ՍԴ աշխատակազմի նախկին ղեկավար Էդգար Ղազարյանը «Հայելի» ակումբում անդրադառնալով այսօր վերաքննիչ դատարանի դատավոր Լուսինե Հովհաննիսյանի՝ պրոդյուսեր Արմեն Գրիգորյանի կալանավորման դեմ բողոքը մերժելուն՝ ասաց. «Արմեն Գրիգորյանը հայտնվել է բանտում միայն այն բանի համար, որ ինքը խոսել է մի բան, որը իր հարցազրույցներին հետեւող առնվազն 20 հազար մարդիկ համարել են շատ տեղին եւ անհրաժեշտ: Եվ այդ վիճակում միայն Արմենը չէ: Եթե չլիներ Նիկոլ Փաշինյանին վռնդելու շարժումը, այդ մարդկանցից ոչ ոք կալանավորված չէր լինի: Հետեւաբար, եթե այդ բոլոր մարդիկ կալանավորված են քաղաքական հայացքների համար, դա նշանակում է, որ նրանք բոլորն էլ քաղբանտարկյալ են: Եվ պայքարի այս փուլում յուրաքանչյուրս պետք է կանգնենք այդ մարդկանց կողքին:
Տպավորություն է, թե հայ ժողովրդի թշնամին միայն Նիկոլ Փաշինյանն է: Դա այդպես չէ: Եթե դատավորը, որը ակնհայտորեն գիտի, թե ինքը ինչ որոշում է կայացնում, մարդուն թողնում է կալանքի տակ, նա նույնպես թշնամի է: Պետք է գնալ ու այդ դատավորին ասել, որ իմանա: Որովհետեւ նրանց՝ դատավորներ, դատախազներ, կառավարության անդամներ, իշխանական պատգամավորներ եւ այս շարքին այլ դասվողներ, թվում է, որ եթե միայն Նիկոլին են ասում, ուրեմն նա է թշնամին, իսկ իրենք իրենց կոմֆորտ են զգում, այդպես չէ: Նրանց բոլորի ընտանիքի անդամները, հարազատները պետք է իմանան, որ իրենց հայրը, ամուսինը, քրոջ ամուսինը, հորեղբոր տղան հայ ժողովրդի թշնամի է, որովհետեւ ծառայում է թշնամուն»:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ