Լրահոս
Օրվա լրահոսը

Պետական պրագմատիզմն ընդդեմ հուզական քաղաքականության

Հունիս 11,2022 10:00

«Համախմբման», «միասնության», «ազգը մի բռունցք դարձնելու» մասին այս երեք տասնամյակների ընթացքում շատ է խոսվում: Սովորաբար, նման հրաշալի կոչեր անողները վերապահում են անում. «բայց այս հանցագործների, դավաճանների, թուրքահպատակների, ռուսահպատակների … հետ (ցանկը կարելի է շարունակել անվերջ), ես չեմ ուզում համախմբվել, նրանք ազգի եւ պետության թշնամիներն են»:

Պետությունը, սակայն, պահանջում է պրագմատիկ մոտեցումներ, մանավանդ, մեզ նման փոքր եւ բազմաթիվ խնդիրներ ունեցող պետությունը: Խոսքը գրկախառնվելու կամ համոզմունքները փոխելու մասին չէ. ես առաջարկում եմ գործելակերպը բնութագրող շատ ավելի կոպիտ հնչող բառ՝ «օգտագործել»: Այսինքն, եթե ձեւավորված է պետության շահը, սկզբունքը, ապա ամեն ինչ, մասնավորապես, հայերի եւ ոչ միայն հայերի հնարավորություններն օգտագործել այդ նպատակների համար:

Բերեմ ծայրահեղական օրինակ, որը շատերին դուր չի գա: Հայաստանցիների մի մասը հավանում է Սերժ Թանգյանին եւ հաճույքով է լսում նրա երգերը, մյուս՝ շատ ավելի փոքր մասը կարդացել է Անդրանիկ Միհրանյանի աշխատությունները եւ գտնում է, որ այնտեղ հետաքրքիր գաղափարներ կան: Ամերիկացին ցույցերի էր մասնակցում Փաշինյանի համար, ռուսաստանցին՝ Փաշինյանի դեմ: Հուզական, գերքաղաքականացված մոտեցումը դրդում է մեկին դրվատել, իսկ մյուսին՝ անիծել: Մինչդեռ պրագմատիկ, պետական մոտեցումը պահանջում է վերանալ անձնական քաղաքական համակրանք-հակակրանքներից եւ ծառայեցնել այդ մարդկանց մոտեցումները, նրանց ներուժը՝ պետական որոշակի խնդիրներ լուծելու համար: Ընդ որում՝ այդպես կարող են վարվել ոչ միայն իշխանավորները, այլեւ ցանկացած պետական մտածելակերպ ունեցող մարդիկ: Վերջերս նման օրինակ է տվել առաջին նախագահը: Դժվար է պատկերացնել, որ նա շատ է սիրում Ռոբերտ Քոչարյանին եւ Սերժ Սարգսյանին, կամ երազում էր պատգամավոր դառնալ: Բայց վերջին ընտրություններից առաջ նա նախկին նախագահներին առաջարկել էր միավորվել:

Իսկ ինչո՞ւ չմտածել, որ պետք է օգտագործել ՔՊ-ի, Դաշնակցության, ՀՀԿ-ի, բոլոր մնացած կուսակցությունների եւ հասարակական կառույցների ներուժը պետությունն ամրապնդելու համար: Պարզապես նրանց գործունեությունից, նրանց արտահայտած մտքերից անհրաժեշտ է զտել, քամել այն, ինչ կարող է օգտակար լինել պետությանը՝ քամուն տալով հուզական ու քարոզչական հարդը: Այո, այդ կուսակցությունների վերնախավերն այսօր ցանկանում են իրար քաղաքականապես ոչնչացնել: Իսկ այդ ուժերին հավատացող մարդի՞կ… Այստեղ տրամադրությունները կարող են տարբեր լինել:

Դա, կրկնեմ, չի նշանակում հրաժարվել համոզմունքներից: Ճիշտ հակառակը՝ սկզբունքները պետք է պարզ լինեն: Նրանց, ովքեր ցանկանում են Հայաստանը այս կամ այն ձեւով տեսնել Ռուսաստանի կազմում, պետք է համբերատար բացատրել, որ դա լուծում չէ, դրանից մենք չենք շահի: Նրանց, ովքեր ասում են, որ պետք է դուրս գալ ՀԱՊԿ-ից, ԵԱՏՄ-ից եւ այլն, արժե բարեկամաբար հուշել, որ դա վտանգավոր արկածախնդրություն է: Նրանց, ովքեր կարծում են, թե պետության ամենակարեւոր խնդիրն է նախկիններից վրեժ լուծելը, պետք է բացատրել, որ պետությունը շատ ավելի կարեւոր խնդիրներ ունի: Այդպիսի երկխոսության մեջ եմ ես տեսնում ազգի համախմբումը:

… «Իդեալիստներ» Հիտլերն ու Չեմբեռլենը աշխարհը հասցրեցին աղետալի պատերազմի: «Ռեալիստ» Չերչիլը, միավորվելով իր համար ատելի Ստալինի հետ, նպաստեց պատերազմի ավարտին:

Արամ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (2)

Պատասխանել

  1. Լավատես says:

    Տղամարդն ու կինը միավորվում են ընտանիքի մեջ, որ ստեղծեն իրենց տեսակի ապագա տղամարդ ու կին, ընտանիքները միավորվում են մի համայնքի մեջ, որ ստեղծեն իրենց տեսակի ընտանիքներ, համայնքները միավորվում են մի պետության մեջ, որ ստեղծեն իրենց տեսակի համայնքներ, պետությունները միավորվում են մի արքայության մեջ, որ ստեղծեն իրենց տեսակի պետություններ, արքայությունները միավորվում են մարդկության մեջ, որ ստեղծեն իրենց տեսակի արքայություններ, Երկրագնդի մարդկությունը միավորվում է Արեգակնային համակարգի այլմոլորակայինների հետ, որ ստեղծեն իրենց տեսակի մոլորակայինների աստղային համակարգ, .. Գալակտիկա, Մետագալակտիկա.. 🙂
    Զարգացումը նա է, երբ ընտանիքում երեխաներ են ծնվում եւ ինչքան շատ, այնքան մալադեց այդ ընտանիքին, երբ համայնքներում ընտանիքների թիվն աճում է, երբ պետություններում համայնքների թիվն աճում է, երբ արքայություններում պետությունների թիվն աճում է, երբ մարդկության արքայությունների թիվն աճում է, երբ մոլորակայինների թիվն աճում է, երբ .. Մոլորակայիններ բոլոր մոլորակների, միացե՛ք:)

  2. Ruben says:

    Եվ Հիտլերը, և Չեմբերլենը, և Չերչիլը և Ստալինը ղեկավար պաշտոններ էին զբաղեցնում և որոշումներ էին կայացնում իրենց երկրների տեղեկատվական, վերլուծական ծառայությունների (հատուկ ծառայությունների) արդյունքների հիման վրա։ Կառավարման պարզ մեխանիզմներ, որոնք բացակայում են ՀՀ-ում:
    Ուժային կառույցները միայն իրականացրել են պետությունների ղեկավարների պահանջները։ Օրինակ՝ Հայաստանի Հանրապետությունում ԱԱԾ-ն իրականացնում է խորհրդային միլիցիայի գործառույթների կեսի-կեսը, իսկ ՀՀ ոստիկանությունը դարձավ կառավարության անդամների անվտանգության կազմակերպություն։
    Ցանկանում եք գտնել ներու՞ժ: Սկսեք ազգանունից՝ նախնու անունից:
    Ազգանուն՝ անձի տոհմական անվանումը։ Տրվում է ծնվելուց կամ ամուսնանալուց հետո և փոխանցվում ժառանգաբար։ Ազգանունը հիմնականում առաջացել է նախնու անունից, որին ավելացվել է պատկանելաթյուն կամ ազգակցական կապ (որդի, դուստր) արտահայտող նախածանց կամ վերջածանց:
    Ազգանվան, հայրանվան օգնությամբ կարելի է որոշել, թե ով-ով է, և ումից։

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930