Լրահոս
Օրվա լրահոսը

«Անձնվիրաբար լինել պետության գաղափարների կրող»․ ՀՀԿ այցն Անդրանիկ Մարգարյանի շիրիմին (ֆոտոշարք)

Հունիս 12,2022 16:26

Հայաստանի հանրապետական կուսակցության ղեկավարներն ու անդամներն այսօր Կոմիտասի անվան պանթեոն այցելեցին եւ ծաղիկներ խոնարհեցին ՀՀ նախկին վարչապետ, ՀՀԿ նախագահ Անդրանիկ Մարգարյանի շիրիմին։

ՀՀԿ ղեկավար Սերժ Սարգսյանը պատասխանել է նաեւ լրագրողների հարցերին։

Կուսակից ընկերները լրագրողների հետ զրույցներում խոսեցին Անդրանիկ Մարգարյանի մասին։

Էդուարդ Շարմազանով, ՀՀԿ փոխնախագահ․ «Ազգային եւ պետական արժեքների ջատագով,  պետական մեծ շինարար, ով իր կյանքը նվիրել է անկախության վերանվաճմանը, հետո՝ ՀՀ-ի եւ Արցախի կերտմանն ու հզորացմանը։ Հայությունը միշտ է ունեցել ազգային եւ պետական գործիչների կարիք։ Այս դժնդակ ժամանակաշրջանում Անդրանիկ Մարգարյան հայի, նվիրյալի կարիքը շատ ավելի մեծ է։ Ի՞նչ ենք ստացել նրանից։ Որպես կրտսեր ընկեր, որն իր քաղաքական առաջին քայլերն արել է Անդրանիկ Մարգարյանի ղեկավարությամբ, ժառանգել եմ անձնվիրաբար լինել պետության գաղափարների կրող, երբեք չհրաժարվել Արցախի անկախության գաղափարից, երբեք չլինել թուրքերի կամ ադրբեջանցիների կամակատարը։ Այն, ինչ այսօր անում է ՀՀԿ-ն, դա Անդրանիկ Մարգարյանի սրտով է եւ մտքով։ Նա պայքարի հերոս էր։ Դեռեւս երիտասարդության տարիներից պայքարել է անկախության գաղափարի համար, եղել հայ դատի համանախագահը շարժման տարիներին։ Այսօր պայքարում ենք այն գաղափարների համար, որոնց համար պայքարել են Անդրանիկ Մարգարյան ու նրա ընկերները։ Մենք բաց ճակատով ենք։ ՀՀ-ն բյուրեղացած է եւ Անդրանիկ Մարգարյանի ժառանգորդն է»։

Արմեն Աշոտյան, ՀՀԿ փոխնախագահ․ «Լուսահոգի Անդրանիկ Մարգարյանը կյանքը նվիրել  է անկախության կայացմանը։ Նրա վարչապետության տարիները նորագույն պատմությունում ամրագրվել են որպես տնտեսական կայունության, ՀՀ միջազգային հեղինակության աճի տարիներ։ Յոթ տարվա պաշտոնավարման ընթացքում նրա եւ նրա քաղաքական թիմի ամենօրյա արդյունքներից էին դրանք։ Իր մահից հետո ՀՀԿ-ն շարունակել է այն ավանդույթները, որոնց վրա խարսխված է եղել իր հիմնադրումը, այդ թվում՝ Անդրանիկ Մարգարյանի գործունեության ավանդույթները՝ պետականամետություն, պետության ինստիտուտների կայացում։

«Պահանջատեր լինելուց առաջ պետք է հայրենատեր լինել»,-սա իր հայտնի գաղափարներից էր, այսինքն՝ տեր լինել հայրենիքի այն հատվածին, որն արդեն մերն է։ Այսօր դա դժվար է հասկանալ՝ քանդում, ոչնչացնում են պետությունը։ Իմ քաղաքական կարիերայի մեկնարկը տրվել է իր շնորհիվ։ Նա է կանաչ լույս վառել բազմաթիվ երիտասարդների համար, որոնց տեսավ եւ վստահեց 2001թ․-ին։

Տիգրան Աբրահամյան, ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր․ «Հատկապես այսօրվա իրավիճակում երկրին պետք են առաջնորդներ, պետական-ազգային մտածելակերպով մարդիկ, որոնք իրենց աշխատանքի հիմքում դնում են նման ուղենիշներ։ Այսօրվա չավարտվող ճգնաժամն առաջնահերթ պատճառն  է այն բանի, որ 2018թ․ հետո պետական համակարգ ներմուծվեցին մարդիկ, որոնք չունեին այն առաքինությունն ու մոտեցումները, որոնք խարսխված էին Անդրանիկ Մարգարյանի պես մարդկանց մտքում եւ հոգում։ Անկախ նրանից, թե ՀՀ-ն որ ճանապարհով կգնա, չունի այլընտրանք այն գործիչներին, որոնք կրում են ազգայինը, պետականը եւ որոնց համար պետությունն առաջնային արժեք է»։

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930