Լրահոս
Օրվա լրահոսը

«Դատավորներն ավելի աչալուրջ պետք է լինեն, որպեսզի խախտումը պաշտոնից ազատման հարց չառաջացնի»․ Արթուր Դավթյան

Հունիս 13,2022 14:51

ԱԺ պետաիրավական հարցերի հանձնաժողովն այսօր հերթական նիստը գումարեց առանց ընդդիմության մասնակցության եւ դրական եզրակացություն տվեց «Դատական օրենսգիրք սահմանադրական օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» նախագծին․ առաջարկվում է ՀՀ-ի մասնակցությամբ միջազգային դատարանի ակտով բացահայտված խախտումները դիտարկել որպես դատավորի պաշտոնի անհամատեղելիության հիմք՝ հնարավորություն տալով այդ հիմքով դադարեցնել դատավորի լիազորությունները։ Սա, ինչպես զեկուցեց ՀՀ արդարադատության փոխնախարար Գրիգոր Մինասյանը, եղել է նախագծի նախնական տարբերակը, սակայն Վենետիկի հանձնաժողովի կարծիքը ստանալուց հետո առաջարկը լրամշակվել է։

«Հստակեցվել է՝ այն դեպքում, երբ դատավորի կողմից արդարադատություն իրականացնելիս թույլ տված խախտումը հայտնաբերվել է, օրինակ, ՄԻԵԴ վճռի ուսումնասիրության արդյունքում, ապա այդ հիմքով կարգապահական վարույթ կարող է հարուցվել՝ խախտումը հայտնաբերելուց հետո մեկ տարվա ժամկետում։ Վարույթ չի կարող հարուցվել, եթե ՄԻԵԴ-ի որոշման՝ ուժի մեջ մտնելուց անցել է 15 տարի։ Կարող է հարուցվել նաեւ մինչեւ օրենքի ուժի մեջ մտնելը միջազգային ակտերով հայտնաբերված խախտումների դեպքում»,-տեղեկացրեց Գրիգոր Մինասյանը։

ՔՊ խմբակցության պատգամավոր Արթուր Դավթյանը (լուսանկարում) նկատեց․ «Եթե 2 տարի առաջ եղել է ՄԻԵԴ որոշում, կա խախտման մասին տեղեկություն, բայց քանի որ 15 տարի հետ գնալու հնարավորություն չի եղել, քայլ չի ձեռնարկվի։ Եթե նպատակը ՄԻԵԴ որոշումների արդյունքում դատավորներին կարգապահական պատասխանատվության ենթարկելն է, ապա չեմ կարծում, որ սրանով նպատակին կհասնենք, որովհետեւ մեկ տարվա կիրառելիության ժամկետով կա սահմանափակում։ Եթե ՄԻԵԴ որոշումից անցնում է մեկ տարի, էլ չի լինում հնարավորություն»։

Գրիգոր Մինասյանը պարզաբանեց․ «Մեկ տարի ժամկետը վերաբերելի է խախտումը հայտնաբերելուց հետոյին։ Հայտնաբերել՝ չի նշանակում տեղյակ լինել ՄԻԵԴ վճռին։ Երբ սկսվի վարույթի հարուցման գործընթաց, այն չպետք է քննարկվի մեկ տարուց ավել։ Դա չի վերաբերում 15 տարուն»։

Արթուր Դավթյանը հավելեց․ «Սրանով դատական իշխանության որակի բարձրացում կարող ենք ակնկալել․ դատավորներն ավելի աչալուրջ պետք է լինեն, որ չանեն դատավարական այնպիսի կոպիտ խախտումներ, որոնք հետո իրենց պաշտոնից ազատման հարց կառաջացնեն»։

ՔՊ խմբակցության մեկ այլ պատգամավոր Վիգեն Խաչատրյանը փոքր-ինչ չհամաձայնեց․ «Լավ կամ վատ դատական համակարգ չի լինում։ Կամ լինում է կամ ոչ։ Մեր խնդիրն է, որ ունենանք դատական համակարգ»։

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930