Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանն այսօր հյուրընկալել է ՓԵՆ միջազգային մշակութային կենտրոնի ներկայացուցիչներին: Հանդիպման ընթացքում Հայաստանի ՓԵՆ կենտրոնի համակարգող, արձակագիր Արմեն Օհանյանն անդրադարձել է փոխհամաձայնության մշակույթի կայացման, գրի ու գրականության համաշխարհայնացման և խոսքի ազատության համար պայքարի կարևոր նշանակությանը:
Վրացի անվանի բանաստեղծներ՝ Պաատա Շամուգիան, Ռաթի Ամաղոբելին, Թամթա Մելաշվիլին, Շոթա Իաթաշվիլին և ՓԵՆ Ամերիկայի տարածաշրջանային համակարգող Պոլինա Սադովսկայան նախագահի հետ զրույցում առանձնահատուկ կարևորել են հայ-վրացական դարավոր մշակութային կապերի շարունակական ամրապնդումն ու զարգացումը, ինչպես նաև անդրադարձել են հայկական և վրացական ժամանակակից գրականության առնչակցություններին ու հանրահռչակման խնդիրներին:
Նախագահ Խաչատուրյանը բարձր է գնահատել հարևան ժողովուրդների գրական կապերի սերտացմանն ուղղված ՓԵՆ մշակութային կենտրոնի ջանքերը և պատրաստակամություն է հայտնել հնարավորինս աջակցել երկու ժողովուրդների միջև մշակութային երկխոսության կայացմանն ու փոխճանաչելիության բարձրացմանը:
ՀՀ ՆԱԽԱԳԱՀԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ԵՎ ՀԱՍԱՐԱԿԱՅՆՈՒԹՅԱՆ ՀԵՏ ԿԱՊԵՐԻ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ