Եվրոպացի փորձագետը՝ հայաստանյան իրավիճակի մասին
Եվրոպայի խորհրդի Մարդկանց թրաֆիքինգի դեմ պայքարի փորձագետների խումբը (GRETA) օրերս նոր զեկույց է հրապարակել Հայաստանի վերաբերյալ, որն անդրադարձել է մարդկանց թրաֆիքինգի զոհերի՝ արդարադատության հասանելիության եւ պաշտպանության արդյունավետ միջոցներին։
«Առավոտի» զրուցակիցն է GRETA-ի քարտուղարության անդամ (Մարդկանց թրաֆիքինգի դեմ պայքարի փորձագետների խումբ) Ռոյեմեր Լեմայտրը:
Մեզ հետ զրույցում նա տեղեկացրեց՝ զեկույցի նախապատրաստական փուլում հանդիպել են ՀՀ կառավարության, ինչպես նաեւ քաղհասարակության ներկայացուցիչների հետ, որոնք ներառված են թրաֆիքինգի դեմ պայքարում: Խոսելով ընդհանուր եզրակացությունների մասին՝ փորձագետն ասաց. «Հիմնական տպավորությունն այն է, որ ընդհանուր առմամբ կան դրական զարգացումներ՝ նոր օրենսդրության ընդունումը՝ նոր Քրեական օրենսգիրքը եւ նոր Քրեական դատավարության օրենսգիրքը, իսկ աշխատանքային օրենսգրքում փոփոխություններ են նախապատրաստվում, սակայն կան նաեւ խնդիրներ: Թրաֆիքինգի զոհերից շատերը նույնականացված չեն: Քաղհասարակության եւ միջազգային կառույցների ներկայացուցիչների հետ մեր հանդիպումները ցույց տվեցին, որ նաեւ թրաֆիքինգի շատ զոհեր չեն էլ հայտնաբերվում, ուստի արդարադատությունը նրանց հասանելի չէ»:
Կարդացեք նաև
Ըստ զեկույցի՝ 2017-2021թթ. Հայաստանում հայտնաբերված թրաֆիքինգի զոհերի ընդհանուր թիվը կազմել է 68։ Նույնականացված զոհերի երկու երրորդը կանայք եւ աղջիկներ են։ Շահագործման գերակշռող ձեւը սեռական շահագործումն է, որին հաջորդում են աշխատանքային շահագործումը եւ հարկադիր մուրացկանությունը: Հայտնաբերված գրեթե բոլոր զոհերը Հայաստանի ներսում շահագործման ենթարկված հայ քաղաքացիներ են։ Զեկույցի հեղինակները կարծում են, որ թրաֆիքինգի զոհերի իրական թիվը հավանաբար ավելի մեծ է, քանի որ թրաֆիքինգի զոհերի կողմից ինքնաբացահայտումը տեղի է ունենում միայն հազվադեպ՝ իրենց իրավունքների մասին տեղեկացված չլինելու, խարանի ենթարկվելու, ամոթի եւ իշխանությունների հանդեպ անվստահության զգացումի պատճառով:
Մեր հարցին՝ շատ դեպքերի զոհերի չհայտնաբերման պատճառն արդյոք ազգային խառնվածքը չէ՞, համաձայն որի՝ բռնության կամ շահագործման ենթարկված շատ անձինք ամաչում են դիմել ոստիկանություն կամ վախենում են, մեր զրուցակիցը պատասխանեց. «Մեր ուսումնասիրությունները ցույց տվեցին, որ զոհերից որոշները վախենում են դիմել իշխանություններին, իրավապահ մարմիններին, մի մասն էլ ամաչում է հատկապես սեքսուալ բռնության համատեքստում: Երբեմն ոստիկանությունը եւ քննիչները տղամարդիկ են, իսկ զոհերից շատերը կանայք: Սա նշանակում է, որ դաշտը պետք է բարելավվի եւ ավելի շատ կին քննիչներ ներգրավվեն ոլորտում: Մեկ այլ խնդիր է այն, որ զոհերից շատերը չեն գիտակցում, որ իրենց հետ կատարվածը հենց թրաֆիքինգ է»: Նա օրինակ բերեց, որ հովվին պատասխանատվության են ենթարկում, երբ կենդանիներից մեկը սատկում է: Ըստ փորձագետի՝ սա աշխատանքային թրաֆիքինգի օրինակ է, երբ անձին պատասխանատվության են ենթարկում կամ ասում, որ սատկած կենդանու գումարը գանձելու են նրա աշխատավարձից:
Նշենք, որ GRETA-ն կոչ է արել իշխանություններին ապահովել, որպեսզի երաշխավորվի իրավաբանական օգնության հասանելիությունը, հենց որ ողջամիտ հիմքեր լինեն ենթադրելու, որ անձը մարդկանց թրաֆիքինգի զոհ է, եւ նախքան համապատասխան անձը որոշի, թե արդյոք համագործակցում է իշխանությունների հետ քրեական հանցագործության հարցում:
Այս առիթով Ռոյեմեր Լեմայտրը ասաց. «Ամբողջ Եվրոպայի տարածքում մենք տեսնում ենք ավելի ու ավելի շատ դեպքեր, երբ հատկապես տղամարդիկ դառնում են աշխատանքային թրաֆիքինգի զոհեր: Իհարկե, թրաֆիքինգի ավանդական պատկերացման համաձայն՝ թրաֆիքինգի զոհերը կանայք են, որոնք ենթարկվում են սեռական շահագործման, բայց տղամարդիկ էլ են մեծ թիվ կազմում աշխատանքային թրաֆիքինգի ենթարկվողների շարքում: Հայաստանում թրաֆիքինգի զոհերի մեծամասնությունը կանայք են, որոնք ենթարվել են սեռական բռնության կան մի քանի աշխատանքային թրաֆիքինգի եւ երեխաների շահագործման դեպքեր»:
Հետաքրքրվեցինք՝ արդյոք ՀՀ-ի իշխանությունների կողմից թրաֆիքինգի դեմ պայքարում օգտագործվող մեխանիզմները արդյունավե՞տ են, փորձագետը պատասխանեց. «Գործում է իշխանությունների եւ հասարակական կազմակերպությունների լավ համագործակցություն այս դաշտում, ինչը նաեւ զեկույցում է ամրագրված: Խնդիրն այն է, որ թրաֆիքինգի զոհերի համար ապահովվի արդարադատություն, եւ արդյունավետ մեխանիզմներ կիրառվեն հանցագործներին պատասխանատվության ենթարկելու համար, ինչը կունենա նաեւ կանխարգելիչ նշանակություն: Քրեական հետապնդումը հանցագործների դեմ: Մենք կոչ ենք անում իշխանություններին ապահովել թրաֆիքինգի զոհ դարձած անձանց երկարաժամկետ սոցիալական վերաինտեգրացիայի հարցը: Պետք է լուծվի նրանց փոխհատուցման, արդարադատության հասանելիության, աշխատանքի հարցը: Մյուս խնդիրը, որ կարեւորել ենք, այն է, որ իրավապահ համակարգը չբավարարվի միայն զոհերի վկայություններով, այլ ֆինանսական ներդրումներ կատարվեն պատշաճ հետաքննություն իրականացնելու հարցում»: Նշենք, որ ըստ զեկույցի՝ 2017թ. հունվարից մինչեւ 2021թ. սեպտեմբեր ընկած ժամանակահատվածում մարդկանց թրաֆիքինգի դեպքերով իրականացվել է, ընդհանուր առմամբ 69 քրեական հետաքննություն, սակայն միայն 13 գործ է անցել դատավարության փուլ, եւ միայն 6 անձ է դատապարտվել թրաֆիքինգի համար։
Զեկույցում ամրագրված է՝ GRETA-ն ընդունել է օրենսդրական եւ քաղաքական դաշտի բարելավումները, սակայն հորդորում ենք ՀՀ իշխանություններին ուժեղացնել զոհերին տեղեկատվության տրամադրումը, բարելավել իրավական օգնության եւ հոգեբանական օգնության հասանելիությունը, հեշտացնել հանցագործներից փոխհատուցման հասանելիությունը, ինչպես նաեւ արդյունավետ հետաքննել մարդկանց թրաֆիքինգի հանցագործությունները շահագործման բոլոր ձեւերի համար եւ նպաստել զոհերի վերաինտեգրմանը: GRETA-ն կոչ է անում ՀՀ իշխանություններին ուժեղացնել զոհերի հայտնաբերման մեխանիզմները, իրականցնել թրեյնինգներ իրավապահ համակարգի ներկայացուցիչների, ինչպես նաեւ դատավորների համար:
Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ
«Առավոտ» օրաթերթ
11.06.2022