Out of Opera փառատոնը դրսում եւ ներկայացումները շենքի ներսում չեն խանգարի միմյանց
Ամռան ամիսներին՝ շոգ եղանակով պայմանավորված, թատրոնները տարբեր ձեւաչափերով, այդ թվում՝ փառատոնային, հանդես են գալիս իրենց օջախներից դուրս։ Օրինակ՝ փոքրիկ Օրանժ քաղաքում, որն Ավինյոնից ընդամենը մի քանի մղոն է հեռու, սկսած 1869 թվականից, անցկացվում է Ֆրանսիայի ամենահին փառատոնը, ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության ցանկում ընդգրկված բացօթյա թատրոնում։ Այս ամռանը՝ հուլիսի 8-20-ը, փառատոնի շրջանակներում կներկայացվեն օպերային ներկայացումներ։ Իսկ 1913 թվականից ի վեր Արենա դի Վերոնա ամֆիթատրոնում տեղի են ունենում օպերային ներկայացումներ, ընդմիջվելով միայն պատերազմների ժամանակ։ Այստեղ ամեն տարի հունիսից մինչեւ օգոստոս ընկած ժամանակահատվածում ներկայացվում են մինչեւ 6 օպերային ներկայացումներ։ Այս տարի հանդիսատեսին կներկայացվեն համաշխարհային օպերային գրականության ընտիր նմուշներից «Տրավիատան», «Աիդան», «Կարմենն» ու «Նաբուկոն»։ Ի դեպ, Արենա դի Վերոնայում կայացած ներկայացումներին մասնակցել են նաեւ մեր ճանաչված օպերային երգիչները՝ բարիտոն Դավիթ Բաբայանցը եւ տենոր Հովհաննես Այվազյանը։
Մեր իրականությունում էլ ամռան ամիսներին, իհարկե, ոչ փառատոնային ձեւաչափով, մշակութային օջախները երբեմն տարբեր նախագծերով հանդես են եկել հայաստանյան պատմամշակութային հուշարձանների տարածքում, այդ թվում՝ Զվարթնոցում, Գառնիում եւ այլն։ Բայց դրանք եղել են մեկանգամյա։ Օրինակ, օպերային թատրոնը ընթացիկ տարում իրականացրել է բացօթյա միջոցառումներ, այդ թվում՝ ոգեկոչման համերգ Հայոց ցեղասպանության 107-րդ տարելիցի առիթով, համերգ թատրոնի երգչախմբի եւ նվագախմբի մասնակցությամբ, ինչպես նաեւ պոեզիայի համաշխարհային օրվան նվիրված երեկո, որտեղ թատրոնի պատշգամբներից հայ ժամանակակից պոետները ընթերցեցին իրենց գործերը։ Ընդ որում, այդ միջոցառումը ուղիղ հեռարձակվեց Ազատության հրապարակում տեղադրված էկրանից։
«Առավոտին» հասած տեղեկությունը, թե Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնը հուլիսի առաջին օրերից կիրականացնի իսկապես նախադեպը չունեցող փառատոն, մեզ հետ զրույցում հաստատեցին թատրոնի գլխավոր պրոդյուսեր Շմավոն Գրիգորյանը, մարքեթինգի եւ PR բաժնի ղեկավար Քրիստինե Գրիգորյանն ու մարքեթոլոգ Լուսինե Խաչատրյանը, նշելով, որ կայանալիք փառատոնը դիրիժոր, ՀՀ վաստակավոր արտիստ, օպերային թատրոնի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Կարեն Դուրգարյանի գաղափարն է։ «Փառատոնը կանցկացվի հուլիսի 2-7-ը, «Out of Opera» («Օպերայից դուրս») խորագրով։ Նախագծի շրջանակներում մեկը մյուսից տարբեր բացօթյա ձեւաչափով երեկոների անցկացման նպատակով շուրջ 300 հանդիսատեսի համար նախատեսել ենք ստեղծել ժամանակավոր ամֆիթատրոն՝ օպերային թատրոնի ծառայողական մուտքի հարեւանությամբ»,- հայտնեց Շմավոն Գրիգորյանը։ Հավելեց նաեւ, թե փառատոնի նպատակն է կոտրել կարծրատիպեր՝ ներկայացնելով օպերան այլ տեսանկյունից, իսկ ծրագրված միջոցառումներն ունեն մի ընդհանուր բան՝ դրանք օպերայի սահմաններից ու ստանդարտներից դուրս են։ Խնդրեցինք ներկայացնել փառատոնային օրերի ծրագիրը։
Կարդացեք նաև
Քրիստինե Գրիգորյանը նշեց, որ այն մանրամասն ներկայացնելու համար երկար ժամանակ կպահանջվի, այնուամենայնիվ, հակիրճ տեղեկացրեց. «Նախատեսված է ներկայացնել Պիացոլայի «Մարիա դե Բուենոս Այրես» օպերա-տանգոյի համերգային կատարումը, Կառլ Օրֆի հանրահայտ «Կարմինա Բուրանա» կանտատը, նախատեսված է անվանի ջութակահար, Գինեսի ռեկորդակիր Նիկոլայ Մադոյանի համերգը, կկայանա նաեւ «Տենորներն ընդդեմ բասերի» համերգ-մրցույթը, որի հաղթողը կորոշվի տեղում։ Կլինի նաեւ օպերային թատրոնի խաղացանկային ներկայացումների վառ կերպարային հագուստների ցուցադրություն, ճանաչված դիզայներ-ոճաբան Արամ Նիկոլյանն էլ կցուցադրի իր նոր հավաքածուն եւ այլն։ Սա դեռ ամենը չէ։ Ասեմ նաեւ, որ որոշ երեկոների կմասնակցի թատրոնի երգչախումբը (գլխավոր խմբավար՝ Հրաչյա Բորյան) եւ, իհարկե, նվագախումբը՝ մաեստրո Կարեն Դուրգարյանի ղեկավարությամբ»։
Լուսինե Խաչատրյանն էլ հայտնեց, որ բացօթյա միջոցառումները բնականաբար կուղեկցվեն լուսաձայնային շքեղ էֆեկտներով։ Դիտարկմանը՝ կարելի է ենթադրել, որ փառատոնային օրերին թատրոնում ներկայացումներ չեն ընթանալու, Շմավոն Գրիգորյանը ընդամենն ասաց, որ միջոցառումների գրաֆիկն այնպես է կազմված, որ մեկը մյուսին չի խանգարի։
Սամվել ԴԱՆԻԵԼՅԱՆ
Գլխավոր լուսանկարում՝ Քրիստինե Գրիգորյանը, Շմավոն Գրիգորյանը եւ Լուսինե Խաչատրյանը։
«Առավոտ» օրաթերթ
10.06.2022