Ճանաչված էստրադային երգիչ, դերասան, երգահան եւ պրոդյուսեր Ֆիլիպ Կիրկորովը մարմնավորել է ռուսական կայսր Պետրոս Առաջինին` սքրինլայֆ ձեւաչափով նկարահանված պատմակատակերգական վեբ-սերիալում:
BAZELEVS ընկերության մամուլի ծառայության հաղորդմամբ, նախագծի պրեմիերան կայացել է օրերս` կայսեր 350-ամյակին նվիրված միջոցառման շրջանակներում:
«Մենք փորձել ենք պատմական հայտնի իրադարձությունները վերապատմել այնպես, ինչպես երբեւէ որեւէ մեկը չի արել` մեզանից բացի: Մենք ներկայացրել ենք պատմությունը համակարգիչների եւ սմարթֆոնների էկրաններից` օնլայն տարածքում, սոցցանցերի վիզուալ լեզվով: Նախագիծը մի կողմից կարողացել է պահպանել ուշադրությունը եւ հետաքրքրությունը պատմական անցքերի վերաբերյալ, մյուս կողմից՝ ձեռք է բերել համացանցային մշակույթին բնորոշ հեգնանք: Մենք շահագրգիռ ենք այս կերպ փորձել ներկայացնել նաեւ պատմական ուշագրավ այլ դրվագներ եւս»,- BAZELEVS ընկերության գլխավոր պրոդյուսեր Լալա Ռուսամովայի խոսքը մեջբերել է ընկերության մամուլի ծառայությունը:
Նախագծի պրեմիերան կայացել է հայտնի «Օդնոկլասնիկ» հարթակում: Կատակերգական վեբ-սերիալի գլխավոր հերոս Պետրոս Առաջինը վիդեո բլոգ է վարում, օնլայն քարտեզների միջոցով երթուղի է գծում դեպի Եվրոպա, համացանցային նամակագրության մեջ է պատմական այլ դեմքերի հետ: Ինչպես արդեն նշեցինք, Պետրոս Առաջինին մարմնավորել է Ֆիլիպ Կիրկորովը:
Կարդացեք նաև
«Կայսեր «մաշկի մեջ մտնելը» հեշտ էր, քանի որ նա իրեն պահում է այնպես, ինչպես ցանկացած ժամանակակից հայտնի մարդ: Կայսրը շատ ակտիվ է սոցիալական ցանցերում, անձնական նամակներ է գրում իր աստղային ընկերներին սոցիալական տարբեր հարթակներում, գնում է հյուրախաղերի: Ինչ վերաբերում է կայսեր հետ արտաքին նմանությանը, նշեմ, որ երկար տարիներ Պետրոս Առաջինի կերպարն ու «բրենդը» «հետապնդել» են ինձ, միշտ ոգեւորվել եմ նրանով, դրա համար էլ ավանդաբար բազմաթիվ կինո եւ հեռուստատեսային նախագծերում հաջողությամբ խաղացել եմ նրա դերը»,-գրել է Ֆիլիպ Կիրկորովը:
«Առավոտ» օրաթերթ
10.06.2022