Լրահոս
Օրվա լրահոսը

Տիգրան Խաչատրյան․ «Եկամտային հարկի վերադարձի գծով առաջիկա 2-3 տարիներին մեր ծախսը կրկնապատկվելու է»

Հունիս 13,2022 14:08

Նախորդ տարի եկամտային հարկի գծով պետական բյուջեի կատարողականը կազմել է 32.6 մլրդ դրամ՝ 83.8%-ով կամ 14.9 մլրդ դրամով գերազանցելով 2020-ի ցուցանիշը։ 32.6 մլրդ դրամը վերաբերում է հիփոթեքի տոկոսների փոխհատուցմանը, ուսման վճարների փոխհատուցման, շահաբաժինների նկատմամբ վճարած հարկի վերադարձին՝ եթե կատարվել են ներդրումներ։ Այս ցուցանիշն այսօր ԱԺ ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովում 2021 թվականի պետական բյուջեի կատարման տարեկան հաշվետվության քննարկման ժամանակ ներկայացրեց ֆինանսների նախարար Տիգրան Խաչատրյանը։

Հանձնաժողովի անդամ ՔՊ խմբակցության պատգամավոր Միքայել Թումասյանը նախարարից հետաքրքրվեց՝ 2021-ի տվյալներով՝ հիփոթեքով բնակարանների ձեռք բերման ծրագրով վերադարձվել է եկամտային հարկի 22.7 մլրդ դրամ, սակայն 2025 թվականից այլեւս չի լինելու եկամտային հարկի վերադարձը, հուլիսի 1-ից դադարեցվում է Կենտրոն եւ Արաբկիր վարչական շրջաններում բնակարանների գնման դեպքում, սակայն մեկ այլ օրենքով եկամտային հարկը վերադարձվելու է առանձնատների ձեռքբերման համար․ արդյոք կա՞ հաշվարկ՝ այս գումարն ավելի կաճի՞, թե՞ կնվազի։

Տիգրան Խաչատրյանը պարզաբանեց՝ արտոնությունը պահպանվելու է մինչ որոշումն ընդունելը ձեռք բերած բնակարանների համար, հետո գործելու է Երեւանից դուրս նորակառույցներում բնակարան ձեռքբերոողների կամ կառուցվող առանձնատների համար։ Ուստի, ըստ նախարարի, եկամտային հարկի վերադարձի այդ 22 միլիարդ դրամն էապես ավելանալու է առաջիկա 2-3 տարիներին։

Նա նկատեց՝ քանի որ Երեւանում վերջնաժամկետ է սահմանվել, դա արագացրել է այն մարդկանց որոշումները, ովքեր որոշել էին Երեւանում բնակարան գնել, նաեւ կառուցապատումն է արագացել․ «Մի կողմից՝ սա համապատասխանում է տնտեսական նպատակներին, որոնց պատճառով արտոնության վերաբերյալ որոշումներ են կայացրած եղել, մյուս կողմից՝ մենք հասկանում ենք, որ դա նաեւ այլ հավասար պայմաններում եկամտային ռիսկ է, որովհետեւ եթե այսօր շահառուները մոտ 25-30 հազար են, դրանք անցած տարվա վերջին 22 հազար են եղել։ Հիմա 30 հազարից, վստահաբար, ավելին են։ Առաջիկա 2-3 տարիներին այդ թիվը կրկնապատկվելու է, այսինքն՝ մեր ծախսերը ավելանալու են։ Անկանխատեսելի բան չէր սա, կառավարությունը գիտեր, որ արտոնությունը սահմանվում է տնտեսական ակտիվությունը խթանելու համար, ուղղակի միշտ պարտավոր ենք քննարկել դրա գինը։ Այսինքն՝ այդ արտոնությունը խթանելու համար տարեկան վճարում ենք 20-30 միլիարդ դրամ, հետո ավելի շատ կվճարենք»։

Նա նշեց, որ առանձնատների կառուցման դեպքում եկամտային հարկի վերադարձը նախկինում էլ եղել է, նոր բան չէ․ «Դա ընդհանուր պորտֆելի մեջ մեծ տեսակարար կշիռ չունի»։

Նելլի ԲԱԲԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930