Հայ-ադրբեջանական երկխոսության, մասնավորապես՝ սահմանագծման ու սահմանազատման եւ տարածաշրջանային հաղորդակցության ուղիների ապաշրջափակման հարցերից, թերեւս, ամենատեղեկացված կողմը Ռուսաստանն է: Դա օբյեկտիվ պատճառ ունի՝ ՌԴ-ն նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության ընդունման նախաձեռնողն ու ստորագրողն է, փաստաթուղթ, որում ամրագրված է վերոհիշյալ գործընթացների կատարումը:
Տարածաշրջանային հաղորդակցության ուղիների բացման խնդրի վերաբերյալ Ադրբեջանի առաջնորդ Ալիեւի՝ պարբերաբար արվող խնդրահարույց հայտարարություններին վերջ դրեց պաշտոնական այցով Հայաստանում գտնվող ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը:
Բանակցությունների ողջ «խոհանոցին» քաջածանոթ ՌԴ ԱԳ նախարարը պարզ հայտարարեց, որ տարածաշրջանային հաղորդակցությունների ապաշրջափակման գործընթացում միջանցքների գաղափար չկա. «Ինչպես գիտեք, երկաթգծային ուղին համաձայնեցված է։ Ներկայում ավարտվում է ավտոմոբիլային ուղու եւ այն ռեժիմի համաձայնեցումը, որը պետք է հաստատվի։ Այն պարզեցված է լինելու, բայց հաստատապես հիմնվելու է հայկական տարածքի ինքնիշխանության ճանաչման վրա, եւ որեւէ երկիմաստություն այստեղ լինել չի կարող։ Սրանք բաներ են, որ կապված են պրակտիկ գործողությունների հետ, որոնք կապված են տեւական ենթակառուցվածքի ստեղծման հետ, ուստի այստեղ ավելի լավ է տասը անգամ չափել՝ մինչ կտրելը։ Մեզ մոտ ընկալում կա, որ եւ՛ ադրբեջանական, եւ՛ հայկական գործընկերները ելնում են հենց այս մեկնակետից»:
Չնայած նա չբացեց «պարզեցված ռեժիմ» ձեւակերպումը, բայց միանշանակ է, որ այն Ալիեւի պատկերացրած միջանցքը չէ եւ միանշանակ տարբերվելու է Արցախի Հանրապետությունը Հայաստանին կապող Բերձորի միջանցքից: Դրանք իրավական եւ աշխարհաքաղաքական իմաստով տարբեր հարթություններում են: Բերձորի միջանցքը վերահսկում են ՌԴ խաղաղապահները, եւ այն 44-օրյա պատերազմում հրադադարի հաստատման հիմնական նախապայմաններից է եղել: Իսկ հաղորդակցությունների բացումը երկու երկրների հարաբերությունները հաստատելու համատեքստում է իրականացվելու՝ երկու երկրների ինքնիշխանության պահպանման հիմքի վրա:
Կարդացեք նաև
ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանն էլ, հայտնելով, որ շատ հարցերում կողմերը ձեռք են բերել համաձայնություն, հայտարարել էր. «Բոլոր ճանապարհները, որոնք պետք է վերաբացվեն կամ բացվեն, մնալու են եւ գործելու են այն երկրների սուվերենության եւ իրավասությունների ներքո, որոնց տարածքով անցնում են: Հետեւաբար, միջանցքային տրամաբանությունը տեղ չունի, եւ սա ուզում եմ ընդգծել՝ համընդհանուր ընկալում է: Միեւնույն ժամանակ նաեւ առիթ ունեցա այսօր ասելու, որ կան նաեւ բազմաթիվ մանրամասներ, որոնցում դեռեւս կողմերը տարբեր պատկերացումներ ունեն, բայց աշխատանքները շարունակվում են, եւ ես կարծում եմ, որ կունենանք փոխադարձ ընդունելի լուծումներ այստեղ»:
Արմեն ՎԱՐԴԱՆՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ՝ «Հայաստանի Հանրապետություն» թերթի այս համարում