«Հետազոտական ռեսուրսների կովկասյան կենտրոն-Հայաստան» հիմնադրամի «Կովկասյան բարոմետր» 2021 թ. հետազոտության համաձայն՝ հայաստանցիների միայն 17%-ն է կարծում, որ երկրի ներքին քաղաքականությունը ճիշտ ուղղությամբ է գնում․ 44%-ի կարծիքով ուղղությունը սխալ է: Հեղափոխությունից հետո (2019 թ․ տվյալներով) հարցվածների 67%-ն էր համարում, որ երկրի ներքին քաղաքականությունը ճիշտ ուղղությամբ է շարժվում։
«Առավոտի» «Առերեսում» հաղորդաշարի հյուրը՝ «Հետազոտական ռեսուրսների կովկասյան կենտրոն-Հայաստան հիմնադրամի գործադիր տնօրեն Սոնա Բալասանյանն անդրադառնալով հասարակական տրամադրություններն արտացոլող այս թվերին՝ ասաց․ «Որպես սոցիոլոգ կարող եմ ասել, որ յուրաքանչյուր հասարակության մեջ հեղափոխությունից հետո, բնականաբար, ակնկալիքները լինում են շատ բարձր։ Իսկ հետո, ժամանակի ընթացքում, հիասթափություն է տեղի ունենում։ Հասարակությունները տարբերվում են նրանով, թե ինչքան կտեւի այդ հիասթափության ժամանակահատվածը»։ Ըստ նրա՝ «Մենք գրեթե վերադարձել ենք այնտեղ, որտեղ էինք մինչեւ հեղափոխությունը։ Բայց մի փոքր բարձր է այն քաղաքացիների տոկոսը, ովքեր գտնում են, թե ճիշտ ուղղությամբ ենք գնում՝ 2017 թվականին 8% էր, իսկ այս տարի 17%»։
Հարցին՝ ինչպիսի՞ սպասելիքներ ունեիք 2018 թվականի հեղափոխությունից, հարցվածների 11 տոկոսը նշել է, որ ոչ մի սպասելիք չունի, 7 տոկոսն ասել է, որ սպասելիքները բացասական են եղել, բնակչության 82 տոկոսն էլ նշել է՝ դրական: Հարցին էլ, որքանո՞վ են արդարացվել հեղափոխության հետ կապված սպասելիքները, 2021-ին բնակչության 56 տոկոսը պատասխանել է, որ քիչ են արդարացվել կամ բոլորովին չեն արդարացվել, իսկ 44 տոկոսը հայտնել է, որ լիովին կամ մասամբ արդարացվել են: Համեմատության համար նշենք, որ այս նույն հարցին 2019 թվականին 76 տոկոսն էր նշել՝ լիովին կամ մասամբ արդարացվել են եւ միայն 24 տոկոսը՝ քիչ են արդարացվել կամ բոլորովին չեն արդարացվել: Հեղափոխությունից ակնկալիքների չարդարացվածությունը խորանո՞ւմ է՝ այս հարցին ի պատասխան «Հետազոտական ռեսուրսների կովկասյան կենտրոն-Հայաստան» հիմնադրամի հետազոտությունների ղեկավար Լիլիթ Եզեկյանը մասնավորապես ասաց․ «Այստեղ հստակ երեւում է 2020–ի պատերազմի բացասական ելքի ազդեցությունը մարդկանց տրամադրությունների վրա»։ Ըստ նրա՝ շոկային դրվագներն ազդում են հարցվածների կարծիքի վրա;
Ըստ հետազոտության՝ հայաստանցիների 39%-ը կարծում է, որ արցախյան հարցում նպատակը պետք է լինի կորսված տարածքների վերադարձը։ Մոտ 30%-ի կարծիքով՝ պետք է վերականգնել նախկին ԼՂԻՄ տարածքը, իսկ 25%-ը մտածում է, որ պետք է պահպանել այսօրվա ստատուս քվոն։ Սա առիթ էր տվել «Լույս» հիմնադրամին եզրակացնելու, որ ուսումնասիրությունը ցույց է տալիս, թե արտաքին քաղաքականության և անվտանգության ոլորտում ՀՀ իշխանությունների օրակարգը հիմնականում չի վայելում Հայաստանի քաղաքացիների մեծ մասի աջակցությունը։ «Իմ կարծիքով՝ սա էլ է շատ կարեւոր, որ երբ հարցրել ենք՝ նշվածներից ո՞ր կետի հետ եք համաձայն, արդյոք «անհնար է մոռանալ այն, ինչ կատարվել է նախկինում ազգերի միջեւ»՝ բնակչության 89%-ը համարում է, որ հնարավոր չէ»,–մի տվյալ էլ համադրեց Լիլիթ Եզեկյանը։
Կարդացեք նաև
Սոնա Բալասանյանը եւս մեկ անգամ ընդգծեց, որ հարցումն «էմոցիոնալ ֆոն» ունի․ «Պետք է նաեւ հաշվի առնել, որ այս խնդրի հանրային ընկալումները միանշանակ չեն․ դա բավական բարդ է վերլուծելը․․․ Միեւնույն ժամանակ՝ տեսնում ենք անորոշություն՝ մասնավորապես, կոնսենսուսի բացակայություն, թե որ միություններին կարելի է անդամակցել անվտանգության հարցերով»։
Հայաստանցիների 76%-ը համակարծիք է, թե Ադրբեջանի ու Նախիջևանի միջև տրանսպորտային ենթակառուցվածքների գործարկումը կվտանգի ազգային անվտանգությունը, իսկ 32%-ը կարծում է, որ դա նոր տնտեսական հնարավորություններ կստեղծի Հայաստանի համար։ Լիլիթ Եզեկյանն այս առնչությամբ ասաց․ «Ես՝ որպես հետազոտող՝ կուզեի, որ եւս 2-3 տարի անցներ, անեինք եւս 2 հետազոտություն ու նոր վերլուծեինք; 2021–ի հետազոտությունը եւս հետշոկային է՝ մեկ տարի անց պատերազմական իրադարձություններից»։ Սոնա Բալասանյանն էլ հակադարձ հարց տվեց․ «Արդյոք 32%-ը շա՞տ է, թե՞ քիչ է։ Գուցե ավելի քիչ է, քան հիմնական տոկոսը, որ դեմ է, եւ դա անվտանգության խնդիր է համարում, բայց 32% ասում է, թե կարող է տնտեսական հեռանկար լինել։ Սրանք ոչ միանշանակ թվեր են՝ պարզապես պետք է տրամադրությունը հասկանալ»։
Հայաստանի քաղաքացիների գնահատմամբ՝ առաջիկա տարիներին հնարավոր է նոր էսկալացիա ԼՂ-ի շուրջ: Մասնակիցների 27%-ը նման ռիսկ է տեսնում առաջիկա 1-4 տարվա ընթացքում, 12%-ը՝ 5-10 տարվա ընթացքում: 19%-ի դիտարկմամբ՝ հակամարտությունը երբեք էլ չի ավարտվել։ «Բնակչության գրեթե կեսը վախեցած է, որ առաջիկա 10 տարվա ընթացքում կարող ենք նորից պատերազմ կամ որեւէ կարգի հակամարտություն ունենալ»,– հանրագումարի բերեց Լիլիթ Եզեկյանը։
Եվ այսուհանդերձ՝ հարցվածների մեծամասնությունը Արցախը չի տեսնում Ադրբեջանի կազմում ոչ բարձր ինքնավարության կարգավիճակով (կողմ է ընդամենը 0.5%-ը), ոչ էլ առանց ինքնավարության (կողմ է 0.8%-ը):
Զրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում
Աննա ԻՍՐԱՅԵԼՅԱՆ