Լրահոս
Օրվա լրահոսը

Նոր խարան հայերիս համար․ 29-ամյա գերմանահայ վարորդը թիրախ է ընտրել Բեռլինի կենտրոնում մարդաշատ վայրը, վրաերթի ենթարկել մարդկանց․ «Ազգ»

Հունիս 11,2022 10:15

Հունիսի 8-ը ողբերգությամբ դրոշմվեց Բեռլինի պատմության մեջ։ Երեկ ԳԴՀ մայրաքաղաքում սուգ էր հայտարարվել, իջեցվել էր դրոշը։ Հունիսի 8-ին տեղական ժամանակով մոտավորապես 10:30-ին նորագույն զենքով՝ Renault Clio ավտոմեքենայով 29-ամյա վարորդը թիրախ է ընտրել Բեռլինի կենտրոնում՝ Շառլոթենբուրգ թաղամասում մարդաշատ վայրը, մեքենան ուղղել է հետիոտների համար նախատեսված մաս, վրաերթի ենթարկել մարդկանց, շարունակել է վարել մեքենան, մարմնական վնասվածք պատճառել տարբեր տարիքի հետիոտների, ապա բախվելով մեկ ուրիշ ավտոմեքենայի, մխրճվել խանութի ցուցափեղկից ներս եւ կանգ առել։ Դեպքի վայրից վարորդին չի հաջողվել փախչել, քանի որ նրան շրջապատել են ականատեսները, ապա հանձնել Բեռլինի ոստիկանությանը։ Վիրավորները շատ են, մի կնոջ չի հաջողվել փրկել, նա տեղում մահացել է, ծանր վիրավոր է 15 քաղաքացի, ըստ որոշ ԶԼՄ-ների՝ վիրավոր է 31 հոգի։

Սա ծանրագույն հանցագործության մասին մեր չեզոք հաղորդումն է։ Բայց… լուրն այսպես չհաղորդվեց հունիսի 8-ին։ Գերմանական ԶԼՄ-ները հենց սկզբից նշեցին, որ վարորդը Գոռ Հ.-ն է, 29-ամյա գերմանահայ է կամ, ըստ որոշ լրատվամիջոցների, Հայաստանի եւ Գերմանիայի քաղաքացիություն ունի, 10 տարի Բեռլինում է բնակվում, ողբերգության գործիք դարձած Ռենոն իր ավտոմեքենան չէ, պատկանում է ավագ քրոջը։ Գերմանական հեռուստատեսության երկրորդ ալիքի ՝ ZDF-ի ներկայացմամբ՝ ծնվել է Հայաստանում, քաղաքացիություն է ստացել 2015-ին, ունի թե՛ ՀՀ, թե՛ ԳԴՀ անձնագիր։

Հունիսի 9-ին «Բեռլիներ ցայթունգը» հղում անելով Բեռլինի դատախազությանը՝ ուրիշ «երանգ» փոխանցեց. այն՝ որ «դեռեւս չկա որեւէ փաստ, որ մատնում է, թե 29-ամյա վարորդի գործողությունը նախապես ծրագրված է եղել։ Նրա ավտոմեքենայի մեջ հայտնաբերվել է երկու պաստառ, որի վրա ձեռքով գրվածն առնչություն ունի Լեռնային Ղարաբաղի հակամարտության հետ, բայց դրանք որեւէ կապ չունեն կատարված գործողությունների հետ»։

Զարմանալի է, չէ՞, կրկնենք՝ եթե կապ չունի, ինչո՞ւ է շեշտադրվում։ Ավելի քան զարմանալի է, որ քաղաքական այս հենքը բնավ չօգտագործեցին թե՛ ադրբեջանական, թե՛ թուրքական աղբյուրները։

Թե՛ Բեռլինի քաղաքապետ Ֆրանցիսկա Գիֆֆեյը, թե՛ կանցլեր Օլաֆ Շոլցը ցավակցական իրենց խոսքում կիրառեցին հոգեկան անհավասարակշիռ վիճակում կատարված գործողություն (Amoktat) ձեւակերպումը, ինչը կրկնեցին ԶԼՄ-ները նաեւ հունիս 9-ի հաղորդումներում։

Ողբերգությունը ծանր է, հատկապես, երբ զոհը երիտասարդ 31-ամյա ուսուցչուհի է Հեսսենի երկրամասից, որ Բեռլին էր մեկնել իր 24 աշակերտների հետ դպրոցական ավարտական էքսկուրսիայի։ Մյուս ուսուցիչը ծանր վիրավոր է։ Աշակերտներից 14-ը վիրավոր են, 7-ի վիճակը ծանր է, հիվանդանոցում են, կան վիրավոր այլ հետիոտներ։ Հեսսենի դպրոցականների ծնողներին ու հարազատներին հոգեբանական ծառայություն է մատուցվում։

Բեռլինի ոստիկանությունը վարորդին նախ հասցրել է հիվանդանոց։ Ըստ երեւույթին խանութի ցուցափեղկին հարվածից հետո ապակու բեկորներից վնասվածք է ստացել, տեղում բժշկական ծառայություն ստանալուց հետո թարգմանչի օգնությամբ հարցաքննվում է։

Անահիտ ՀՈՎՍԵՓՅԱՆ

Գերմանիա

Հոդվածն ամբողջությամբ՝ «Ազգ» թերթի այս համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930