Լրահոս
Օրվա լրահոսը

«Մարդիկ ուզում են քաղաքական կայունություն, տնտեսական աճ ու աշխատատեղ»

Հունիս 13,2022 12:00

Ակադեմիկոս Գեւորգ Պողոսյանը՝ Ռուսաստանի ակադեմիայի արտասահմանյան անդամ դառնալու եւ ուշագրավ համագործակցության մասին

Ակադեմիկոս, ՀՀ ԳԱԱ նախագահության անդամ Գեւորգ Պողոսյանը վերջերս ընտրվել է Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի արտասահմանյան անդամ: «Առավոտի» հետ զրույցում անվանի գիտնականը նշեց, որ իր համար անսպասելի էր, որովհետեւ երբեք չէր դիմել, բայց նաեւ բավականին հաճելի է ու պատվաբեր: «Որպես նախաբան ասեմ, որ Ռուսաստանի ակադեմիայի արտասահմանյան անդամ եղել են ՀՀ ԳԱԱ բոլոր նախագահները` Վիկտոր Համբարձումյանը, Ֆադեյ Սարգսյանը, Ռադիկ Մարտիրոսյանը եւ հիմա էլ Աշոտ Սաղյանը: Դա ընդունված բան էր, իսկ ինչ վերաբերում է ոչ պաշտոնյա անդամներին, որոնք Ռուսաստանի ակադեմիայի արտասահմանյան անդամներ էին, Սերգեյ Համբարձումյանն ու Արմեն Գալոյանն էին»,-ասաց մեր զրուցակիցը: Ռուսաստանի ակադեմիայի արտասահմանյան անդամ վերջերս դարձել է նաեւ Հայ-ռուսական համալսարանի ռեկտոր Արմեն Դարբինյանը:

Ակադեմիկոսը տեղեկացրեց, որ իրեն դիմել էին Մոսկվայի 4 ինստիտուտների ակադեմիկոսներ, որոնց հետ շուրջ 40 տարի Փիլիսոփայության, սոցիոլոգիայի եւ իրավունքի ինստիտուտը համագործակցել է` Մոսկվայի ակադեմիայի փիլիփոսայության ինստիտուտը, Սոցիալ-քաղաքական հետազոտությունների ինստիտուտը, Սոցիոլոգիայի ինստիտուտը, Պետության եւ իրավունքի ինստիտուտը, վերջերս էլ բացվել է Ազգագրության եւ դեմոգրաֆիայի ինստիտուտը: Նրա կարծիքով, լավ կլինի, որ Հայաստանում եւս բացվի դեմոգրաֆիայի խնդիրներով զբաղվող ինստիտուտ, որովհետեւ ինչպես Ռուսաստանում, այնպես էլ Հայաստանում առկա են դեպոպուլյացիոն, այսինքն՝ բնաթափման միտումներ, ծնելիությունը եւ բնակչության աճը նվազել են:

«Ինձ հետ կապվեցին նշածս ինստիտուտների գործընկերները, որոնց հետ աշխատում ենք, ինձ ճանաչում են: Ժամանակին ես որպես փիլիսոփայական գիտությունների թեկնածու պաշտպանել եմ Մոսկվայում: Առաջարկեցին լինել Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի արտասահմանյան անդամ, ինչը հաճելի էր, ի դեպ, ես իրենց խորհրդի անդամ էի: Միաձայն ընդունեցին, շատ ուրախացա, ինչի համար հպարտ եմ, որովհետեւ ռուսաստանյան ակադեմիայի գիտական ներուժը միշտ էլ հզոր է եղել` Պետրոսից սկսած, Ցարական Ռուսաստանից եւ Խորհրդային տարիներից: Մենք միշտ էլ սնվել ենք այդ ակադեմիայի հնարավորություններից: Հիմա էլ սերտորեն համագործակցում ենք»,-ասաց պարոն Պողոսյանը: Հավելեց, որ այսօր երկու լուրջ ծրագրերի բերումով համագործակցում են ռուսաստանյան ակադեմիայի հետ, անցյալ տարի էլ համագործակցության համաձայնագիր են ստորագրել, թեեւ, ինչպես նշեց, արդեն 40 տարի համագործակցություն կա իր նշած ինստիտուտների հետ:

Նա անդրադարձավ նաեւ մի ծրագրի, որը ռուսական կողմից ֆինանսավորվում է ՌԴ ֆունդամենտալ գիտությունների հիմնադրամի կողմից. «Իրենց հետաքրքրում էր հայկական սփյուռքի տնտեսական ներուժը Ռուսաստանում: Իրենք են առաջարկել, ես էլ ասացի, որ մեզ էլ հետաքրքրում է հայրենադարձության ռեսուրսը: Մեզ հաջողվեց երկու տարբեր, նույնիսկ հակադիր գաղափարները մեկ ծրագրի մեջ համատեղել: Ամենամեծ հայկական Սփյուռքը Ռուսաստանում է` Ռուսաստանի հայերի միության տվյալներով՝ 2,5 մլն, իսկ իրենց մարդահամարի տվյալներով` 1,8: Մեծությամբ առաջին հայկական Սփյուռքը ՌԴ-ում է, երկրորդը` ԱՄՆ-ում՝ 1,7 մլն, երրորդը` Ֆրանսիայում է՝ կես միլիոն: Եթե մենք այդ ներուժից օգտվելու հեռանկարներ ունենք, ուրեմն առաջինը պետք է Ռուսաստանը լինի: Եվ նախորդ, եւ այսօրվա կառավարությունը խնդիր է դրել բնակչության բնաթափման միտումները դադարեցնել եւ գնալ դեպի աճ: Այսօրվա տվյալներով ունենք 2,8-2,9 մլն բնակչություն, ինչը շատ քիչ է եւ նույնիսկ ազգային անվտանգության խնդիրներ է առաջացնում: Խնդիր էր դրվել բնակչության թիվը մինչեւ 2050թ. հասցնել 4-5 մլնի: Միջազգային փորձը ցույց է տալիս, որ դրա համար կա երկու եղանակ՝ կամ ավելացնում են բնակչության թիվը ծնելիության խթանմամբ, որը շատ բարդ է, կամ ներհոսք ենք ապահովում դրսից: Եվրոպական բոլոր երկրները դեպոպուլյացիայի այս միտումի մեջ են` Ֆրանսիան, Գերմանիան, Ավստրիան, իրենք հիմնականում մեխանիկական ներհոսքով են ապահովում իրենց բնակչության թվաքանակի մեծացումը: Նույնը անում է նաեւ Ռուսաստանը: Ընդ որում, վերջին 3-4 տարիների ընթացքում շատ մեծ ուշադրություն են դարձրել նաեւ ծնելիության խթանմանը, լուրջ գումարներ են տրամադրում առաջին, երկրորդ եւ երրորդ երեխայի ծնվելիս: Մենք դեռ այդ հնարավորությունները չունենք, չնայած մեր կառավարությունը եւս շատ բան է անում»,- տեղեկացրեց գիտնականը:

Ակադեմիկոսը փաստում է, որ ԽՍՀՄ-ի շրջանում մինչեւ 80-ական թվականները Հայաստանում տարեկան 75000 երեխա էր ծնվում, այսօր նրանց թիվը 36000 է, դրան գումարվել է նաեւ բնակչության արտահոսքը. «Մեր տվյալներով՝ Հայաստանից մեկնում են 18-50 տարեկանները, 80 տոկոսը՝ տղամարդիկ: Նրանք, իհարկե, երկրից մեկնել են սկսած 91 թվականից: Սա այն խավն է, որը պետք է ընտանիք ստեղծեր, երեխաներ ունենար, միջին խավ ձեւավորեր, տնտեսական ակտիվություն, բայց մեկնել են: Արցախյան առաջին եւ երկրորդ պատերազմները, մեր զոհերը, արտագաղթը նպաստել են, որ 1 մլն 200 հազար բնակչություն կորցնենք: Խորհրդային 70 տարիների ընթացքում 1921-89 թթ. եւ մինչեւ 19991 թ. ՀՀ բնակչությունը 850 հազարից աճել էր մինչեւ 3,8 մլն, 4 անգամ աճ էինք գրանցել: Եվ սա այն դեպքում, երբ Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ 500 հազար հայ կամավորագրվել էր որպես զինվոր, 250 հազար էլ կորուստ ենք ունեցել: 1945 թվականին որոշեցին կազմակերպել հայրենադարձություն, թեպետ 30-ականներին էլ կար ներհոսք, բայց 45-65 թթ. մեծ ներհոսք ունեցանք Սիրիայից, Եգիպտոսից, Իրանից, Իրաքից, Ֆրանսիայից, Հունաստանից եւ այլ երկրներից:

Մասնագետների գնահատմամբ` տարբեր տարիների 460 հազար հայ է եկել Հայաստան: Դա արվել էր պատերազմի կորուստները ծածկելու նպատակով, ու ինչպես արդեն նշեցի, արդյունքում 70 տարվա ընթացքում մեր բնակչությունը 4 անգամ աճել է: Ցանկացած երկրի բարեկեցությունն առաջին հերթին չափում են բնակչության ժողովրդագրական ցուցանիշներով, եթե բնակչությունն աճում է, ուրեմն կարելի է ենթադրել, որ քիչ թե շատ բարվոք վիճակում է, եթե նվազում է, ուրեմն խնդիր կա: 1991-2021թթ. մեր բնակչությունը գրեթե չի աճել, նվազել է 30 տոկոսով, ինչը լուրջ թիվ է: … Մեր կառավարությունն, իհարկե, ահագին ջանքեր է ներդնում, որպեսզի ավելացնի ծնելիությունը, բայց, ինչպես միջազգային փորձն է փաստում, քաղաքում բնակվող կանայք շատ երեխաներ չեն ունենում: Իսկ Հայաստանը 70 տոկոսով ուրբանիզացված բնակչություն ունի, բնակչություն, որ ապրում է քաղաքներում եւ ոչ թե գյուղական վայրերում, ու այս պայմաններում, դժվար է փորձել ավելացնել ծնելիությունը: Պետք է լուրջ ֆինանսներ ներդնել: Մնում է երկրորդ՝ մեխանիզմը՝ ներգրավել 8-10 միլիոնանոց համաշխարհային Սփյուռքը, որի ամենամեծ աղբյուրը Ռուսաստանն է: Սա էր պատճառը, որ գործընկերների հետ որոշեցինք համագործակցել: Իրենց հետաքրքրում էր, թե հայերը ինչպես են ինտեգրվում ռուսաստանյան տնտեսության մեջ ու սոցիալական կյանքում, իսկ մեզ հետաքրքրում էր` արդյոք ունե՞նք մի ներուժ, ռեսուրս, որը կարող է վերադառնալ: Իրենք իրենց նպատակին հասան, մենք էլ մեր: Առաջնային արդյունքներն արդեն ունենք»:

Գեւորգ Պողոսյանը նշում է, որ ռուս մասնագետները ուսումնասիրություններն իրականացրել են ամենահայահոծ տարածքներում` Մոսկվայի մարզում, Կրասնոդարում ու Ստավրոպոլի երկրամասում կատարված 1500 հարցումների հիման վրա. «Համեմատելով այլազգիների հետ` իրենք տեսան, որ հայերը ամենաինտեգրված պոտենցիալ ունեցող ազգն են, որովհետեւ եւ արդյունաբերության մեջ են, եւ առեւտրի, սպասարկման ոլորտում, կրթության, առողջապահության եւ այլուր: Մեզ համար հետաքրքիր էր, թե այդ ամբողջ ռեսուրսի որ մասն է, այնուամենայնիվ, մտադիր վերադառնալ հայրենիք, եւ որ պայմանների դեպքում: Հատուկ հետազոտություն անցկացրինք 500 այն ընտանիքների շրջանում, որոնք ունեն ընտանիքից մեկնած որեւէ անդամ հատկապես ՌԴ: 10 տոկոսը նշել էր, որ մոտակա ժամանակներում անպայման վերադառնելու է Հայաստան: Հիմա այդ 10 տոկոսը շա՞տ է, թե՞ քիչ: Ռուսաստանի հայերի միության տվյալներով, մոտավորապես 1 մլնի է հասնում հայ միգրանտների թիվը ՌԴ-ում, եւ եթե այդ մեկ միլիոնի 10 տոկոսն ենք հաշվում, դա 100 հազար է, իսկ եթե Ռուսաստանում ապրող 2,5 միլիոնից ենք հաշվում, դա 250 հազար է կազմում: Ստացվում է, որ սա այն ռեսուրսն է, որի հետ կապված կարող ենք հույսեր ունենալ, որ 250 հազար հայ առաջիկա 2-3-4-10 տարվա ընթացքում կարող է հայրենադարձության ճանապարհ ընտրել: Մեկնածների մեծ մասը շատ լավ տեղավորվել է Ռուսաստանի Դաշնությունում, իրենց սեփական բնակարաններն ունեն, երեխաները սովորում են, իրենք էլ՝ աշխատում: Այդ 10 տոկոսն այն խավն է, որ կվերադառնա, եթե Հայաստանում իրավիճակը բարելավի տնտեսական առումով, աշխատատեղեր լինեն, պատերազմի սպառնալիք չլինի, քանի որ մեկնողների մի մասը մեկնում է աշխատանքի փնտրտուքով, մի մասն էլ երեխաներին է տանում Հայաստանից: Պայմանները, կարծես, այնքան էլ անհաղթահարելի չեն:

Մարդիկ ուզում են քաղաքական կայունություն, տնտեսական աճ ու աշխատատեղ: Հայաստանում 50 տարի շարունակ, սկսած խորհրդային տարիներից` ունեցել ենք արտագնացություն, միշտ եղել ենք այնպիսի տարածք, որտեղ ավելի շատ աշխատուժ է եղել, քան աշխատատեղ, ու մարդիկ ստիպված գնացել են «խոպան»: Խորհրդային տարիներին մոտ 50 հազար սեզոնային արտագնա աշխատանքով զբաղվողներ ենք ունեցել, այո, սեզոնային միգրացիան միշտ եղել է, բայց եղել է դրական արդյունքով, մեկնողները վերադարձել են: ԽՍՀՄ-ի փլուզումից հետո այդ միտումը փոխվեց` մեկնողները չէին վերադառնում, գերադասում են մի տեղ մնալ, տեղավորվել, բնակարան գնել… Իսկ սա արդեն արտագաղթ է: Մեր խնդիրն է` դա կոտրել, այնպես անել, որ մեկնածները վերադառնան, որովհետեւ բնակչության նվազումը բերում է լուրջ խնդիրների: ՀՀ կառավարությունը վաղուց է մտահոգված, բայց լուծումները բարդ են, նույնիսկ եվրոպական հարուստ երկրների համար բնաթափումը կանխելու լուծումները շատ բարդ են, միայն ֆինանսներով հարցը չի լուծվում»:

Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ
Լուսանկարը` հեղինակի:

«Առավոտ» օրաթերթ
11.06.2022

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930