«Երկիր մեդիա» հեռուստաընկերության տնօրեն Բագրատ Եսայանը, որը երեկ ձերբակալվել էր, իսկ այսօր դատարանի որոշմամբ արգելանքից ազատ է արձակվել, քանի որ դատարանը մերժել է մեղադրող կողմի՝ կալանավորման միջնորդությունը, այսօր Pastinfo.am-ի եւ Հ2 Հ/Ը-ն հետ զրույցում անդրադարձավ իր ձերբակալմանը։
Եսայանն ասաց, որ այն հիմքերը, որով նախաքննական մարմնի 44 հոգանոց քննչական խումբը քրեական գործ հարուցելուց 20 ամիս հետո կալանքի միջնորդությամբ մտել էր դատարան, ծիծաղելի էին․ «Ի պատիվ դատավորի, նա կայացրեց արդարացի որոշում»։
Նա նաեւ նշեց, որ իր համար անսպասելի էր, որ ձերբակալությունից տասը ժամ հետո քննիչը կալանք կիրառելու միջնորդությամբ մտավ դատարան, եւ մինչեւ ուշ գիշեր՝ մինչեւ ժամը 3-4-ը դատավարություն էր ընթանում։
Դատարանում քննիչի ներկայացրածը, ինչպես Եսայանը բնութագրեց, աբսուրդի ժանրից էր. «Մնում էր, որ Քենեդու սպանության եւ Շուշիի հանձնման մեջ ինձ մեղադրեին, այդ հիմքով կալանքի միջնորդություն անեին։ Այնինչ, քրեական գործն ընդամենը մեկ էպիզոդի վրա էր հիմնված»։
Կարդացեք նաև
Բագրատ Եսայանը պնդում է, որ ամեն ինչ սկսվեց այս տարվա ապրիլ ամսից, երբ «Դիմադրություն» շարժումն ակտիվացավ, իսկ «Երկիր մեդիա» հեռուստաընկերությունն էլ կտրուկ ակտիվացավ եւ սկսեց ակտիվ լուսաբանել շարժման գործունեությունը, այս քրեական գործն էլ ակտիվացվեց, որը մեկ տարուց ավելի է, ինչպես Եսայանն ասաց, քնած վիճակում էր․ «Սկզբում Գերասիմ Վարդանյանին, հետո արդեն ուրիշ մարդկանց սկսեցին ներգրավել մի գործում, որից մոտ 20 ամիս է անցել, պատկերացրեք, թե ինչ աբսուրդ իրավիճակով են նրանք ուզում ներկայանալ դատարան»,-ասաց Եսայանը։
Բագրատ Եսայանի նկատմամբ մեղադրանք էր առաջադրվել «Ազատություն» ռադիոկայանի երեւանյան գրասենյակ ներխուժելու փորձի առնչությամբ։
Պատրաստեց՝ Նելլի ԲԱԲԱՅԱՆԸ