Լրահոս
Օրվա լրահոսը

Կորցրեցինք պատմական առիթը․ «Ազգ»

Հունիս 11,2022 09:30

Այո, ամեն ինչ կատարվում է փակ դռների հետեւում, «խաղաղության դարաշրջան» բացելու սնապարծ քողի տակ, մեկ Եվրոպայի, մեկ Ռուսաստանի, մեկ թուրք-թաթարների հետ կասկածելի շփումների ու բանակցությունների միջոցով, անձնատվական մթնոլորտում։

Մինչդեռ Արցախի մեր ժողովուրդը, շուրջ 100 հազար մեր հայրենակիցներ, ծվարած Ստեփանակերտի ու հարակից շրջանների մեջ, հույսը դրած ռուսական խաղաղապահ զորքի՝ առայժմ անորոշ ապագայով ներկայության վրա, սրտատրոփ ակնկալում է Հայաստանի եւ Սփյուռքի աջակցությունը, պահանջում՝ չլքել իրեն, պահանջում է չդավաճանել իրեն։

Այդ պահանջը նույնական է ողջ հայության եւ առավելաբար նրա մտածող, հայրենասեր զանգվածների զգացածի հետ։ Այն զանգվածների, որոնց տասնյակ հազարավոր ներկայացուցիչները, շուրջ երկու ամիս է արդեն, բողոքի երթեր ու հավաքներ են անում փողոցներում եւ հրապարակներում մեծ նվիրվածությամբ, դիմանալով ոստիկանության աննախադեպ վայրագություններին, պահանջելով ոչ միայն վարչապետի ու նրա իշխանության հեռացումը որպես պատճառ մեր երկիրը պատուհասած փորձանքների, այլեւ որպես խոչընդոտ ծանր իրավիճակից մեր երկիրը դուրս բերելու ճանապարհին։

Խելահաս,- պիտի ասեի՝ խելամիտ,- որեւէ իշխանություն պիտի օգտագործեր այդ ընդդիմության առկայությունը ի շահ պետության եւ ի հեճուկս օտարերկրյա ուժերի եւ առաջին հերթին՝ թուրք-թաթարների։ Պիտի օգտագործեր ընդդիմության բողոքի շարժումը՝ կասեցնելու կամ առնվազն հետաձգելու համար այն դիվային ծրագրերը, որոնց նպատակն է վերջնականապես չեզոքացնել Արցախը, սահմանագծման ու սահմանազատման աշխատանքների քողի տակ մեր երկրից,- Հայաստան եւ Արցախ,- հեռացնել ռուսական զորքերին, օրինականացնել արդեն իսկ կրծոտված մեր գերիշխան տարածքների, ընդհուպ՝ Սյունիքի հափշտակումը, վասալ պետության վերածել մեր երկիրը, անիմաստ ու անհետեւանք դարձնել մեր ազգային պահանջատիրությունը, արժանապատվությունը։

Նման ղեկավարության առաջին գործը պիտի լիներ ընդառաջ գնալ ընդդիմության պահանջին եւ հենց Ազգային ժողովում քննել-լուծում տալ ճակատագրական հարցերին, ի հարկին, եւ ինչո՞ւ ոչ, ընդդիմության կարծրթեւայիններից փորձառու որոշ մարդկանց ընդգրկել դժվարին բանակցություններում։

Մինչդեռ մենք դեռ երեկ լսեցինք, թե ինչպես էր երկրի արտգործնախարարը փորձում… վախեցնել Թուրքիայից Երեւան ժամանած Ռուսաստանի իր պաշտոնակցին, թե ի՜նչ եւ ինչե՜ր կպատահեն, եթե ընդդիմությունը հասնի իշխանության, իսկույն կչեղարկի նոյեմբերի 9-ի պայմանավորվածությունները։ Իրա՞վ։ Ո՜ւր էր թե նման քայլ կատարելու ուժ եւ կարողականություն մնացած լիներ։

Միով բանիվ՝ կորցրեցինք պատմական առիթը։ Կլինե՞ն այլ առիթներ, հազիվ թե։

Հակոբ ԱՎԵՏԻՔՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ՝ «Ազգ» թերթի այս համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930