Ֆրանսիայի հրապարակում այսօր «Դիմադրություն» շարժումը մշակութային երեկո էր կազմակերպել, որի ընթացքում երգչուհի, ՀՀ վաստակավոր արտիստ, ԱԺ ՀՀԿ խմբակցության նախկին պատգամավոր Շուշան Պետրոսյանի հետ զրույց էր։
Զրուցավարի դիտարկմանը՝ Հայրենիքը միայն Հայաստանի Հանրապետությունը չէ, Հայաստան գաղափարը շատ ավելի շատ ընդարձակ եւ մեծ հասկացություն է, քան ՀՀ տարածքը եւ ներառում է Հայաստանը, Սփյուռքը եւ իհարկե, Արցախը, Շուշան Պետրոսյանն ասաց․ «Արցախը պետք չէ բաժանել, որովհետեւ Արցախը Հայաստանի նահանգներից մեկն է, ինչպես պապիս Էրզրումը, մյուս պապի Տիգրանակերտը, մի տատիս Սյունիքը, մյուս տատիս Մարաշը։ Ինձ համար նեղմիտ մարդու գաղափար է, որ Արցախը դա ուրիշ բան է։ Չէ, Արցախը մեր դարպասն է, մեր լինելիության կարեւորագույն սյունն է, բայց նահանգներից մեկն է»։
Զրուցավարը հիշեցրեց Մոնթեի խոսքերը՝ ցավոք, որպես միջանկյալ լուծում, Արցախն այսօր առանձին պետություն է, եւ բնականաբար, ի վերջո մի օր պետք է միավորվի։
Երգչուհին արձագանքեց՝ «Մենք գիտենք դրա նախապատմությունը, բայց մեծ հաշվով գիտենք, չէ՞, որ Արցախը նահանգ է։ Արցախը շատ-շատ եմ սիրում։ Ինձ համար, իմ սերնդի համար, ովքեր գիտակցում են Արցախի խորհուրդը, հասկանում են, որ Արցախն արժանապատվություն է հայի, առաջին վերադարձված նահանգը, Արցախից հրաժարում նշանակում է Մեծ Հայքի երազանքից հրաժարվել։ Մենք մի ամբողջ դար ենք ապրել այդ երազանքով, մի ամբողջ դար եւ արդեն յոթ տարի»։
Զրուցավարը, դիմելով հանդիսատեսին, հարցրեց՝ ո՞վ է ուզում մեծ Հայք։ «Մենք»,-արձագանքեցին զրույցին ներկաները։
Կարդացեք նաև
Ապա Շուշան Պետրոսյանը շարունակեց․ «Արցախը վերադարձնենք ամբողջությամբ իր նախկին սահմաններին, եւ Մեծ Հայքին անցնենք։ Դրանք գաղափար չեն, դրանք կոնկրետ ծրագրեր են, գաղափար չէ, գաղափարը հեղհեղուկ է, նպատակ պետք է լինի ու ոչինչ քեզ չպիտի կոտրի, որեւէ քայլ չլինի, որ ասես՝ դե լավ։ Դե լավ չկա։ Այս պայքարում էլ պետք է չլինի այդ դե լավը, հուսահատություն չպետք է լինի։ Գոյության կռիվ է, կամ լինելու ենք, կամ չենք լինելու։
Արցախում ամենահուզական պահը․ ապրիլի 23-ին , երբ ջահերով երթին էի, «կալցեվոյ»-ի մոտից մինչեւ Վազգեն Սարգսյան փողոցը ջահերով երթն էր, երբ ասացին՝ «մի-ա-ցում», սկսեցի լաց լինել, հեկեկալ, հայտնվեցի իմ պատանեկության Օպերայի հրապարակում, երբ նույն բանն էինք ասում։ Էսքան դար հետո, այդ ամենը ձեռք բերած՝ էլի կանչում ենք «միացում», որովհետեւ ինչ-որ լխպորներ մեր փոխարեն որոշեցին Արցախի կարգավիճակը։ Անթույլատրելի է»։
Նելլի ԲԱԲԱՅԱՆ