Համացանցը խաբեբաների համար հրաշալի վայր է «զոհեր» գտնելու համար: Վերջին շրջանում խաբեությունների իրական շքերթ է, հայտնի ընկերությունների, կազմակերպությունների, խանութների անվան տակ «խաղարկություններ» են իրականացվում, «շահավետ» առաջարկներ արվում: Ու մինչ տեղեկատվական անվտանգության մասնագետները պարբերաբար իրազեկումներ են տեղադրում, զգուշացնում, որ քաղաքացիները չխաբվեն մեծ գումարներ աշխատելու կամ շահումներ ունենալու խոստումներին, շատերն ընկնում են խաբեբաների թակարդը: Այս ամենի հիմքում իրազեկվածության պակասն է, ինֆորմացիան ճշտելու անկարողությունը, թերահավատությունը, նորագույն տեխնոլոգիաներին հնարավորինս լավ ծանոթ չլինելը, բայց, իհարկե, ամենակարևորը՝ հեշտ գումար աշխատելու ցանկությունը:
«Սպառողների ասոցիացիա» ՀԿ փոխնախագահ, իրավաբան Սյուզաննա Չիլինգարյանը նշում է՝ եթե իքս ընկերությունից խաղարկությանը մասնակցելու մասին նամակ եք ստանում, ինֆորմացիան ստուգեք՝ տվյալ ընկերության պաշտոնական կայքէջ մտնելով կամ էլ այցելելով ընկերության գրասենյակ կամ մասնաճյուղ:
«Կարող են նաև զանգահարել և տեղեկանալ մանրամասներին: Շատ հնարավոր տարբերակ է, որ ընկերությունն անգամ տեղյակ չլինի, որ իր անունից նման խաղարկություն է իրականացվում: Սա նաև օգնություն կլինի նրան՝ տեղեկացնելու, որ իր անունը շահարկվում է, դրանից հետո կարող են պաշտոնական մեկնաբանություն ներկայացնել, բնականաբար, դիմել նաև իրավապահ մարմիններին: Քաղաքացու մոտ առաջին կասկածը պետք է հարուցի այն, երբ իրենից խաղարկությանը մասնակցելու կամ իբր շահումը ստանալու համար պահանջեն անձնական տվյալներ: Սա առաջին ահազանգն է, որը պետք է մարդուն սթափեցնի»,- «Փաստի» հետ զրույցում ասում է Չիլինգարյանը: Նշում է՝ համացանցում չկա վերահսկողություն և կանոնակարգում:
«Օրինակ՝ այսօր ֆեյսբուքում տարբեր խաղերի ու թեստերի անվան տակ կորզում են մարդու անձնական տվյալները՝ հեռախոսահամարները, անուն-ազգանունը, ծննդյան տարեթիվը, էլեկտրոնային հասցեները: Իսկ այս տվյալներով շատ հեշտ է գտնել մարդուն տարբեր սոցիալական ցանցերում, իսկ դրանք խաբեությունների համար ամենանպաստավոր տիրույթներն են»,-հավելում է մեր զրուցակիցն՝ ընդգծելով, որ մարդուն խաբելու ամենահեշտ տարբերակը նրան շահագրգռելն է, իհարկե, ֆինանսական տեսանկյունից:
Կարդացեք նաև
Լուսինե ԱՌԱՔԵԼՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում