12-ամյա շնորհաշատ երաժիշտ Ալեքս Գեւորգյանը երաժշտության հետ «եղբայրացել» է շատ վաղ տարիքից: Նա 3 տարեկանից դաշնամուր է նվագել, հետաքրքրված է եղել դասական երաժշտությամբ, ռոքով ու ջազով: Իսկ Կոմիտասը եւ մասնավորապես Պատարագը նրա վրա աննկարագրելի ազդեցություն են թողել:
Օրերս Կոմիտասի անվան կամերային երաժշտության տանը կայացավ Ալեքս Գեւորգյանի առաջին՝ «Լուս Ա» ալբոմի շնորհանդեսն ու համերգը: Անդրանիկ ալբոմում ներառված են Կոմիտասի ստեղծագործությունների մշակումները, որոնք իրականացրել է Ալեքս Գեւորգյանը: Պատանի երաժիշտը, ում, մասնագետների գնահատմամբ, մեծ ապագա է սպասվում, ասաց, որ անընդհատ մեղեդիներ էր գրում ու թողնում, հետո եկավ մի պահ, երբ իր խոսքով՝ գործերը լիարժեք դարձրեց Կոմիտասի հետ:
Կարդացեք նաև
Ալեքսի հետ ելույթ ունեցան Արտյոմ Մանուկյանը, «Տիեզերք» բենդը, Մանե Մինասյանը, Արսեն Ժամագործյանը, Արմեն Շահվերդյանը, Հեկտոր Կարդոսոն ու Սերգեյ Բալաշկովը: Համերգին պետք է հանդես գային նաեւ Արտո Թունչբոյաջյանն ու Միքայել Ոսկանյանը, սակայն առողջական եւ այլ պատճառներով ներկա չէին: Ալեքսը այլ երաժիշտների հետ եւ նրանց ձայնագրությունների զուգորդմամբ ներկայացրեց նախատեսված երաժշտական համարները՝ ինչ-որ կերպ փոխհատուցելով «բացը»:
Տաղանդաշատ պատանի երաժիշտն անընդհատ ներկայացնում էր իր հետ հանդես եկող երաժիշտներին: Նա նաեւ շնորհակալություն հայտնեց ունկնդրին ու ասաց, որ առանց դահլիճում նստածների՝ համերգը չէր կայանա:
Հավելենք, որ համերգին պատրաստվելուն ու «Լուս Ա» ալբոմի ստեղծմանն աջակցել է Արմեն Շահվերդյանը, ում մոտ Ալեքսը կիթառ է սովորել: Արմեն Շահվերդյանը նաեւ ալբոմի երաժշտական պրոդյուսերն է, որտեղ ընդգրկված երգերը գործիքավորել է Ալեքս Գեւորգյանը:
Երեկոն ջերմ էր, դահլիճում անսահման դրական էներգիա կար, ու այդ ամենը երաժշտությանը սիրահարված ու մեծ բեմերի ապագա նվաճող Ալեքս Գեւորգյանի եւ նրա հետ հանդես եկած երաժիշտների շնորհիվ:
Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ
Գլխավոր լուսանկարը՝ Թինա Գեւորգյանի
Լուսանկարները՝ հեղինակի եւ Ալեքս Գեւորգյանի էջից