Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Տեղի է ունեցել «Գերմանա-հայկական դիվանագիտության հարաբերությունների 30 տարի. մշակույթը որպես համագործակցության զարգացման խթան» խորագրով համաժողով

Հունիս 11,2022 18:56

Արամ Խաչատրյանի տուն-թանգարանում տեղի է ունեցել «Գերմանա-հայկական դիվանագիտության հարաբերությունների 30 տարի. մշակույթը որպես համագործակցության զարգացման խթան» խորագրով համաժողով։

Բացելով միջոցառումը՝ Արամ Խաչատրյանի տուն-թանգարանի տնօրեն Արմինե Գրիգորյանը ողջունեց հյուրերին։ Տիկին Գրիգորյանն իր խոսքում շեշտադրեց կոմպոզիտոր Արամ Խաչատրյանի առնչությունները Գերմանիայի հետ։

Նրա խոսքով՝ Խաչատրյանի արվեստը այնքան սիրված ու գնահատված է Գերմանիայում, որ 1961 թվականին կոմպոզիտորն ընտրվել է Արվեստների գերմանական ակադեմիայի թղթակից անդամ։

Խաչատրյանի հեղինակային համերգները, «Սպարտակ» եւ «Գայանե» բալետների բեմադրությունները Գերմանիայում ընդունվել են մեծ խանդավառությամբ։ Խաչատրյանն ունեցել է իր նշանակալի ավանդը խորհրդա-գերմանական հարաբերությունների զարգացման գործում։ Տիկին Գրիգորյանն իր երախտագիտությունը հայտնեց ՀՀ-ում Գերմանիայի դեսպանությանը, որի հետ համագործակցաբար իրականացվել են բազմաթիվ ծրագրեր։ Համագործակցային կապեր կան նաեւ Կոնրադ Ադենաուեր հիմնադրամի հետ։ Տուն-թանգարանի տնօրենը տեղեկացրեց, որ Կոնրադ Ադենաուեր հիմնադրամը ստանձնել է Խաչատրյանի նամականու անգլերեն թարգմանությունը, ինչը հնարավորություն կընձեռի իրականացնել նամականու անգլերեն հրատարակման պատասխանատու գործը։

Միջոցառմանը ողջույնի խոսքով հանդես եկավ ՀՀ-ում Գերմանիայի դեսպան Վիկտոր Ռիխտերը։ Պարոն դեսպանն անդրադարձավ հայ-գերմանական կապերին, դիվանագիտական հարաբերություններին։ Նա ընդգծեց, որ երկու երկրների միջեւ ընթանում է բարձր մակարդակի քաղաքական երկխոսություն։ Հայաստանն ու Գերմանիան շարունակում են զարգացնել հարաբերությունները տարբեր ոլորտներում՝ գրանցելով հաջողություններ: Գերմանիան երկար տարիներ աջակցում է դեմոկրատական բարեփոխումներին եւ կայուն զարգացմանը Հայաստանում։ Պարոն Ռիխտերն անդրադարձավ տարբեր ոլորտներում երկկողմ հարաբերությունների պատմությանը, շեշտադրեց մշակույթի կարեւորությունը հարաբերությունների զարգացման գործում։

Ներկաներին ողջունեցին նաեւ Կոնրադ Ադենաուեր հիմնադրամի «Քաղաքական երկխոսություն Հարավային Կովկաս» տարածաշրջանային ծրագրի ղեկավար Շտեֆան Մալերիուսը, Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավարի տեղակալ Յան Պլեշինգերը, որոնք նույնպես ընդգծեցին միջմշակութային կապերի, մշակույթի դերի կարեւորությունը Հայաստանի եւ Գերմանիայի, ինչպես նաեւ Եվրոպայի այլ երկրների կապերի ամրապնդման, զարգացման գործում։

«Արամ Խաչատրյան-մրցույթ» մշակութային հիմնադրամի գործադիր տնօրեն Մարտին Թովմասյանը նկատեց, որ 30-ամյա դիվանագիտական հարաբերությունների ընթացքում քաղաքական, տնտեսական գործակցության հետ մեկտեղ երկու երկրներն ունեցել են նաեւ մշակութային հարուստ գործակցություն։ «Խոսելով քաղաքականության եւ երաժշտության մասին՝ պետք է նշենք, որ երաժշտությունը հավերժ է, իսկ քաղաքականությունը՝ ժամանակավոր։ Սակայն ճիշտ քաղաքականությունը կարող է նպաստել մշակույթի զարգացմանը։ Ես կցանկանայի եւս մեկ անգամ շեշտել, որ Գերմանիայի արտաքին քաղաքականությունը ի թիվս այլ հենասյուների՝ հիմնված է նաեւ կրթության եւ մշակույթի վրա»,- նշեց պարոն Թովմասյանը։ Նա նաեւ անդրադարձավ այս օրերին Երեւանում անցկացվող Խաչատրյանի անվան միջազգային մրցույթին։

Ներկաներին ողջույնի խոսք հղեց նաեւ Երեւանի պետական կոնսերվատորիայի ռեկտոր Սոնա Հովհաննիսյանը։

Համաժողովի ընթացքում հնչեցին մի շարք զեկույցներ. քաղաքագիտության դոկտոր, պրոֆեսոր Աշոտ Ալեքսանյանն անդրադարձավ գերմանա-հայկական հարաբերություններին, զարգացման հեռանկարներին։ Երաժշտագետ, պրոֆեսոր, ԳԱԱ արվեստի ինստիտուտի տնօրեն Աննա Ասատրյանը խոսեց «Արամ Խաչատրյան եւ Գերմանիա. երաժշտություն եւ քաղաքականություն» թեմայով։ Երաժշտագետ Տաթեւիկ Շուխկուլյանը ելույթ ունեցավ Կոմիտասի ստեղծագործությունների վրա գերմանական դասական երաժշտության ազդեցությունների մասին։ Երաժշտագետ Գայանե Ամիրաղյանն անդրադարձավ «Բախը եւ հայ հայտնի ջութակահար Հովհաննես Նալբանդյանը» թեմային։

 

«Արամ Խաչատրյան-մրցույթ» մշակութային հիմնադրամ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930