Ֆրանսիայի հրապարակում հավաքված «Դիմադրություն» շարժման անդամներն ու համակիրներն այսօր բողոքի ցույց են անում՝ ընդդեմ քաղաքական բռնաճնշումների։ Նրանք երթով շարժվեցին դեպի Գլխավոր դատախազություն։
Ցույցի մասնակիցներն ասացին, որ շարժման 5 տասնյակ անդամներ եւ համակիրներ հետապնդման են ենթարկվել եւ կալանքի տակ են։
Իշխանությունը հնարավոր բոլոր ռեսուրսներով լծված է պայքարի մասնակիցների դեմ քրեական գործեր կարելուն, բռնաճնշումներին, կալանավորելուն։ Վերջին շրջանում իրավապահ համակարգ կոչվածը 24/7 ռեժիմով աշխատում է պայքարի մասնակիցներին լիկվիդացնել։ Բայց մենք տեսնում ենք մի իրավիճակ, որ մարդիկ ձերբակալվում եւ կալանավորվում են այնպիսի արարքների համար, որ այդպիսի արարքներ են գործում հազարավոր մարդիկ, այդ թվում՝ մեր երիտասարդները։ Եվ եթե այդ արարքներն օրենքի խախտում են, ուրեմն բոլորին ձերբակալեք, կալանավորեք»,-ասաց Հովհաննես Հարությունյանը։
Կարդացեք նաև
Այս գործընթացը, ըստ նրա, ծիծաղ է առաջացնում․ «Անգամ պայքարի անչափահասների նկատմամբ է բռնաճնշում իրականացվում։ Հասել են նրան, որ ոստիկանությունը այցելում է բնակարաններ, ծնողներին են զանգում, կանչում։ Փորձում են ծնողներին ճնշելով երեխաներին դուրս բերել։ Մի բան չեն հասկացել՝ բոլոր անչափահասները ոչ միայն ընտանիքներով են այս պայքարում, այլեւ՝ ազգով։ Չի ազդելու, այս բռնաճնշումները, հակառակը, ավելացնում են մարդկանց թիվը փողոցում»։
Դատախազության շենքի մոտ ցույցի մասնակիցները ձեռնաշղթաներ նետեցին՝ նշելով՝ դրանք իշխանության խորհրդանիշն են, որով իշխանությունը փորձում է լռեցնել․ «Չենք վախենում բռնաճնշումներից»։
Նելլի ԲԱԲԱՅԱՆ