Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

ՀՀ-ում օտարերկրացիներն ավելի շատ անշարժ գույք են վաճառել, քան գնել

Հունիս 13,2022 13:30

Հայաստանում անշարժ գույքի շուկայում իրականացված գործարքների թիվն ապրիլ ամսին նվազել է` համեմատած այս տարվա մարտ ամսվա եւ նախորդ տարվա ապրիլ ամսվա հետ։

Ընդհանուր առմամբ՝ այս տարվա ապրիլին անշարժ գույքի նկատմամբ կատարվել է 16 644 գործարք։ Դրանք միայն առուվաճառք չեն, գործարքների թվում են անշարժ գույքի գրավադրումը, օտարումը, վերանորոգումը, վարձակալությունը, օրինականացումը եւ առաջնային գրանցումը։

Վիճակագրական կոմիտեի՝ վերջերս հրապարակած տվյալներով՝ այս տարվա մարտ ամսին ՀՀ-ում անշարժ գույքի նկատմամբ իրականացվել է 17 260 գործարք, ինչը 616-ով ավելի է ապրիլ ամսվա համեմատ եւ 134-ով ավելի նախորդ տարվա ապրիլի համեմատ. այդ շրջանում իրականացվել է 16 510 գործարք։

Ընդհանուր գործարքներում գերակշռում է գույքի օտարումը՝ 38.5%, ապա ժառանգության փոխանցումը՝ 185% եւ գույքի առաջնային գրանցումը՝ 14.2%, հետո՝ գույքի գրավադրումը՝ 13.2%։

Անշարժ գույքի նկատմամբ ամենաշատ գործարքներն այս տարվա ապրիլին կատարվել են մայրաքաղաքում՝ 5 469, որից առուվաճառքը՝ 1 656, այնուհետեւ Կոտայքի մարզում՝ 2 700, որից առուվաճառքը՝ 864, այլ մարզերում՝ զգալիորեն քիչ։

Ապրիլին անշարժ գույքի վարձակալության ընդամենը 980 գործարք է կատարվել, սա, իհարկե, իրական պատկերը չի արտացոլում՝ եթե հաշվի առնենք, որ ՎԿ-ն պաշտոնական աղբյուրներից է ստանում տվյալները, իսկ անշարժ գույքի շուկայում խաղացողներ կան, որոնք հարկային դաշտում չեն երեւում, կարճ ասած՝ ստվերում են։

Մեկ այլ ուշագրավ ցուցանիշ էլ՝ այս տարվա ապրիլին հողի առուվաճառքը գերազանցել է բնակարանի առուվաճառքի ցուցանիշներին։ Օրինակ՝ ընդհանուր գործարքների 40.8%-ը հողի առուվաճառքն է, բանկարանի առուվաճառքի ցուցանիշը կազմում է 34.9%, բնակելի տան առուվաճառքները կազմել են 14.8%:

2022 թվականի ապրիլին անշարժ գույքի նկատմամբ օտարերկրյա քաղաքացիների կողմից իրականացված առուվաճառքի գործարքներում մեծ մասը վաճառքն է. օտարերկրացիների իրականացրած գործարքներում 61.6%-ը անշարժ գույքը միայն վաճառել է, 33.7%-ը՝ միայն գնել է, եւ ընդամենը 4.7%-ն է ե՛ւ գնել, ե՛ւ վաճառել։

Այս տարվա ապրիլին օտարերկրյա քաղաքացիները գնել են 28 բնակելի տուն, բազմաբնակարան շենքում 88 բնակարան, հողի գնման գործարք եւս կատարվել է, 27 նման գործարք է կատարվել, սակայն դրանցում չկան գյուղատնտեսական նշանակության հողեր։
2022թ. ապրիլին օտարերկրյա քաղաքացիները վաճառել են 57 բնակելի տուն, բազմաբնակարան շենքում 138 բնակարան, հողի վաճառքի 80 գործարք է կատարվել, որից գյուղատնտեսական նշանակության հողերի 41 գործարք։

ՀՀ-ում անշարժ գույք են ձեռք բերում ամենաշատը ՌԴ քաղաքացիները, այս գործարքում գերակշռում է բնակարանը։ Օրինակ, այս տարվա ապրիլին 50 բնակարան է ձեռք բերվել ՌԴ քաղաքացիների կողմից, 17 բնակելի տուն, 1 արտադրական նշանակության շինություն, 3 հասարակական նշանակության շինություն, 10 ավտոտնակ եւ հողի գնման 12 գործարք է կնքվել։ Նշված գործարքներում ՌԴ-ից հետո հաջորդ ամենամեծ թվով գնորդները Եվրոպական միության երկրներից են, կնքվել է գնման 32 գործարք, որից 18-ը՝ բազմաբնակարան շենքի բնակարան, 6-ը՝ բնակելի տուն, 7-ը հողի գնման գործարք է կնքել եւ 1 ավտոտնակ է ձեռքբերվել օտարերկրացու կողմից։ ԱՄՆ-ից նման գործարքների ընդհանուր թիվը 17 է, որից 10-ը՝ բնակարան, 1-ը՝ բնակելի տուն, 3-ը՝ հասարակական նշանակության շինություն, 1-ը՝ ավտոտնակ, 2-ը՝ հողի գնում։ ԱՊՀ պետությունների (ՌԴ-ն չներառելով) քաղաքացիների կողմից 13 գործարք է կնքվել անշարժ գույքի ձեռքբերման, նրանք գնել են ե՛ւ բնակարան, ե՛ւ բնակելի տուն ու ավտոտնակ, ե՛ւ հողատարածք։
Վիճակագրական կոմիտեն նշում է, որ այս գործարքներին մասնակցել են նաեւ այլ պետությունների քաղաքացիներ, որոնց թիվը 8 է, սակայն չի նշում, թե որ երկրներն են։

Ի դեպ, օտարերկրացիները մեր երկրում ավելի շատ անշարժ գույք են վաճառել այս ապրիլին, քան գնել։

Ռուսաստանի Դաշնության քաղաքացիների կողմից կնքվել է 210 գույքի վաճառքի գործարք, որից 104-ը բնակարան, 44-ը՝ բնակելի տուն, 3-ը՝ ավտոտնակ, 59-ը՝ հողի վաճառքի գործարք, որից 36-ը՝ գյուղատնտեսական նշանակության։ Հնարավոր է՝ նրանք ազգությամբ հայ ՌԴ քաղաքացիներ են։ Վիճակագրական կոմիտեն ազգություն չի նշում։

Եվրոպական պետությունների քաղաքացիները գույքի վաճառքի 30 գործարք են կնքել, որից 14-ը՝ բնակարան, 5-ը՝ բնակելի տուն, 9-ը՝ հողի վաճառքի գործարք, որից 3-ը՝ գյուղատնտեսական նշանակության, եւ հասարակական նշանակության 2 շինություն է վաճառվել։
Ընդհանուր առմամբ օտարերկրացիների կողմից կնքվել է անշարժ գույքի գնման 165 գործարք, իսկ վաճառքի՝ 285։

Նելլի ԲԱԲԱՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ
11.06.2022

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930