Լրահոս
Օրվա լրահոսը

«Արտարժույթի փոփոխությունը պետաական պարտքի սպասարկման գծով տարեկան մոտ 700 մլն դրամի խնայողություն կբերի»․ նախարար

Հունիս 13,2022 13:08

«2021 թվականը բարդ մարտահրավերների տարի էր, անհրաժեշտ էր արձագանքել կորոնավիրուսի համավարակի եւ 44-օրյա պատերազմի սոցիալական հետեւանքներին եւ ապահովել մակրոտնտեսական կայունություն։ Մենք համարում ենք, որ այն իրականացվել է մեծ հաջողությամբ, որովհետեւ պետական եկամուտներն ավելացել են թե՛ բացարձակ, թե՛ հարաբերական ցուցանիշներով։ Ծրագրված ծախսերը կատարվել են ամբողջ ծավալով, որեւէ ծախս չի եղել, որը ֆինանսական միջոցների սղության պատճառով հետաձգած լինեինք։ Պարտքի կառավարումը եղել է հուսալի»,-այս մասին այսօր ԱԺ ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովում 2021 թվականի պետական բյուջեի կատարման տարեկան հաշվետվության քննարկմանն ասաց ֆինանսների նախարար Տիգրան Խաչատրյանը։ Նրա ներկայացմամբ՝ 2021 թվականին գրանցվել է 5.7% տնտեսական աճ՝ նախատեսված 3.2%-ի փոխարեն:

Նախորդ տարի հարկային եկամուտներն, ըստ նախարարի, կազմել են 1 տրիլիոն 587 մլրդ դրամ․ «Ինչը ՀՆԱ-ի 22.7%-ն է, այն 2020-ի նկատմամբ բարելավված է 0.3%-ով, 2020 թվականի փաստը՝ 22 ,4% ՀՆԱ-ի նկատմամբ, աճը՝ 2021-ի ընթացքում 147 միլիարդ դրամով ավելին էր, քան սկզբնապես ծրագրել էինք, ինչը թույլ է տվել ավել ծրագրեր կիրականացրել»։

Նախարարը ներկայացրեց այս տարվա 5 ամիսներին հարկային եկամուտների եւ պետական տուրքերի գծով ցուցանիշը, այն կազմել է 762 մլրդ դրամ, ինչը 23.2% ավելին է նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ։

Նախորդ տարի եկամտային հարկի գծով կատարողականը կազմել է 32.6 մլրդ դրամ՝ 83.8%-ով կամ 14.9 մլրդ դրամով գերազանցելով 2020-ի ցուցանիշը։

ԱԱՀ-ի գծով վերադարձված գումարները 2021 թվականին կազմել են 146.7 մլրդ դրամ՝ 22.2%-ով կամ 26.6 մլրդ դրամով գերազանցելով 2020 թվականի համապատասխան ցուցանիշը, ակցիզային հարկի գծով վերադարձված գումարները՝ 915.8 մլն դրամ՝ 35.1%-ով կամ 237.9 մլն դրամով գերազանցելով նախորդ տարվա համապատասխան ցուցանիշը։

2021 թվականի պետական բյուջեի ծախսերը կազմել են 2 տրիլիոն 4 մլրդ դրամ, որից ընթացիկ ծախսը՝ 1 տրիլիոն 786 մլրդ, կապիտալ մասը՝ 218 մլրդ դրամ։

«Ընթացիկ ծախսերի գծով պարտավորությունները կատարվել են ամբողջությամբ, եւ որքան որ պետական բյուջեով նախատեսված էր կատարողականը շատ մոտ էր 100%-ին։ Այնտեղ, որտեղ դրանք չէին ծախսվել, իրականում խնայողություններ էին, եւ ոչ թե ծախսերի թերակատարում»,-ասաց Խաչատրյանը։

Կապիտալ ծախսերի կատարողականը կազմում է 92.3%՝ ճշտված պլանի նկատմամբ։ Նախարարն ասաց, որ սա վերջին 4-5 տարիների համեմատ շատ բարձր ցուցանիշ է։

Ըստ հաշվետվության, 2021 թվականի պետական բյուջեի փաստացի ծախսերից 2 տրիլիոն 4 մլրդ դրամից 30.9%-ը բաժին է ընկել աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարությանը, 16.8%-ը՝ ՊՆ-ին, 10%-ը՝ տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարությանը, 9.2%-ը՝ ֆինանսների նախարարությանը, 8.7%-ը՝ ԿԳՄՍ-ին, 3.3%-ը՝ ոստիկանությանը, 2.2%-ը՝ էկոնոմիկայի նախարարության պատասխանատվությամբ իրականացվող ծրագրերին:

Նախարարն ասաց, որ պետական պարտքի գծով 2020-ին բարձր աճ է արձանագրվել, կառավարության պարտքը ՀՆԱ-ի նկատմամբ 2019-ի համեմատ աճել էր 13.4%-ով, հասնելով ՀՆԱ-ի 63.5%-ին․ «Մենք կարողացել ենք 2021-ին այս ցուցանիշը նվազեցնել, եւ այն կազմել է ՀՆԱ-ի 60.3%-ը»։

Հանձնաժողովի նախագահ Գեւորգ Պապոյանը ՀՀ արտաքին պարտքի սպասարկումից հետաքրքրվեց, նկատեց, որ փոխարժեքի փոփոխությունը դրական ազդեցություն կթողնի պարտքի սպասարկման վրա․ «Եթե այսպես պահպանվի՝ ի՞նչ փոփոխություններ են լինելու, իհարկե, դրամով արտահայտված ավելի քիչ ենք վճարելու»։

Նախարարն ի պատասխան ասաց՝ դժվար է գնահատել, թե՝ մինչեւ տարեվերջ ինչպիսին կլինի փոխարժեքը․ «Բայց հույս ունենք, որ ի շահ մեր արտահանողների, ծառայություն արտահանողների կլինի։ Այն փոփոխությունները, որոնք տեղի են ունեցել առ այսօր, այսինքն, դրամի այդ չափ արժեւորումը, որ ունեցել ենք, որոշակի ճշգրտման կենթարկվի դեպի վերեւ։ Դա մի ցանկություն է, որ կառավարությունը կարող է ունենալ, որովհետեւ արտահանողների համար դժվար իրավիճակ է, բայց սա օբյեկտիվ իրավիճակ է»։

Խաչատրյանն, ըստ էության, կոնկրետ թիվ չասաց Պապոյանի հարցին ի պատասխան, նա նշեց՝ 2021-ին արտաքին պարտքի տոկոսավճարները կազմել են 72.5 մլրդ դրամ․ «Այս թիվը շատ փոփոխված չի լինի պարտքի ծավալի փոփոխության հետեւանքով, մի քիչ կարող է ավելանա, որովհետեւ անցյալ տարվա ընթացքում զուտ ներգրավված միջոցներն արտաքին աղբյուրներից 200 մլրդ էր՝ պարտքի առումով; Այսինք 2022-ը սկսել ենք այդպես։ Եթե ամեն մի տոկոսային կետով փոխարժեքի տոկոսային կետը գնահատելու լինենք, ապա կարող ենք մտածել , որ դա 700 մլն դրամի փոփոխություն է նշանակում, եւ կախված նրանից, թե երբ ենք սպասարկել այդ արտաքին պարտքը՝ տոկոսային կետերը կարող ենք բազմապատկել այդ 700 մլն դրամով եւ պատկերացնել, թե դրանք այլ հավասար պայմաններում որքան ծախսերի տնտեսում կարող էին առաջացրած լինեին։ Բացարձակ թվով չեմ կարող ասել, դա կախված է, թե այս տարին ինչպես կփակենք։ Բայց յուրաքանչյուր մեկ տոկոսային կետով նախապես պատկերացրած փոխարժեքի նկատմամբ ավելի ցածր փոխարժեքը տարվա կտրվածքով մոտ 700 մլն դրամի խնայողություն կբերի»։

Նելլի ԲԱԲԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930