Լրահոս
Օրվա լրահոսը

«Հպարտանում է, որ այսքան մարդ կալանավորվել է, փոխանակ որպես զոռբայություն ներկայացնի»․ Վիգեն Խաչատրյան

Հունիս 13,2022 14:16

«Ինչ վերաբերում է հազարավոր գործերին, ապա դա անհեթեթություն է։ Ես չեմ կարծում, որ ՀՀ-ում այդքան անդաստիարակ մարդ կա, որ իրեն թույլ կտա այդքան․․․երեւի, հնարավոր է, բոլոր դեպքերում տեղյակ չեմ մանրամասներին»,-խորհրդարանում լրագրողների հետ ճեպազրույցում այսօր անդրադառնալով նկատառմանը, որ իշխանությունը որոշել է ապաքրեականացնել ծանր վիրավորանքը՝ հաշվի առնելով նաեւ հազարի հասնող գործերի թիվը, ասաց պետաիրավական հարցերի հանձնաժողովի անդամ, ՔՊ խմբակցության պատգամավոր Վիգեն Խաչատրյանը։

Նա հստակեցրեց խոսքը՝ ինքը տեղյակ չի, թե ինչու իշխանությունը որոշեց ապաքրեականացնել ծանր վիրավորանքը։

Հիշեցնենք՝ օրերս ՀՀ արդարադատության նախարար Կարեն Անդրեասյանը հայտարարել է, որ կառավարությունը որոշել է հրաժարվել ծանր վիրավորանքի համար քրեական պատասխանատվությունից․ հուլիսի 1-ից ուժի մեջ մտնող քրեական նոր օրենսգրքում չի գործի դեռեւս մեկ տարի առաջ ընդունված այդ դրույթը, եւ փոխարենն անձին ծանր վիրավորանք հասցնելու համար կկիրառվի մինչ օրս էլ գործող՝ մինչև 3 միլիոն դրամի տուգանքի դրույթը։

Հարցին՝ արդարադատության նախարարությունը հրաժարվում է մի դրույթից, որը ՔՊ-ն քննարկել ու ընդունել էր, չի հետաքրքրո՞ւմ հիմնավորումը, չի հետաքրքրո՞ւմ, որ նախարարը «մի ստատուսով» չեղարկում է այն, Վիգեն Խաչատրյանն այսպես արձագանքեց․ «Դուք դրա համար ուրա՞խ եք, թե՞ տխուր։ Անձամբ ի՞նչ եք կարծում։ Իմ կարծիքով՝ օրենքը կարելի էր թողնել ինչպես որ կա, կարելի էր նաեւ փոխել, որովհետեւ դա այն խնդիրն է, որն օրենքով չի լուծվում։ Դա կախված է մարդկանց դաստիարակությունից, ավանդույթներից։ Եթե խոսքը հայհոյանքի մասին է, ապա իրեն հարգող մարդը թույլ չի տա։ Ինձ ավելի լուրջ հարցեր են մտահոգում։ Մենք կրթական համակարգի խնդիր ունենք՝ մանկապարտեզից սկսած։ Այսօր զոռբայության, անդաստիարակության դրսեւորումներ կան՝ ԱԺ դահլիճից մինչեւ տրանսպորտ»։

Լրագրողները նշեցին՝ երբ օրենքը քննարկվում էր, ընդդիմությունն ու հ/կ-ները դեմ էին արտահայտվում, այդ ժամանակ ինչո՞ւ ընդունվեց։ Վիգեն Խաչատրյանը պատասխանեց․ «Ըստ երեւույթին, ընդունելու ժամանակ մարդիկ կարծել են, որ օրենքը կզսպի։ Ասում եք՝ հազարավոր գործեր։ Երեւի եկել են համոզման, որ հարցն օրենքով չի լուծվում, որ դա շատերին կարող է դրդել «հերոսանալու»։ Մարդ կա, որ հպարտանում է, որ այսքան մարդ կալանավորվել է ու բերման ենթարկվել, եւ դա որպես համարձակություն է ներկայացնում, փոխանակ որպես զոռբայություն ներկայացնի։

Հարցին՝ հայհոյանքներն ու էժանագին վիրավորանքներն ո՞վ բերեց հանրային տիրույթ, Վիգեն Խաչատրյանը պատասխանեց․ «Բերե՞ց։ Չեմ հիշում»։ Լրագրողը նշեց՝ կարծիք կա, դա սկսվեց հանրությանը սեւի-սպիտակի բաժանելուց, դատավորներին «վնգստացողներ» անվանելուց։ «Այդ բոլոր արտահայտությունները կարելի էր չանել, բայց չեմ կարծում, որ դա է հիմնական պատճառը։ Բայց թե ինչպես են դատավորներն իրենց պահում, դուք բոլորից լավ եք տեսնում։ Իմ կարծիքով՝ նրանք ընդհանրապես չպետք է դատավոր լինեն, նրանք սովոր են պատվեր կատարել։ Այսօր դատավորների զգալի մասը կամակատար է մնում նրանց համար, որոնց շնորհիվ դատավոր է դարձել։ Իսկ սեւ-սպիտակը հաջող արտահայտություն չի, բայց հեղափոխությունից առաջ հասարակությունն արդեն բաժանված էր արտոնյալների եւ իրավազուրկների։ Սյունիքում գիտեք, թե ով է ամեն ինչ որոշում կամ Արշալույսում, կամ ում թիկնազորի պետը կարող էր ամեն ինչ որոշել»,-կարծիք հայտնեց Վիգեն Խաչատրյանը։

Ըստ նրա՝ հանրությունը մինչեւ հեղափոխությունը բաժանված էր, իրենք ամեն ինչ անում են, որ բաժանումը վերանա, բայց բաժանողները նորից են ուզում բաժանել։

Վիգեն Խաչատրյանը նաեւ հայտնեց՝ եղել է, որ իրեն զանգել են ոստիկանությունից, ասել, որ ինչ-որ օգտատեր անվայել արտահայտություններ է գրել իր հասցեին, սակայն ինքն ասել է, որ բողոք չունի, մարդն անդաստիարակ է․ «Գիտեմ ով է։ Զանգել եմ եղբորն ու ասել, որ դաստիարակությամբ զբաղվի։ Չեմ ասի անունը։

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930