«Այս փուլում մեր կրթական համակարգի գլխավոր խնդիրն ուսուցիչների պակասն է, անգամ ամիսների կտրվածքով գահավիժում է նկատվում: Այս խնդրի լուծումը դժվար է պատկերացնել: Սա, օրինակի համար, ֆիզիկական կամ գյուղատնտեսական աշխատանք չէ, որ մարդիկ Պակիստանից կամ Ֆիլիպիններից գան Հայաստան ու մեր դպրոցներում դասավանդեն, մեր ներքին ռեսուրսի վրա պիտի հիմնվենք»,- Sputnik Արմենիայի մամուլի կենտրոնում մտահոգություն հայտնեց կրթության փորձագետ Սերոբ Խաչատրյանը։
Նրա խոսքով. «Վերջին մեկ տարում ունեցել ենք ուսուցիչների թվի աննախադեպ նվազում, ես նման բան նախկինում չեմ հիշում: Իհարկե, տարիներ առաջ օպտիմալացում ենք ունեցել ուսուցիչների, մեկ տարում ուսուցիչների թվի 1000, 3000, մինչեւ 4000 նվազում է եղել, բայց դա եղել է պլանավորված կրճատում, իսկ հիմա պետությունը չի իրականացրել ուսուցիչների կրճատում, բայց մեկ ուսումնական տարում 877-ով ուսուցիչների թիվը պակասել է; Նախորդ ուսումնական տարում ունեինք շուրջ 31300 ուսուցիչ, այս տարի՝ 30200»:
Կրթության փորձագետը նշում է, որ այս գործընթացը տեղի է ունենում 2 պատճառով․ առաջինը, որ մանկավարժական բուհեր ընդունվողների թիվը կտրուկ նվազում է, եւ երկրորդ՝ շատերը, մասնավորապես երիտասարդները, չեն ուզում մնալ դպրոցում: «Երբ նայում ենք այս տարվա ընդունելության տվյալները, դիմորդների շարժը, տեսնում ենք, որ Շիրակի եւ Վանաձորի համալսարաններում մաթեմատիկա առարկայի գծով դիմորդներ չկան; Փաստորեն, ֆիզիկան եւ քիմիան վաղուց փակվել էին, իսկ այս տարի էլ զրոյական է դարձել մաթեմատիկա մասնագիտությունը: Հայաստանի պետական մանկավարժական համալսարանում անցյալ տարի մաթեմատիկայի գծով ունեցել ենք 37 դիմորդ, իսկ այս տարի ընդամենը՝ 11: Երկու խոշոր մարզային բուհերում դիմորդների թիվը զրո է, մայրաքաղաքում ՝ 11:
Մոտավոր հաշվարկով Հայաստանին տարեկան պետք է 100-120 մաթեմատիկայի ուսուցիչ, բայց մենք ունենք ընդամենը 11 դիմորդ, բնական է, որ այդ 11-ի մի մասը չի ընդունվի, մյուս մասն էլ չի ուզենա ուսուցիչ աշխատել; Երբ մարդիկ դիմում են մանկավարժական համալսարան, դա դեռեւս երաշխիք չէ, որ գնալու են դպրոց: Հետևաբար` մենք որտեղի՞ց ենք գտնելու տարեկան 100 ուսուցիչ, որ դպրոցում մաթեմատիկա դասավանդի»,-ասում է նա: Կրթության փորձագետի ձեւակերպմամբ, եթե այս խնդիրը լուծելու ուղղությամբ ոչինչ չարվի, հաջորդ տարի ուսուցիչները թիվը կարող է էլ ավելի պակասել:
Կարդացեք նաև
Ըստ նրա՝ վիճակը բարդ է նաեւ մյուս մասնագիտությունների գծով. «Օրինակ` աշխարհագրության գծով մանկավարժական համալսարանում ընդամենը 5 դիմորդ կա, մի փոքր ավելի դիմել են ԵՊՀ աշխարհագրության ֆակուլտետ: Արդեն նշեցի, որ քիմիան ու ֆիզիկան վաղուց հայտնվել են անհույս առարկաների թվում, գերմաներենի գծով ընդամենը 3 դիմորդ ունենք, ֆրանսերենից մանկավարժական համալսարանում ընդունելություն չկա, կենսաբանությունից ընդամենը 15 դիմորդ է:
Մանկավարժական համալսարանի դիմորդների 17 %-ը ցանկանում է դառնալ հոգեբան: Մի քանի առարկաների գծով միասին վերցրած՝ ավելի քիչ դիմորդ ունենք, քան հոգեբանների դեպքում է: Այս տվյալները մտահոգիչ են: Մինչեւ ընդունված դիմորդները ավարտեն չորս տարի անց, արդեն իսկ ուսուցիչների խնդիր ենք ունենալու»:
Սերոբ Խաչատրյանը ներկայացրեց նաեւ դպրոցներում աշխատող ուսուցիչների պատկերը. «Հայաստանի ուսուցիչների 12%-ը 65 տարեկանից բարձր տարիք ունի: Եթե 5 տարի առաջ ունեինք մոտ 1700 ուսուցիչ, որոնք 65-ից բարձր տարիքի էին, հիմա այդ ուսուցիչների թիվը 3500-ն անցել է: Շատ դպրոցներում ուսուցիչները խնդրում են իրենց թոշակի ուղարկել, բայց տնօրենը չի կարողանում, որովհետեւ փոխարինող չկա…Մոտ 3 անգամ նվազել է մինչեւ 25 տարեկան ուսուցիչների թիվը: Այսօր տարեկան ընդամենը մի քանի հարյուր ուսուցիչ է դպրոց մտնում, ինչը լուրջ խնդիր է, եւ չի կարելի ականջի հետեւ գցել։ Հայաստանում նախկինում ունեցել ենք մոտ 900 քիմիայի ուսուցիչ, մեկ տարում այդ թիվը 70-ով պակասել է: Եթե այս միտումը մի 10 տարի շարունակվի, մենք քիմիայի ուսուցիչ անգամ Երեւանում չենք ունենա, պատկերացրեք, թե ինչ աղետ կլինի: Ու այն բոլոր բարեփոխումները, որոնցով հպարտանում ենք, թե դպրոցներ ենք վերանորոգում, կամավոր ատեստավորում ենք անում, անիմաստ են դառնում, որովհետեւ ո՞ւմ համար ենք անում, եթե ուսուցիչներ չեն լինելու: Մենք պետք է ավելի շատ մարդուժին ուշադրություն դարձնենք, քան շենքերին»:
Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ