Լրահոս
Օրվա լրահոսը

ՍԴ-ն մերժեց Գային

Հունիս 13,2022 12:30

2022 թվականի ապրիլի 29-ին Սահմանադրական դատարան էր մուտքագրվել Գայ Բժիշկյանցի դիմումը: Նա խնդրել էր «Որոշել ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 393-րդ հոդվածի 4-րդ մասի (երրորդ նախադասության)՝ ՀՀ Սահմանադրության 61-րդ հոդվածի 1-ին մասի եւ 63-րդ հոդվածի 1-ին մասի համապատասխանության հարցը»: Դիմողը հայտնել է, որ իր՝ քաղաքացիական գործով Վճռաբեկ դատարանը 2021 թվականի սեպտեմբերի 23-ին կայացրել է վճռաբեկ բողոքը վերադարձնելու մասին որոշում, որում որպես թերություն նշվել է, մասնավորապես, այն, որ իր՝ Գայի անունից դատական ներկայացուցչություն է իրականացնում փաստաբան Հայրապետյանը, քաղաքացիական գործում առկա է լիազորագիրը, սակայն քաղաքացիական գործում առկա չէ, ինչպես նաեւ վճռաբեկ բողոքին կցված չէ Հայրապետյանի՝ փաստաբանական գործունեության արտոնագիրը։ Դիմողը ներկայացուցչի միջոցով կրկին ներկայացրել է վճռաբեկ բողոքը, որը Վճռաբեկ դատարանի 2021 թվականի նոյեմբերի 10-ի որոշմամբ թողնվել է առանց քննության այն պատճառաբանությամբ, որ վճռաբեկ բողոքում առկա վերը հիշատակված թերությունը չի վերացվել։ Դիմողը գտնում է, որ Վճռաբեկ դատարանն իրավասու չէր կասկածի տակ դնել իր ներկայացուցչի լիազորագիրը (որում կար նաեւ հիշատակում ներկայացուցչի փաստաբան լինելու մասին) եւ պահանջել այլ փաստաթուղթ, հատկապես հաշվի առնելով, որ գործում արդեն առկա էր իր ներկայացուցչի լիազորագիրը, եւ ներկայացուցչի՝ գործի քննությանը մասնակցելու լիազորությունն արդեն ստուգվել էր ստորադաս ատյաններում։

Գայ Բժիշկյանցը գտնում է, որ «դատավարական որեւէ առանձնահատկություն եւ ընթացակարգ չի կարող խոչընդոտել կամ կանխել անձի` դատարան դիմելու իրավունքի արդյունավետ իրացման հնարավորությունը, իմաստազրկել այն կամ արգելք հանդիսանալ դրա իրացմանը»:

Սահմանադրական դատարանի՝ հունիսի 7-ի աշխատակարգային որոշմամբ մերժվել է գործի քննությունը: Ըստ ՍԴ-ի՝ վճռաբեկ բողոքը վերադարձնելու մասին որոշումը վերջնական դատական ակտ է, ուժի մեջ է մտնում հրապարակման պահից, եւ որ սույն դիմումը Սահմանադրական դատարան ներկայացվել է 2022 թվականի ապրիլի 25-ին, այսինքն՝ վերջնական դատական ակտն ուժի մեջ մտնելուց ավելի քան վեց ամիս անց:

Ռուզան ՄԻՆԱՍՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ
11.06.2022

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930