Իրավական համայնքի համար սոցիալական ցանցերում երեկվանից քննարկման առարկա էր դարձել Շենգավիթ վարչական շրջանի դատախազի տեղակալ Կ. Ն.-ի կաշառքի մասին տեղեկությունը: Տարածված պաշտոնական հարորդագրության համաձայն, նա Արմավիրի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի վարույթում քննվող քրեական գործով ամբաստանյալ Ն. Դ.-ի նկատմամբ մեղմ պատիժ նշանակելուն՝ պաշտոնեական դիրքն օգտագործելով, նպաստելու համար Գ. Գ.-ի եւ Ն. Ա.-ի օժանդակությամբ եւ միջնորդությամբ Ն. Դ.-ից ստացել է առանձնապես խոշոր չափերով՝ 2.500.000 ՀՀ դրամ կաշառք։
ՀՀ գլխավոր դատախազի պաշտոնակատարի հունիսի 8-ի որոշմամբ դեպքի առթիվ հարուցվել էր քրեական գործ եւ նախաքննություն կատարելու համար ուղարկվել ՀՀ hակակոռուպցիոն կոմիտե: Առհասարակ, ինչի մասին են բարձրաձայնում փաստաբաններն իրենց ՖԲ էջերում, ներկայացնում եմ ստորեւ:
Արսեն Մկրտչյան. «Հարգելի հայրենակիցներ, ըստ ՔԿ ՀԿԳ քննիչի` սուտ ցուցմունք տված եւ զեկուցագիր կեղծած թիվ 69109422 քրեական գործով «ականատես» վկա ոստիկան Հրանտ Գոռի Խաչատրյանի ստերը, որը բնության եւ քրեական գործի մեջ միակն է, որ հենց այստեղ, այս վայրում «տեսել է» իմ պաշտպանյալին, այն էլ` շիշ նետելիս ոստիկանի վրա, բավարար են, որ ալիբի ունեցողին մեղադրանք առաջադրելու համար։
Կարդացեք նաև
Ուշադրություն դարձրեք հատկապես`
1) Դեպքի վայրի հասցեի
2) Ժամի` 20։30 սահմանները
3) Ավտոտրանսպորտի երթեւեկության հնարավորության վրա։
Այսքանը խնդրում եմ չմոռանալ, որ վաղը եթերով պիտի տեսանյութերով ներկայացնեմ եւ մերկացնեմ քրեական գործում առկա ապացույցներով համ հանցագործ ոստիկանին, համ էլ` իր գիտելիքների եւ ջանասիրության բացակայության չափով` պատասխանատու անձին»։
Միհրան Պողոսյան. «Հրավիրում եմ լրատվամիջոցների եւ ՀՀ գլխավոր դատախազության ուշադրությունը Իգոր Խաչատուրովի գործով ՀՀ վերաքննիչ քրեական դատարանում նախապատրաստվող հանցագործության վրա: Քիչ առաջ ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի նախագահին եւ նույն վայրում աշխատող Տիգրան Սիմոնյանին եմ ներկայացրել հիշյալ միջնորդությունը։ ՀՀ վերաքննիչ քրեական դատարանը սույն թվականի հունիսի 6-ից իր տրամադրության տակ ունենալով Իգոր Խաչատուրովի վերաբերյալ նյութերը, արդեն 2-րդ օրն է՝ հրաժարվում է ինձ տեղեկացնել դատական նիստի օրը եւ ժամանակը։
Երեկ եղել եմ ՀՀ վերաքննիչ քրեական դատարանում, որտեղ ինձ դատավորի աշխատակազմից հավաստիացրել են, որ դատական նիստ դեռեւս նշանակված չէ, այսօր նույնպես չեն տեղեկացրել դատական նիստի օրվա եւ ժամի մասին, իսկ հաշվի առնելով օրենսդրական պահանջը, դատական նիստը կարող է առավելագույնը տեղի ունենալ վաղը։ Այդ պատճառով միջնորդել եմ ինձ անհապաղ ծանոթացնել ստացված վարույթի նյութերին ու հանկարծ մտքներով թող չանցնի, որ կարող են ձեւական ծանուցագիր «դնել» գործի մեջ՝ փորձելով 3-օրյա ժամկետը երկարացնել։ Հիշեցնեմ, որ գլխավոր դատախազությունը դատավոր Դավիթ Գրիգորյանին մեղադրում էր նմանատիպ արարքի համար եւ այժմ խիստ տարակուսելի կլինի վերջիններիս լռությունը սույն գործով» (Երեկ Իգոր Խաչատուրովի կալանավորման օրինականության գործով դատարան չէին եկել ոչ դատախազը, ոչ դատավորը-Ռ.Մ.):
Գուրգեն Հարությունյան. «Մեկ օրում երկու տարբեր գործերով գրավի կիրառում Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Մ. Արզումանյանի կողմից. 1. ՀՀ քր. օր-ի 104-րդ հոդվածի 2-րդ մասով՝ 15 միլիոն դրամի չափով.
2. ՀՀ քր. օր-ի 34-177-րդ հոդվածի 3-րդ մասով՝ 800 հազար դրամի չափով:
Նույն դատավորը մի քանի օր առաջ 500 հազար դրամի չափով գրավ էր կիրառել ՀՀ քրեական օրենսգրքի 235-րդ 1-ին մասով մեղադրվող մեկ այլ պաշտպանյալիս նկատմամբ: Պաշտպանյալներիս, նրանց հարազատների եւ անձամբ իմ կողմից շնորհակալություն եմ հայտնում պարոն Արզումանյանին՝ արդար դատական ակտեր կայացնելու համար»:
Լեւոն Բաղդասարյան. «Արցախյան վերջին պատերազմից հետո հարեւան մելիքության կողմից իրականացվել եւ իրականացվում է հայերի եւ հայկական պատմամշակութային արժեքների համակարգված ոչնչացում, այն է՝ ցեղասպանություն, վանդալիզմ՝ բխող բոլոր իրավական հետեւանքներով։
«Լեւ Գրուպ» փաստաբանական գրասենյակի գիտագործնական կենտրոնը սկսել է իրավական գործընթաց, միջազգային ատյաններում, այդ թվում՝ քրեական հարթակում տալու դրա իրավական գնահատականը։ Բոլոր նրանք, ովքեր հարեւան մելիքության բարբարոսությունների հետ կապված ունեն փաստեր, նկարներ, տեսաերիզներ, մինչեւ սույն թվականի օգոստոսի 1-ը կարող են ուղարկել ընկերության էլ.հասցեին»:
Լեւոն Սահակյան. «Նախորդ տարի նոյեմբերի 22-ին Բարձրագույն դատական խորհուրդը հանդես եկավ հայտարարությամբ, որում, անդրադառնալով HelpCourt դատական վարկանիշավորման համակարգի գործունեությանը, նշեց. «Բարձրագույն դատական խորհուրդը չի խրախուսում դատավորների գործունեության, այսպես կոչված, վարկանիշավորումը` այն համարելով խիստ սուբյեկտիվ եւ կողմնակալ գործընթաց»:
Համակարգը, գործելով բացառապես ՀՀ օրենսդրության շրջանակներում, հաշվի առնելով նաեւ այն հանգամանքը, որ ՀՀ դատական օրենսգիրք ՀՀ սահմանադրական օրենքի 90-րդ հոդվածի համաձայն ԲԴԽ-ն որոշ դեպքերում հանդես է գալիս որպես դատարան, HelpCourt 2022 վարկանիշավորման գործընթացում ներառել է նաեւ ԲԴԽ անդամներին: Թող ամենաբարձր վարկանիշը ձեռք բերի ԽԻՍՏ ՕԲՅԵԿՏԻՎ եւ ԱՆԿՈՂՄՆԱԿԱԼ դատավորը (ԲԴԽ անդամը)»:
Աննա Ծառուկյան. «Այս պահին Մրգավետ համայնքի գյուղապետ Գագիկ Սարգսյանը ազատ արձակվեց, դատարանը ձերբակալումը ճանաչեց ոչ իրավաչափ եւ կալանավորումը մերժեց»։
Ռուբեն Մելիքյան. «Տեղեկացնում ենք հանրությանը, որ պրոդյուսեր Արմեն Գրիգորյանին կալանավորելու որոշման դեմ մեր ներկայացրած բողոքը Վերաքննիչ քրեական դատարանը քննության կառնի հունիսի 10-ին, ժամը 16:00-ին։ Հիշեցնում ենք մեր պնդումները. 1) Գրիգորյանին վերագրվող արարքը Քրեական օրենսգրքով որպես հանցանք նախատեսված չէ, ուստի բացակայում է «հիմնավոր կասկածը»,
2) Կալանավորման հիմքերը՝ փախուստի դիմելու, նոր արարք կատարելու եւ վարույթի նկատմամբ ապօրինի ներգործելու ռիսկերը, բավարար չափով հիմնավորված չեն, 3) Գրիգորյանի նկատմամբ քրեական հետապնդումը եւ նրա կալանավորումը կրում են քաղաքական ու խտրական բնույթ։ Պաշտպաններ՝ Ռուբեն Մելիքյան եւ Արմեն Մաշինյան»:
Անահիտ. «Բա, իմացա՞ք. նախագիծ են ներկայացրել, որով ԳՇ պետը նախարարի առաջին տեղակալն է համարվելու: Ու սրանք պատրաստ չեն զինված ուժերը վերականգնելու, վերազինելու: Նրանք այս օրինագծով խառնում են կառավարման համակարգը, չգիտեն Անվտանգության խորհրդից տանե՞ն ՊՆ, ՊՆ-ից՝ ԱԽ: Իշխանությունը չի հասկանում, որ ԳՇ պետը ենթարկվում է իմքայլական Սուրեն Պապիկյանին, որը ՊՆ-ից այնքան է հասկանում, որքան ես՝ օրերս երկինք ուղարկված, դրսից կառավարվող մեր արբանյակից, այսինքն, քաղաքականացվում է այդ պաշտոնը, ԳՇ պետը չի զբաղվում նյութատեխնիկական ապահովմամբ» (անդրադարձել էր ՊՆ օրենքի նախագծին-խմբ):
Պատրաստեց Ռուզան ՄԻՆԱՍՅԱՆԸ
«Առավոտ» օրաթերթ
11.06.2022