Այսօր՝ հունիսի 10-ին, Լոռու մարզի առաջին ատյանի դատարանի Սպիտակի նստավայրում նշանակված էր Մամիկոն Ասլանյանի վերաբերյալ գործով առաջին դատական նիստը: Նիստի ժամանակ քննվեց նրա նկատմամբ որպես խափանման միջոց ընտրված կալանավորումն անփոփոխ թողնելու, փոփոխելու կամ վերացնելու հարցը:
Մեղադրող դատախազ Նարեկ Մովսիսյանն ասաց, թե Ասլանյանը կարող է խոչընդոտել դատաքննությանը, օգտագործել նախկին համայնքապետի իր դիրքն ու ունեցած կապերը, ազդեցություն ունենալով գործին առնչվող տեղեկություններ ունեցող անձանց վրա։ Հետեւաբար պետք է մնա կալանքի տակ. «Գործի կոնկրետ հանգամանքները մեղադրյալ Մամիկոն Ասլանյանին վերաբերվող ենթադրյալ հանցավոր արարքների բնույթը, հանրային վտանգավորության աստիճանը բարձրացնում են հավանականությունը, որ նա ազատության մեջ հայտնվելով կարող է խոչընդոտել դատարանում գործի քննությանը՝ քրեական դատավարության մասնակցող անձանց նկատմամբ անօրինական ազդեցություն գործադրելու եղանակով»,- ասաց դատախազը:
Մինչդեռ Ասլանյանի պաշտպանները հակադարձեցին, նշելով, որ վկաները հարցաքննվել են եւ նրանցից որեւէ մեկը նախկին համայնքապետի դեմ ցուցմունք չի տվել. «Եթե անձը մեղադրանքը հերքող ցուցմունք է տվել, Մամիկոն Ասլանյանն ազատության մեջ մնալով պետք է գնա այդ անձի վրա ազդեցություն ունենա, որ գա իր դեմ ցուցմունք տա՞», – ասաց պաշտպաններից Արտակ Ոսկանյանը:
Կարդացեք նաև
Մամիկոն Ասլանյանն էլ տեղեկացրեց, որ դեռեւս իր պաշտոնավարման ժամանակ, երբ իր դեմ հարուցվել էր քրեական գործը ինքը չի խոչընդոտել եւ տրամադրել է գործին վերաբերվող անհրաժեշտ նյութեր. «Վկաների մեջ չկա գեթ մեկ ցուցմունք, որը կարար ինձ հակադրվեր ու ես կարող էի խոչընդոտել: Մանավանդ, որ մինչեւ հոկտեմբերի 10-ը ես եղել եմ համայնքի ղեկավար եւ այդ ժամանակ կարող էի եւ՛ խոչընդոտել, եւ՛ քրեական գործին վերաբերվող որեւէ նյութ չտալ»,- իր խոսքում ասաց Մամիկոն Ասլանյանը:
Հիշեցնենք, որ Ասլանյանը մեղադրվում է պաշտոնեական դիրքը չարաշահելու մեջ: Նախկին քաղաքապետը կալանավորվեց դեկտեմբերին տեղի ունեցած ՏԻՄ ընտրություններից հետո: Եվ արդեն կես տարի է ինչ կալանավորված է:
Մամիկոն Ասլանյանի կալանքի ժամկետը երկարացնելու կամ գրավով ազատ արձակելու որոշումը կկայացվի հունիսի 13-ին:
Տաթեւիկ ՂԱԶԱՐՅԱՆ