկացել, իսկ Հայաստանում բենզինը կրկնակի չի թանկացել։

Գալստյանի ներկայացմամբ՝ աշխարհաքաղաքական իրադարձություները բերումով՝ մոտակա ամիսներին գնաճային միջավայրը դեռևս շարունակվելու է, բայց, եթե որեւէ նոր արտասովոր բան տեղի չունենա՝ տարվա վերջին այս պահի դրությամբ ունեցած գնաճից ավելի ցածր գնաճ կլինի։

Նելլի ԲԱԲԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930